ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Արմավիրի մարզում երկու ամսական երկվորյակ քույրերի մահը ցնցեց բոլորին: Նախնական տվյալներով` պատճառը դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերն է:  ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թեեւ արգելվում է արհեստական կաթնախառնուրդների գովազդը եւ անվճար բաշխումը, այնուամենայնիվ, կաթնախառնուրդ բաշխող կազմակերպությունները գտնում են անուղղակի գովազդի միջոցներ՝ այդպիսով խախտելով Արհեստական կաթնախառնուրդների վաճառահանման  միջազգային օրենսգրքի հիմնարար դրույթները,  մեծապես վնասելով կրծքով կերակրման գործընթացին եւ հետեւաբար` մանուկների առողջությանը:  
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի վաղ առավոտյան Արմավիրի մարզում մահացել էին երկու ամսական երկվորյակ քույրեր` Մերի եւ Մարիամ Վարդանյանները: Փոքրիկների մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը):
Նունե Փաշայանի խոսքով՝ նախածննդյան խնամքի ընթացքում հղիները պետք է նախապատրաստվեն եւ ստանան բավարար տեղեկատվություն կրծքով կերակրման առավելությունների եւ հնարավորության մասին: Բացի այդ, կրծքով կերակրումն ապահովում է նաեւ ջերմություն, մտերմություն եւ շփում մոր հետ, ինչը նպաստում է երեխայի ֆիզիկական եւ էմոցիոնալ զարգացմանը: Մայրերը, որոնք կրծքով են կերակրում, ավելի հազվադեպ են հրաժարվում երեխայից: Այն նաեւ պաշտպանում է շատ վարակներից եւ կարող է կանխել մանկական մահերի որոշ մասը:
«Նվազեցնում է ալերգիայի եւ այնպիսի վիճակների վտանգը, ինչպիսիք են մանկական հասակի դիաբետը, նպաստում է արյան ճնշման կարգավորմանը եւ նվազեցնում գիրության վտանգը հետագա կյանքի ընթացքում: Կրծքով չկերակրված երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում»,-ավելացրեց Ն. Փաշայանը:
Նա նաեւ նշեց, որ փոշի մանկական կաթնախառնուրդը արտադրության ընթացքում կարող է վարակվել միկրոբներով, կերակրման պարագաների լվացման կամ կաթնախառնուրդի պատրաստման համար անհրաժեշտ ջուրը կարող է վարակված լինել եւ այլն: Կաթնախառնուրդի պատրաստման սխալները, այդ թվում չափազանց նոսր կամ խիտ պատրաստելը եւս  կարող է երեխայի հիվանդության պատճառ դառնալ:
Ըստ պաշտոնական վիճակագրության` կրծքով կերակրման ցուցանիշը (հաշվետու տարվա ընթացքում մեկ տարին լրացած երեխաների մեջ մինչեւ 4 ամիս լրիվ կրծքով սնված երեխաների տոկոսը) 1990թ. կազմել է 57%, այնուհետեւ 1990-1994թթ. կտրուկ անկում է ապրել` 1994թ.-ին կազմելով ընդամենը 20%: Հաջորդող տարիների ընթացքում «Կրծքով սնուցման խրախուսման» ծրագրի իրականացման շնորհիվ այդ ցուցանիշը բարձրացել է ավելի քան 4 անգամ (2010թ.՝ 81%), ընդ որում 2010թ. հաշվետու տարվա ընթացքում մեկ տարին լրացած երեխաների 62%-ը սնվել է բացառապես կրծքով մինչեւ 6 ամսականը, իսկ 43%-ը շարունակել է կրծքով սնուցումը 1 տարի եւ ավելի: Տեղեկացնենք, որ 1998թ. Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Գովազդի մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ արգելվում է մինչեւ 6 ամuական երեխաների համար նախատեuված եւ մայրական կաթի փոխարեն oգտագործվող ցանկացած uնունդ եւ հեղուկ գովազդելը, գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներն անվճար տարածելը: Այս օրենքն ամրագրում է կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի որոշ դրույթներ, սակայն չի արտացոլում այն ամբողջությամբ:
ՀՀ-ում պարբերաբար կատարվող մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ կաթնախառնուրդ բաշխող ընկերություններին հաջողվում է շրջանցել միջազգային օրենսգրքի եւ ՀՀ գովազդի մասին օրենքի դրույթները հիմնականում այն պատճառով, որ խախտումների համար չկան օրենսդրորեն սահմանված պատժամիջոցներ, իսկ բուժաշխատողներից շատերը ծանոթ չեն միջազգային օրենսգրքի հիմնադրույթներին եւ այդ ոլորտում իրենց պարտականություններին: Հանրության իրազեկությունն այդ ոլորտում էլ ավելի սահմանափակ է:
«Վստահություն» առողջապահական հկ նախագահ Սուսաննա Հարությունյանը բոլոր երիտասարդ մայրերին խորհուրդ է տալիս խիստ պահպանել արհեստական կերերի տուփերի վրա գրված կանոնները եւ մնացորդն անպայման թափել. «Ցանկալի է, որ բաժակով կամ գդալով կերակրեն փոքրիկին: Ամեն դեպքում, գոնե մինչեւ վեց ամսական երեխան պետք է կերակրվի միայն կրծքի կաթով: Մամաները շատ հաճախ չեն հավատում, որ իրենք ունեն բավականաչափ կաթ եւ սկսում են շշով կերակրել, ու երեխան շատ արագ հրաժարվում է կրծքից: Դա անթույլատրելի է»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Բաբկեն Պիպոյանն էլ հարցի առնչությամբ նշեց. «Լաբորատոր ցանցի կողմից ստուգվում են անվտանգության ցուցանիշները, եւ միայն անվտանգության հավաստումից հետո նոր թույլատրվում է մաքսազերծել եւ ընդունել իրացման ցանց: Մանկական կերերն էլ է պետք տարանջատել. կերեր, որոնք վաճառվում են թե՛ դեղատներում, թե՛ սուպերմարկետներում եւ կերեր, որոնք միայն դեղատներն իրավունք ունեն վաճառել: Բոլոր այն կերերը, որոնք իրավունք ունեն վաճառել միայն դեղատները, հավանաբար առողջապահության նախարարությունն էլ գործառույթ ունի, իսկ մյուս մասի հիմնական գործառույթը մերն է` ծառայությանը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս