ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԵԿԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՈՒՂՂՈՐԴԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն չորրորդ օրն է՝ մի շարք ուսանողներ, բոյկոտելով ընտրությունների արդյունքները, շարունակում են դասադուլի կոչերով հանդես գալ: Ու այդ ակցիան տարաբնույթ որակումների տեղիք է տվել. շատերը պնդում են, որ նրանք ուսանողներ չեն, ինչ-որ ուժերի կողմից կառավարվող երիտասարդներ են, իսկ ոմանք էլ կարծում են, որ նրանք անկեղծորեն պայքարում են ընտրակեղծիքների ինստիտուտի դեմ:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ դասադուլները, որոնք իրականացվում են, անկե՞ղծ են, թե՞ երիտասարդները քաղաքական տանիք ունեն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկացած հասարակական շարժում ունենում է դրդապատճառներ: Դրանց առկայության դեպքում (մեզանում անթիվ ու անքանակ են) բնական է ակնկալել հասարակական արձագանք: Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ է՝ կային ուսանողներ, բայց չկար ուսանողություն: Իսկ այդ “կազմակերպված”, “ներքաշած” եւ նման այլ որակումներն ավելի լավ է օգտագործել հանցագործների նկատմամբ: Երբ երկրում գործում են Սահմանադրությունը եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, մեռելածին խորհուրդների (ուսխորհուրդ, հանրային եւ այլն) կարիք չի լինում:
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
դերասան 
ՊԱՏԱՍԽԱՆ. Դասադուլները համարում եմ քաղաքացիական նախաձեռնությունների տիպիկ դրսեւորումներ, որոնք տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ ՀՀ քաղաքացիները ընտրությունների ժամանակ ցույց տվեցին իրենց դիրքորոշումը: Իմ կարծիքով՝ Հայաստանում այլեւս ոչ մեկին հնարավոր չէ ուղղորդել, եւ երիտասարդները ցույց տվեցին, որ ուղղորդվող չեն: Ուսխորհրդի անդամները դեռ ուսանողները չեն: Մենք լավ գիտենք, որ ուսխորհրդի անդամները Հանրապետական կուսակցության զոմբիացված կառույցներն են: Եղել են դեպքեր, երբ տեսել ենք ու լսել, թե ինչպես են ուսանողներին ստիպել դասերից դուրս գալ եւ մասնակցել Սերժ Սարգսյանի նախընտրական հավաքներին, ահա այստեղ պետք է տեսնել իրական խախտումը:
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ
իրավապաշտպան 
ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսանող երիտասարդությունը բոլոր հիմքերն ունի կտրականապես մերժելու մեզանում կուտակված եւ քաղաքակիրթ երկրի համար անընդունելի բազմաթիվ երեւույթները, որոնք դրսեւորվել են նաեւ վերջին նախագահական ընտրություններում: Դասադուլը, ծայրահեղ միջոց լինելով, միանգամայն համարժեք է մերժողականության աստիճանին: Միգուցե եթե բուհերում մթնոլորտն ավելի առողջ լիներ, տարբերվեր այլ ոլորտներից, երիտասարդներն էլ բողոքի համար ուրիշ ձեւեր կընտրեին: Ուզում եմ հավատալ, որ դասադուլի եւ այլ ակցիաների դիմած երիտասարդների մոտ կա դիմադրողականություն նորաթուխ “պոպգապոնների” նկատմամբ:
ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս