
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում դժգոհություններ կան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդեպ, ու կուսակցության ներսում բավական լուրջ կոալիցիա է ձեւավորվել: Բանն այն է, որ Տ. Մարգարյանին առաջիկայում եւս քաղաքապետի պաշտոնում ցանկանում են տեսնել միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն ու մի քանի հին ՀՀԿ-ական: Իսկ կուսակցության ներսում շատերը, այդ թվում` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, աշխատել են ամեն գնով դեմ գնալ այդ որոշմանը: Մարգարյանի հանդեպ բացասական վերաբերմունք ձեւավորվել է շատերի նկատմամբ նրա կողմից ցուցաբերված ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, հերքեց այս լուրերը. «Որոշում կայացնողը ՀՀԿ ԳՄ-ն է, եւ բոլորն էլ կողմ են քվեարկել այդ հարցում»: Նկատենք, որ եթե Սերժ Սարգսյանի որոշի գնալ կտրուկ քայլերի ու պաշտոնանկ անելով՝ զոհաբերել որեւէ մեկին, ապա այսքանից հետո ամենահարմար թեկնածուն մնում է վարչապետը: