ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՍՊԱՍԵԼ Է ԶՈՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով հերթական նիստը, որի ընթացքում դատարանը լսեց ավտոլվացման կետի մի քանի աշխատակիցների: Դեպքի օրն աշխատանքի մեջ գտնված Անդրանիկ Մուրադյանը սկզբում նշեց, թե չի ճանաչում Հարություն Սարգսյանին, բայց ավելի ուշ հիշեց նրան եւ ասաց, թե որպես հաճախորդ ճանաչել է նաեւ Կարեն Եսայանին: Ա. Մուրադյանը պատմեց, թե դեպքի նախորդ օրը երբ եւ ինչպես է Կ. Եսայանը գնացել ավտոլվացման կետ ու դուրս գալուց ինչ է պայմանավորվել: Այնուհետ նա պատասխանեց նաեւ կողմերի բազմաթիվ հարցերին, որից հետո մեղադրող կողմը դատարանին միջնորդություն ներկայացրեց Ա. Մուրադյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքից մի հատված հրապարակելու համար, քանի որ դատարանում եւ նախաքննական մարմնին տված ցուցմունքների մեջ կա հակասություն: Ա. Մուրադյանը  նախաքննական մարմնին պատմել է, թե դեպքի նախորդ օրը՝ երեկոյան 21:30-ի սահմաններում, ավտոլվացման կետ է եկել ամբաստանյալ Հ. Սարգսյանը, մոտեցել իրեն եւ հարցրել, թե կարող է մեքենա լվանալ, իսկ ինքը պատասխանել է. «Շաբաշ կենենք, չենք կրնա», ինչի մասին հետո ինքն էլ է մոռացել ու վերհիշել է արդեն տեսագրությունը քննչական վարչությունում դիտելուց հետո: Մինչ ավտոլվացման կետից դուրս գալը Հարությունը նրան հարցրել է, թե առավոտյան որ ժամին են բացվում:
Վկայություն տալու հերթն այնուհետեւ ավտոլվացման կետի մյուս երկու աշխատակիցներինն էր, որոնք դեպքի օրն աշխատանքի մեջ են եղել, ու հենց իրենք էլ բացել են լվացման կետը: Վկաների պատմելով՝ այդ օրը՝ առավոտյան, գործ չեն ունեցել եւ լվացման կետը բացելուց հետո երկուսով կանգնել են մուտքի մոտ ու զրուցել: Մինչ Կ. Եսայանի՝ մեքենայի հետեւից գալը, նրանք նկատել են դրսում կայանված «Մերսեդես» մակնիշի, արտասահմանյան համարներով մի մեքենա՝ մգեցված ապակիներով: Սկզբում մտածել են, թե մեքենայում վարորդ չկա, ուղղակի այն կայանել ու գնացել են, բայց երբ Կ. Եսայանը մեքենայով դուրս է եկել լվացման կետից, այդ մեքենան անմիջապես գնացել է նրա հետեւից: Նիստի ընթացքում հարցաքննվեցին նաեւ երկու երիտասարդներ, որոնք 2012թ. մարտի վերջին, վարորդների լեզվով ասած, «պլյոնկա» են քաշել Հ. Սարգսյանի՝ արտասահմանյան համարներ ունեցող մեքենայի ապակիներին:
Երբ հերթը հասավ պաշտպանական կողմի հարցեր տալուն, ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը վկայի հարցաքննությունը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, որով պահանջում էր հաջորդ դատական նիստին հստակ սահմանել, թե որ վկաներն են հրավիրվելու դատարան: Լ. Սահակյանի մեկնաբանմամբ՝ այդ պարագայում պաշտպանական կողմը պատրաստ կլինի վկաների հարցաքննությանը, եւ եթե 3 պաշտպաններից մեկն էլ բացակայի նիստից, մյուսները գոնե կիմանան իրենց գործընկերոջ դիրքորոշումը:
Չներկայացած վկաներին հաջորդ նիստին բերման ենթարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաեւ պետմեղադրողը: Նախագահող դատավոր Մարտին Սարոյանը բավարարեց կողմերի միջնորդությունը:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս