Իշխանությունները հազարավոր դոլարներն անտեղի ծախսեցին. որն էր շտապելու պատճառը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հանդես է եկել հայտարարությամբ եւ իր պաշտոնական կայքէջում հրապարակել է էլէներգիայի սակագինը  բարձրացնելու որոշման վերաբերյալ «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերության եզրակացությունը: Նշված եզրակացության համաձայն՝ էլէներգիայի սակագնի բարձրացումը եղել է հիմնավորված: Ըստ եզրակացության՝ Հայաստանի միակ էներգամատակարարը հայտնվել է դեֆոլտի եզրին, եւ ստեղծված իրավիճակը սպառնում է ողջ երկրի էներգահամակարգի կայունությանը: Մի խոսքով, վերը նշված եզրակացությունը նույնությամբ կրկնել է ժամանակին նույն ՀԾԿՀ-ի ղեկավարության հնչեցրած փաստարկներն առ այն, որ սակագնի բարձրացումն անխուսափելի է: Հրապարակված փաստաթուղթը գործնականում ոչնչով չհիմնավորված դատողությունների եւ եզրակացության կույտ է, որի համար ո՛չ մրցույթ հայտարարելու եւ ո՛չ էլ գումար ծախսելու կարիք չկար:

Այն կարող էր գրել նաեւ ՀԾԿՀ-ի աշխատակազմի ստաժորներից որեւէ մեկը: Բայց ողջ խնդիրն այն է, որ այս «թղթի սեւացման» համար պետբյուջեից բավականին կլորիկ գումար է ծախսվել` 230 հազար դոլար: Ի դեպ, ՀԾԿՀ-ն ակնհայտ շտապողականություն է դրսեւորում, ինչի նպատակը թերեւս այն է, որ մինչեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործարքի պաշտոնապես կայացումը սակագնի հետ կապված «պատմությունն» ավարտեն: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները շտապում են, որպեսզի ՀԷՑ-ն արդեն իսկ բարձրացված սակագնով հանձնվի նոր սեփականատիրոջը: Ուստի ամենեւին էլ պատահական չէր, որ արդեն երեկ՝ երեկոյան, «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը պաշտոնապես հաստատեց, որ ՀԷՑ-ի՝ իրեն պատկանող բաժնետոմսերը վաճառել է «Տաշիր գրուպ» ընկերությանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս