«Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, կարծում եմ մոտակա ժամանակ խելքը գլուխը կհավաքի, իսկ ինչ կապված է ընդհանուր վիճակի հետ, ապա գիտեք ինչ իրենք արդեն անցել են բոլոր սահմանները»: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով` Ադրբեջանը խախտում է իր իսկ կողմից ստանձնած պայմանագրերը: «Այսինքն ստացվում է, որ միջազգային համաձայնագիրը, իր համար ոչինչ է: Այսինքն նույն վարվելակերպն է, որը այսօր վարում են տարբեր ահաբեկչական կազմակերպություններ, նույն ձեռագիրը, մարդկանց սպանել, հուշարձաններ ոչնչացնել»,- հավելեց նա:
Նա հայտարարեց, որ Ադրբեջանն իր այս քայլերով մոտեցնում է, որպեսզի հասունանա ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին` Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ հարցը մշտապես իրենց մտահոգում է: « Մենք միշտ ասել ենք, որ մտահոգիչ է, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին, ապա ՀԱՊԿ-ին չենք պարտադրում», – ասաց փոխարտգործնախարարը: