ՄԱՐՏԻ 10-ԻՆ ՀԱՐՑԸ ԿԴՐՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը զրուցել է 2008թ. մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի եւ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ:
ՍԱՐԳԻՍ ՔԼՈՅԱՆ
-Պարո՛ն Քլոյան, Ձեր որդու մահվան դեպքից արդեն 5 տարի է անցել, ու մինչ օրս բացահայտված չէ, թե ովքեր են նրան սպանել: Դուք ի՞նչ եք կարծում, ե՞րբ է, ի վերջո, բացահայտվելու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունը: 
-Դե ո՞նց կբացահայտվի: Այդ ամենը բացահայտված է, մնում է ասեն, թե ովքեր են մեղավորները, ովքեր են հրաման տվողները: Իհարկե չեն ասի, որովհետեւ, ինչպես ասում են, այն ճյուղը, որի վրա նստած են, երբեք չեն կտրում: Արդեն շուրջ 5 տարի է, ինչ թաքցնում են այդ հանցագործներին ու շարունակելու են թաքցնել: Ես միայն մի բան կարող եմ ասել, որ մինչեւ իշխանափոխություն չլինի, ոչ մի հանցագործություն չի բացահայտվի: Մարտի 1-ը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո:
-Դեռեւս անցյալ տարի՝ դեկտեմբերին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում որոշում կայացվեց հետաձգել մարտի 1-ի հարցերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի նախագծի քննարկումը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ամենից:
-Ես հանդիպել եմ Գագիկ Ջհանգիրյանի հետ, նա ասել է, որ մարտի 10-ին իրենք այդ հարցը դնելու են շրջանառության մեջ՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար: Կգա մարտի 10-ը, կտեսնենք՝ իրականություն կդառնա, թե ոչ: Ես ուրիշ բան չգիտեմ: Բայց թե հանձնաժողովը կաշխատի մի տարի, թե երկու տարի, ես դրա մասին ոչինչ չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ Գ. Ջհանգիրյանը լավ իրավաբան է, ամեն ինչ կբացահայտի, կդնի սեղանի վրա, իսկ այս իշխանությունները դարձյալ կասեն՝ անհիմն է: Նորից մեղավորներին չեն պատժելու: ՀԱԿ-ը խոստացել է այդ հարցն ընտրություններից հետո դնել շրջանառության մեջ, բայց ասեմ, որ ես որեւէ հույս չունեմ: Եթե այս իշխանությունները մնան եւս 5 տարի, ապա եւս 5 տարի չի բացահայտվելու, թե ովքեր են հրաման տվողները:
-Կարելի է եզրակացնել, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի շատ արագ “փակեն” հանցագործությունն ու այնպես անեն, որ զոհվածների հարազատները մոռանան կատարվածը:
-Դե ինչքան էլ որ պայքարում ենք, ասում ենք, խոսում ենք, ուղղակի ժամանակ է խլում մեզանից: Մենք դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու ինչ-որ փոքր հույսեր ունենք այդ դատարանից: Դա է մեզ մխիթարում, էլ ոչ մի բան:
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
-Պարո՛ն Նիկոյան, այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործության 5-րդ տարին, Դուք՝ որպես մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այդպես էլ չբացահայտվեց այդ ոճրագործությունը:
-Խնդիրն այն է, որ մինչեւ այժմ էլ, ցավոք սրտի, այդ հարցը մնում է չբացահայտված. ե՛ւ փաստահավաք խումբը, ե՛ւ պառլամենտական հանձնաժողովը չկարողացան դա բացահայտել: Եթե կարդաք հանձնաժողովի զեկույցը, այնտեղ նշվում է, որ այս հարցը մնում է բաց, չբացահայտված, եւ կոչ է անում ստեղծել մոնիթորինգային հանձնաժողով, որը կզբաղվեր դրանով, որ պատկան մարմինները պետք է շարունակեն իրենց քննչական գործողությունները, որպեսզի կարողանան բացահայտել: Այսինքն՝ դա զուտ իրավական դաշտի խնդիրն է, ոստիկանության, դատախազության խնդիրն է:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում այս 5 տարիների ընթացքում բացահայտել այդ գործը:
-Դե դիմե՛ք նրանց, թե ինչն է պատճառը, որ չեն կարողացել բացահայտել:
Գուցե գործը լավ չե՞ք ուսումնասիրել, բացատրել իրավապահներին…
-Ես չեմ կարող դրան պատասխանել իրենց փոխարեն, ես ուղղակի նշեցի, որ հանձնաժողովը ֆիքսել է, որ դա չի բացահայտվել, եւ առաջարկել է այդ ուղղությամբ աշխատանքները շարունակել:
-Իսկ գուցե իշխանությունները ցանկություն չունե՞ն բացահայտել իրական մեղավորներին:
-Դուք հարցրե՛ք նրանց, ես չեմ կարող պատասխանել նրանց փոխարեն. կարծում եմ՝ ցանկություն ունեն, ուղղակիորեն դա չեն կարողանում:
-Չե՞ք կարծում, որ անմեղ զոհերի արյան գնով կառուցած իշխանությունը երկար կյանք չի ունենալու:
-Իհարկե, յուրաքանչյուր իշխանության համար ցանկալի կլինի, որ դա բացահայտվեր, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց տեղերը դրվեին: Այսքանը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 490 համար




Լրահոս