ԼԱՎ ԷԼ ՀԱՆԴՈՒՐԺԵՑԻՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ 2004թ. Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները, ինչպես նաեւ մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` ներկայացնելով անհատական գանգատ Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ: Հայցով մասնավորապես պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը եւ Ադրբեջանի կողմից նրա ներումը եւ հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ` կյանքի իրավունքի եւ 14-րդ` խտրականության արգելքի հոդվածներով ամրագրված հիմնարար իրավունքները: Հիշեցնենք, որ երբ անցած տարվա օգոստոսի 31-ին հայտնի դարձավ Սաֆարովի արտահանձնման խայտառակ փաստի մասին, Սերժ Սարգսյանն օտարերկրյա դիվանագետներին հրավիրեց նախագահական եւ հայտարարեց, թե հայ ժողովուրդն ու անձամբ ինքը դա չեն ներելու եւ չեն հանդուրժելու: Դրան հետեւեց Հայաստանի պատմության մեջ Անվտանգության խորհրդի առաջին հրապարակային նիստը, որի ավարտին Ս. Սարգսյանն ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին ցուցադրաբար խնդրեց  մնալ` ստանալու իր հատուկ հանձնարարությունը: Այդ օրերին վիրավորված հայ հանրության կողմից դա ընկալվեց որպես Գ. Հակոբյանին տրված ցուցում` մարդասպան Սաֆարովին վերացնելու ծրագիր մշակելու ուղղությամբ: Իհարկե, նման քայլը ոչ միայն դժվար իրագործելի, այլեւ բավական անարդյունավետ արկածախնդրություն կարող էր լինել, սակայն այդ օրերին դա մի տեսակ սպեղանիի նման էր դիտվում, եւ, ամենակարեւորը, դրանից զգալիորեն բարձրացավ Ս. Սարգսյանի վարկանիշը: Անցած վեց ամիսների ընթացքում, սակայն, Սաֆարովի մասին խոսակցությունները գնալով մարեցին, եւ  կատարվածը «չհանդուրժող ու չներող» իշխանությունների կողմից այդպես էլ որեւէ լուրջ քայլ չիրականացվեց: Հանրության համար նաեւ անհասկանալի մնաց, թե այդ ինչ հատուկ հանձնարարություն էր, որ տվեց Ս. Սարգսյանը, եւ ինչու նա դա արեց հրապարակային: Եվ այսօր՝ Սաֆարովի արտահանձնման խայտառակ փաստից վեց ամիս անց, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունները, ի պատիվ իրենց, ջանք ու եռանդ չխնայեցին` իրենց «հերոսին» հայրենիք վերադարձնելու համար, մինչդեռ մեր իշխանություններն այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին` ոչ միայն միջազգային հանրության կողմից կատարվածի դեկլարատիվ դատապարտումից բացի առարկայական քայլերի ձեռնարկմանը հասնելու, այլեւ տեղի ունեցածի մեղավորներին` ՀՀ ԱԳՆ ղեկավարությանը պատժելու ուղղությամբ: Ու թեեւ երեկ արդարադատության երիտասարդ փոխնախարարները հայտարարել են, թե առաջիկայում Հայաստանը պետական մակարդակով եւս մասնակցություն կունենա Սաֆարովի գործով միջազգային բողոքարկման գործընթացին, ակնհայտ է, որ գնացքն արդեն գնացել է, եւ մարդասպանն էլ երբեք բանտ չի վերադառնա: Բայց արդյոք դա հուզում է կատարվածը չհանդուրժելու եւ չներելու խոստում տված Ս. Սարգսյանին: Ըստ ամենայնի` ոչ. չէ՞ որ նա, ինչպես գիտենք, հանդուրժողականության մարմնացում է:




Լրահոս