«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանական գնդակոծության պատճառով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 23 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվել: Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ գնդակոծվող խաղողի այգիները պատկանում են 43 այգեհովիտցու: Նրա խոսքերով՝ այդ այգիներից նախատեսվում էր հավաքել նվազագույնը 150 տոննա խաղող: Լ. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք կսպասեն եւս մի քանի օր, ապա բերքը հավաքելու հնարավորության բացակայության դեպքում կդիմեն Տավուշի մարզպետարան, որպեսզի այդ այգիների տերերին պետական փոխհատուցում տրվի:
Նշված այգիների տերերից 12-ը խաղողի հանձնման պայմանագիր ունեն Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ, մնացածներն իրենց բերքը պետք է հանձնեին Իջեւանի, Այգեպարի եւ Դեբեդավանի գործարաններ: Գյուղի ցածրադիր հատվածում գտնվող Ուռի հողերում, խաղողի բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է այգեհովտցի Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին էլ նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան է ադրբեջանական դիպուկահարի կրակից մեծ չափով վնասվել: Գյուղացիների հետ զրույցներից տեղեկացանք, որ Ուռի հողերի դեմ-դիմաց ադրբեջանցիները բարձրախոսներով կրկնում են հակահայկական քարոզչական տեքստեր:
Ձայնագրված այդ տեքստերում ադրբեջանցիները հայերենով հայտարարում են, որ թույլ չեն տա բերքահավաք կատարել, որ հայերն ադրբեջանցիների հողերն են զբաղեցրել եւ այլն: Գյուղապետ Գրիգորյանը հաստատեց այս իրողությունը՝ հավելելով, որ ադրբեջանցիների քարոզչությունը չի ազդում իր համագյուղացիների վրա, քանի որ արդեն 25 տարի իրենք ապրում են պատերազմական առօրյայով: Նրա կարծիքով ադրբեջանցիների քարոզչությունը վկայում է վերջիններիս հուսահատական վիճակի մասին եւ նկատեց՝ «արջն իր ահից է գոռում»: Նշենք, որ ադրբեջանական կողմը հակահայկական նմանատիպ քարոզչություն իրականացրել է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղում:
Բարեկամավանի դիրքերը պաշտպանող հայ զինծառայողները հայերեն լեզվով նույնաբովանդակ կոչեր են լսել ինչպես այս, այնպես էլ անցած տարի: Բարձրախոսներից հայ սահմանապահներին կոչ է արվել լքել դիրքերը եւ անցնել Ադրբեջանի տարածք: Ազերիները սահմանը հատելու, Ադրբեջան անցնելու համար նույնիսկ ժամկետ են տվել` 3 օր: Դեռեւս ֆաշիստական Գերմանիայի կողմից լայնորեն կիրառված քարոզչության այդ ձեւը, սակայն, Հայաստանի սահմանագոտում հետեւանքներ չի ունենում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: