
Երեկ լրացավ մարտի 1-ի ողբերգության հինգերորդ տարելիցը: Եվ երեկ մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հիշատակին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպվել էր հոգեհանգստի պատարագ, որին մասնակցեցին զոհերի հարազատները, Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: Այնուհետեւ նրանք երթով գնացին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակին: Ի դեպ, գործող իշխանության կողմից որեւէ ներկայացուցիչ այդպես էլ չհարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը եւ անգամ ծաղիկ չդրեց Մյասնիկյանի արձանի մոտ: Սակայն, բացի գործող իշխանության ներկայացուցիչներից, թե՛ պատարագին, թե՛ պսակադրությանը չմասնակցեց նաեւ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում մասնակցությունը հավաքվածներն ակնկալում էին, սակայն ապարդյուն: 10 անմեղ զոհերի հիշատակը հարգելու չեկավ նաեւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: