ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է գլխավոր դատախազություն` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելու միջնորդությամբ: Մինչդեռ իրականում կոմիտեն միջնորդել է մարզպետի որդու խափանման միջոցը վերացնել:
Այսպիսով մարզպետը հասավ նրան, որ քննիչները տուժող կողմի «թե»-ական խոսքի հիման վրա որոշեցին Տ.Խաչատրյանին ազատ արձակել: Բայց քանի որ նրանք «լավ պատրաստված» պրոֆեսիոնալներ են, ցանկանում են «գործը գլխից փակել»՝ ընդհանրապես ընտրված խափանման միջոց կալանքի թեման վերացնել ասպարեզից, այլ ոչ թե խնդիրը լուծել գրավի միջնորդությամբ կամ ստորագրությամբ: Դատելով իրավիճակից՝ ավելի ուշ նաեւ կլսենք, որ մարզպետի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել քննչական կոմիտեի կողմից: Մարզպետն ամեն գնով փորձում է հասնել իր նպատակին:
Եւ հիմա Գ. Կոստանյանի սկզբունքայնությունն առավել ցայտուն կերեւա. արդյո՞ք նա «երեւի»-ով, «գուցե»-ով գործածվող նախադասության հիման վրա ազատ կարձակի Սյունիքի մարզպետի որդուն, թե՞ կշարունակի արդարության որոնումը: Ինչպես հայտնի է՝ տուժող Հարություն Զաքարյանը գործով մեղադրյալ Յուրայի հետ առերես հարցաքննման ժամանակ ասել է, թե չի հիշում՝ գուցե իր աչքին հարվածել է Յուրան, ոչ թե Տիգրանը: Քննիչներն էլ որոշել են, որ Հ. Զաքարյանը ցուցմունք է փոխել, եւ խեղճ մարզպետի որդին անարդար ձեւով գտնվում է կալանքի տակ:
Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազի մտերմությունը մարզպետի հետ կնպաստի գործի նման ելքի ապահովմանը, Գ. Կոստանյանը հայտարարեց. «Որեւէ մտերիմ, ոչ մտերիմ, թշնամական, բարեկամական կամ, չգիտեմ, ցանկացած այլ դրսեւորմամբ հարաբերություններ չունեմ եւ չեմ էլ ունեցել: Ես չունեմ կանխակալ վերաբերմունք որեւէ անձի խափանման միջոցի վերաբերյալ: Չունեմ հարաբերություն, եւ Խաչատրյանների ընտանիքն ինձ համար բոլոր ընտանիքների նման ընտանիք է»:
Այն, որ Սյունիքի մարզպետը, վայելելով իշխանությունների հովանավորությունը, ՀՀ-ում մշտապես կարողանում է հաղթող դուրս գալ, թերեւս անքննարկելի իրողություն է: Իսկ ի՞նչ զարգացումներ են սպասվում ՄԻԵԴ-ում: Ինչպես արդեն գրել էինք՝ 2013թ. հունիսի 1-ին մարզպետի տան մոտ հնչած կրակոցների գործով սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, իսկ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դատավոր Արմեն Հարությունյանը մարզպետի բարեկամն է, ինչը հաստատել էր նաեւ Ս. Խաչատրյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գ. Կոստանյանը այս թեմայով ասաց. «Ինչպես յուրաքանչյուր դատարանում, այդպես էլ ՄԻԵԴ-ում դատավորի ինքնաբացարկման մեխանիզմը հստակ աշխատում է: Այն հանգամանքը, որ Ա. Հարությունյանը Սյունիքի մարզպետի բարեկամն է, անկեղծ ասած, ինձ ծանոթ չէ, ես Ձեզանից եմ լսում: Բայց եթե անգամ նման խնդիր կա, ապա տվյալ գործի քննության ընթացքում Հարությունյանը ինքնաբացարկ կհայտնի, եւ վերջ, հարցը կփակվի»:
Մանրամասները Armlur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան