Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հստակ հայտարարություն են արել, որում կողմերին կոչ են անում համաձայնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի, ինչպես նաեւ Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը,- «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նրա խոսքով, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ղարաբաղը արդեն մի քանի տարի է՝ հայտարարում են, որ համաձայն են նման մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը միշտ հրաժարվում է։ «Այս անգամ կողմերին հստակ կոչ է արվել իրենց համաձայնությունը տալ, եւ Հայաստանը դրականորեն է պատասխանել։ Այո, մենք համաձայն ենք քննարկել այդ մեխանիզմի ստեղծման մանրամասները, մինչդեռ Ադրբեջանը, ըստ էության, դարձյալ հրաժարվեց։ Իրականությունն այն է, որ նման մեխանիզմ ստեղծելուց հրաժարվելով՝ Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնում սահմանային միջադեպերի եւ հրադադարի խախտման դեպքերի համար»,-նշել է Հայաստանի Արտգործնախարարը։
Ինչպես նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, կարգավորման այլ ճանապարհ չկա․ «Բանակցային գործընթացը պիտի շարունակվի, որովհետեւ այլընտրանք չունի»։ Նախարարը միաժամանակ հիշեցրել է, որ միջնորդները, որոնք ավանդաբար փորձում են չեզոք հայտարարություններ անել, ստիպված են եղել անմիջականորեն նշել Ադրբեջանի խախտումները, ինչից հետո Բաքուն անցել է կարմիր գիծը։ «Ընթացիկ տարվա հունվարին թիրախային եւ հստակ հայտարարություններ եղան, որոնցում Ադրբեջանին ուղղված կոչ կար՝ ձեռնպահ մնալ համանախագահողներին քննադատելուց եւ շարունակել բանակցային գործընթացը։ Նաեւ կոչ կար վերջ դնել հրադադարի խախտումներին, եւ դա ուղղակի թիրախային կոչ էր։ Միջազգային հանրությունը արդեն լավ գիտի, թե ով է խախտողը եւ հրաշալիորեն տեղեկացված է, թե ով է հրաժարվում այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք կծառայեն ոչ միայն հետաքննությանը, այլեւ միջադեպերի կանխարգելմանը »,-ավելացրել է նախարար Նալբանդյանը։ Նրա խոսքով, շուտով տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հերթական այցը տարածաշրջան։ Բացի այդ, կողմերը քննարկում են նախարարների մակարդակով եւ միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցությունների հերթական փուլի կազմակերպումը։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարներին, Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մշտապես կողմ է եղել ամենաբարձր մակարդակի հանդիպումներին, այդ թվում՝ նախագահների միջեւ, սակայն նման հանդիպումները անհրաժեշտ է նախապատրաստել եւ «թե այդ կարգի հանդիպումներ, թե այլ հանդիպումներին չեն նպաստում հրադադարի խախտումներն ու լարվածության ավելացումը, որի պատճառն Ադրբեջանն է»: