Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց խորհրդատվական ընկերության առաջին փուլի ուսումնասիրությունները:
Վերջինս նշեց, որ ՀՀ-ն սակագների համեմատության առումով գտնվում է նախավերջին տեղում, ամենաթանկ սակագինն ունի Մոլդովան: Նրա խոսքով` ի տարբերություն այլ երկրների, ՀՀ-ն չունի խաչաձև սուբսիդավորման հնարավորություն:
Վարչապետն իր հերթին նշեց, որ սակագները հիմնավորված են, սակայն կառավարությունը կանի ամեն ինչ, որ սակագնի բարձրացումը խոչընդոտ չլինի: Հովիկ Աբրահամյանը ասաց, որ հասարակությանը հուզում է ՀԷՑ-ի կառավարման հարցը և հավելեց, որ այս իրավիճակում հրամայական է դարձել նոր, ժամանակակից համակարգերի ներդրումը:
«Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը:
Քանի որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող Կասկադ-Էներգո ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «ԻՆՏԵՐ ՌԱՈ» ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «ԻՆՏԵՐ ՌԱՈ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը», – նշեց նա:
Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նաև իրենց մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը: Հանձնարարում եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով», – եզրափակեց նա: