ԼՂՀ-ն կրկին մերժում է Ուոլթերին. նրան Արցախ չեն թողնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նախօրեի նիստում քննարկվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռոբերտ Ուոլթերի զեկույցը: Տեղեկացանք, որ Ուոլթերը սկսել է արդարանալ, թե ինչու է սեպտեմբերին ինքը այցելել Բաքու, բայց ՀՀ եւ Արցախ չի գնացել: Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստն է նախատեսված, ու Ռոբերտ Ուոլթերն ամեն ինչ անում է, որպեսզի մինչ այդ հանձնաժողովին ներկայացնի զեկույցը: Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի՝ արդեն հունվարի նստաշրջանում քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը կարող է զեկույցը ներկայացնել ԵԽԽՎ լիագումար նիստին:

Նշենք, որ նախօրեին հանձնաժողովի նիստի ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան առաջարկել է հետաձգել զեկույցի քննարկումը եւ նշանակել նոր զեկուցող, որը խնդիրն առավել հանգամանալից ուսումնասիրելու ժամանակ կունենա, քանզի Ուոլթերի մանդատի ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է: Քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը, սակայն, մերժել է այդ առաջարկը` հայտարարելով, որ նոր զեկուցող չեն նշանակի:

Ըստ մեր տեղեկությունների՝ եթե մինչեւ նոյեմբերի 4-ը Ուոլթերը զեկույցը չներկայացնի քաղաքական հանձնաժողովին, ապա այս խնդրով նոր զեկույց պետք է պատրաստվի: Ուոլթերը այս ժամանակահատվածում պետք է կարողանա այցելել Արցախ՝ զեկույցում Արցախի տեսակետը ներկայացնելու համար, եթե անգամ դա իրեն չհաջողվի, Ուոլթերը կարող է իր զեկույցում նշել նաեւ իր չգնալու պատճառը՝ ԼՂՀ իշխանությունների արգելքը իրենց երկիր մեկնելու: Հնարավոր է նաեւ, որ զեկույցի ընթացքը համարվի չեղյալ, ու սկսվի նոր զեկույց գրվել, բայց արդեն պետք է լինեն նոր քննարկումներ ու նոր զեկուցող, որը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը կտրականապես մերժում է՝ հավելելով, թե նա զեկույցն անպայման պատրաստելու է: Ուոլթերը նաեւ արդարացել է՝ նշելով, թե այն մեղադրանքները, որ ինքը ադրբեջանամետ է, իրականությանը չեն համապատասխանում:

Նա հավաստիացրել է, թե ինքը «խավիրասեր» չէ, իր կյանքում երկու անգամ է խավիրա կերել, եւ իր անունը չպետք է ընդգրկվի Ադրբեջանի «խավիրակերների» պատվավոր ցուցակի հնգյակում:
Նախօերին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ժամանակ Ռոբերտ Ուոլթերը նաեւ հայտարարել է, թե իր համար վիրավորական է, երբ հայկական լրատվամիջոցները պնդում են, որ իր զեկույցը գրել է Բաքուն: Իսկ հայկական պատվիրակության անդամներն էլ հայտարարել են, թե եթե բրիտանացի պատգամավորը ցանկանում է Արցախ այցելել, ապա դրա միակ ճանապարհը ԼՂՀ իշխանություններին դիմելն է: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը՝ Ռ. Ուոլթերի Արցախ այցելելու հետ կապված:

-Մենք այդ հարցին բազմիցս անդրադարձել ենք, ու ինքն էլ արդեն հայտարարել է, որ չի եկել ո՛չ Արցախ եւ ո՛չ էլ Հայաստան: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած օբյեկտիվ, նորմալ զեկույց պատրաստող քաղաքական գործչի, պատգամավորի, եթե նա ներկայացնելու է իրականությունը: Մենք պատրաստ ենք ցանկացած վերլուծաբանի, գիտնականի ընդունել, եթե նա ուզում է օբյեկտիվ փաստաթուղթ-զեկույց պատրաստել: Եթե կա միակողմանիություն, եթե կա կանխակալ մոտեցում, չեմ կարծում, որ այստեղ մենք պետք է այդ հարցը քննարկենք կամ մեկնաբանենք: Մենք մեր մոտեցման մասին վաղուց տեղեկացրել ենք, մենք նման որեւէ քայլ չենք սատարելու:

-Ռ. Ուոլթերը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե իրեն հակահայ են համարում այն բանի համար, որ ինքը երկքաղաքացի է՝ Բրիտանիայի եւ Թուրքիայի, իսկ իր կինն էլ թրքուհի է, արդյո՞ք դա է պատճառը, որ Արցախի իշխանությունները մերժում են նրան ընդունել:

– Դա ի՞նչ կապ ունի, պետք է փոխվի տրամաբանությունը, պետք է փոխվի զեկույցի անվանումը, պետք է ընդհանրապես փոխվի փիլիսոփայությունը, եթե դա չկա, ապա որեւէ օբյեկտիվություն չի կարող լինել: Եթե չի փոխվում, ապա ինչ կապ ունի, թե նրա կինը ով է, ինչ ազգություն ունի: Եթե նշված զեկույցում գրվելու են այնպիսի բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, որոնք ընդգծված հակահայկական են, ինչ պետք է անենք մենք: Նրա վերնագրից արդեն հասկանալի է դառնում, թե զեկույցն իրենից ինչ է ներկայացնելու, բոլորին է դա հստակ: Մենք կարծում ենք, որ այդ զեկույցը արմատական փոփոխությունների կարիք ունի: Կրկնում եմ՝ մինչեւ զեկուցողը չփոխի զեկույցի անվանումը, մինչեւ օբյեկտիվ չլինի, մեր դիրքորոշումը չի փոխվելու: Իսկ եթե փոխվի, այդ հարցը մենք կքննարկենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս