«Խոսքի ազատության պաշտպանության կենտրոն»-ի փորձագետներն ամփոփեցին զրպարտության եւ վիրավորանքի հիմքերով զանգվածային լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի մոնիթորինգի արդյունքները: Նախ՝ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման գործընթացից հետո լրատվամիջոցների ներգրավվածությամբ 2010-2012թթ. դատարաններում վարույթ է ընդունվել 71 քաղաքացիական հայց: 2010թ. հարուցվել է 17 գործ, 2011-ին՝ 37, իսկ 2012-ին՝ 17:
Այնուհետեւ կենտրոնի փորձագետներ Օլգա Սաֆարյանն ու Արուսյակ Ջուլհակյանը օրինակներով անդրադարձան հայցային վաղեմության ժամկետներին, լրատվամիջոցներից ակնկալվող փոխհատուցման չափի իրավաչափությանը, պետական տուրքի չափին, դատարանի կողմից տարբեր չափորոշիչներ կիրառելու հարցերին` կապված պատասխանողի գույքային վիճակը հաշվի առնելու, լրատվամիջոցների նկատմամբ օրենքով չսահմանված պարտավորություն դնելու եւ հայցի ապահովման միջոց կիրառելու, մասնավորապես դատական արգելանքի հետ:
Ներկայացվեց նաեւ Գեղարքունիքի նախկին մարզպետ «Նվեր Պողոսյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի ու Աննա Թորոսյանի» հայցը: Փորձագետները նշեցին, որ անհասկանալի է, թե ինչու է դատարանը, բացի հերքման տեքստից, նաեւ մարզպետից ներողություն խնդրելու պահանջ դրել լրատվամիջոցի վրա: «Հայցադիմումում չկա նման պահանջ, այսինքն՝ մարդը չէր վիրավորվել եւ զրպարտության համար թերթից պահանջել ներողություն խնդրել, դա եւս օրենքում չկա: Ներողություն խնդրում են այն դեպքում, երբ անձը վիրավորել են: Այսպիսով՝ ստացվում է, որ դատարանի վճռով լրատվամիջոցի վրա դրվել է օրենքով չսահմանված եւ հայցապահանջների սահմաններից դուրս պարտավորություն»,-նշեց Օլգա Սաֆարյանը:
Նույն նախադեպը կիրառվել է նաեւ «Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործում, որում, ըստ փորձագետների, կրկին սահմանվել է «ներողության հայցում», ինչը դուրս էր հայցապահանջի սահմաններից:
Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ դատարանները պետական տուրքի չափը հաշվարկելիս միատեսակ մոտեցում չեն դրսեւորում: 39 հայցից 9-ը դատարանների վարույթ է ընդունվել պետական տուրքը հայցվորի կողմից չվճարելու կամ պակաս վճարելու հիմքով:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հետաքրքրվեց, թե արդյոք «Խոսքի ազատության պաշտպանության կենտրոն»-ն արձանագրված խախտումները ներկայացնում է դատարաններին, եւ արդյոք դա որեւէ ազդեցություն ունենում է, ինչին ի պատասխան՝ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են այդ խախտումները ներկայացնել արդարադատության խորհրդին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի ՎՐԱ ԴՐՎԵԼ Է ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ