Երաժիշտ ՍԵՎԱԴԱ ՇՀՈՅԱՆԸ Հայաստանում միակ կլառնետահարների քառյակի հիմնադիրն է: Ծնվել է Վարդենիս քաղաքում երաժիշտ-մանկավարժի ընտանիքում, ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ծառայել ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ զինվորական ցուցադրական նվագախմբում, այնուհետեւ ուսումը շարունակել Կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Սովորել է վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի դասարանում: Տիրապետում է երկու գործիքի` կլառնետ եւ սաքսոֆոն: Կլառնետ է նվագում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում, իսկ սաքսոֆոն` հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոջազ նվագախմբում: Դասավանդում է Երեւանի պետական կոնսերվատորիայում եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, դոցենտ է: Ունի բազմաթիվ աշակերտներ, որոնք մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների ու փառատոների:
-Հայաստանում հնարավո՞ր է դասական արվեստով` միայն բեմում ելույթ ունենալով, գումար վաստակել:
-Միայն բեմում ոչ: Այսօր մենք բեմում միայն ներկայանում ենք եւ հաճախ բեմի վարձակալության հարցերը մեր գրպանից վճարում: Եթե հովանավորություն չլինի, շատ դժվար է:
-Մասնավոր աշակերտներ ունե՞ք:
-Շատ ունեմ ու միշտ ունեցել եմ: Մի մասը սովորում է, մյուս մասը դիմորդներ են: Հետո մի բան ասեմ, երաժշտությամբ զբաղվելը չի կարող ստիպողաբար լինել: Դեմ եմ, երբ ծնողները պարտադրողաբար են տանում երեխաներին դասերի: Նվագելու համար պետք է ձգտում եւ շնորհք ունենալ:
-Ձեր պարագայում ինչպե՞ս է եղել:
-Մեր ընտանիքում բոլորս երաժիշտներ ենք, ճիշտ է, եղբայրս` Սեւակ Շհոյանը, փոխեց մասնագիտությունը, բարձրակարգ իրավաբան է, բայց եւ այնպես տիրապետում է մի քանի գործիքների, մասնակցել է նաեւ տարբեր միջազգային մրցույթների: Հիմա Գեղարքունիքի մարզում դատախազ է, փայլուն տիրապետում է դաշնամուրին եւ ակուստիկ կիթառին: Ինքը նույնիսկ որպես դաշնակահար նվագակցել է ինձ: Քույրս եւ մայրս նույնպես երաժիշտ են, խմբավար, դաշնակահար: Մայրս բազմաթիվ երգերի հեղինակ է` նվիրված մեր հերոսներին, Վարդենիս քաղաքի հիմնի հեղինակն է, այն շուտով կներկայացվի փողային նվագախմբով:
Ես երաժշտությամբ զբաղվել եմ 4 տարեկանից, 6 տարեկանում Թիֆլիսում մասնակցել եմ մրցույթի: Զբաղվել եմ նաեւ սպորտով՝ հունահռոմեական ըմբշամարտով, մասնակցել եմ հանրապետական մրցույթների, ունեմ մրցանակներ տարբեր քաշային կարգերում: Մեր ընտանիքից միայն հայրս մասնագիտությամբ երաժիշտ չէ, անասնաբույժ-կենսաբան է, Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի դոցենտ, բայց նվագում էր կլառնետ, ես էլ սիրահարվեցի այդ գործիքին ու որոշեցի շարունակել:
-Կլառնետն ի՞նչ ծագում ունի:
-Գերմանական գործիք է, 300 տարի առաջ է ստեղծվել: Կլառնետն օգտագործում են աշխարհի համարյա թե բոլոր երկրներում: Դրանով նույնիսկ ջազ են նվագում: Գեղեցիկ գործիք է, մեջը շատ գույներ է ընդգրկում…
-Հայաստանում փողային գործիքների վրա նվագել ցանկացողների թիվը շա՞տ է:
-Կլառնետն ու սաքսոֆոնն այսօր պոպուլյար ու օգտագործվող գործիքներ են, ինչը չես ասի ֆագոտի, տրոմբոնի կամ ֆլեյտայի մասին, որոնք միայն նվագախմբերում են օգտագործվում: Իսկ սաքսոֆոնը հաճախ օգտագործվում է սրճարաններում, ակումբներում, կլառնետը` նաեւ ռեստորաններում, էլ ինչ հայկական հարսանիք առանց կլառնետի:
-Նմանատիպ միջոցառումների հրավերներ ունենո՞ւմ եք:
-Իհարկե, եթե հրավերներ չլինեին, չէի կարող իմ գործունեությունը ծավալել:
-Գիտեմ նաեւ, որ կլառնետահարների եւ սաքսոֆոնահարների քառյակների հիմնադիր եք:
-Կլառնետահարների քառյակը հիմնադրվել է մեր լուսահոգի Աբգար Մուրադյանի դասարանի սաներով, արդեն 3-րդ տարին է: Մտադրությունը վաղուց կար, ու մեր ուսուցչի մահվան տարելիցին որոշեցինք հանդես գալ ե՛ւ անհատ կատարումներով, ե՛ւ քառյակով: Մեր առաջին համերգը եղավ մեր վարպետի հիշատակին: Այնուհետեւ մենք ունեցանք բարեգործական համերգներ գյուղերի դպրոցներում: Մենք ընդգրկել ենք մեր ծրագրում հայ կոմպոզիտորների, նաեւ Կոմիտաս, եւ զարմանալին այն է, որ մեր կատարումների ժամանակ գյուղի ուսուցիչները, աշակերտները մեզ ձայնակցում են: Ճիշտ է, մեր ծախսերով ենք գնում, բայց եւ այնպես ուրախանում ենք, երբ նման ընդունելություն ենք տեսնում:
–Քառյակն արտերկրում մասնակցե՞լ է համերգների:
-Հրավերներ ունենք, բայց ինքներս այդքան ծախս անել չենք կարող: Հանդես ենք եկել բազմաթիվ միջոցառումների: Անվանում դեռ չունենք, բայց մեր մասին գիտեն ՀՀ մշակույթի նախարարությունում, հաճախ ենք նախարարի ներկայությամբ ելույթ ունեցել:
-Իսկ օգնության ձեռք ոչ ոք չի՞ մեկնում:
-Առայժմ ոչ մեկից ոչինչ չենք խնդրել, գուցե երբ գա ժամանակը, երբ լուրջ փառատոնի գնալու հրավեր լինի, դիմենք:
-Եթե շարունակեք լռել, դժվար թե որեւէ մեկը ձեզ օգնի:
-Դեռ կարողանում ենք մեր միջոցներով ու ծանոթներով հարց լուծել, օրինակ՝ համերգասրահի վարձակալության հարցը, մեզ շատ անգամ նաեւ անվճար են տրամադրում: Մեր հիմնական ծրագիրը Կոմիտասն է, ուր էլ մեզ հրավիրում են, մենք մի նոր գործ ենք ներկայացնում, պրոպագանդում ենք հայ արվեստը:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ