Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Բուխարեստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Բուխարեստում:

Այցը մեկնարկեց նախարար Հրանուշ Հակոբյանի և Ռումինիայի կառավարության կրոնից հարցերով պետքարտուղար Վիկտոր Օպասկիի հանդիպումով: Հանդիպմանը քննարկվեցին Ռումինիայի հայ համայնքին, մասնավորապես Ռումինիայում Հայ եկեղեցու դարավոր գործունեությանն առնչվող հարցեր: Նախարար Հակոբյանը ներկայացրեց Սփյուռքի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա ընթացքը և ծրագրերը: Ռումինիայի կրոնից հարցերով պետքարտուղարը, ընդգծելով ռումինահայ համայնքի առանձնահատուկ ներդրումը Ռումինիայի զարգացման գործում, ներկայացրեց կրոնական փոքրամասնություններին, մասնավորապես Ռումինիայի Հայոց թեմին հատկացվող պետական աջակցության ծրագրերը և համատեղ միջոցառումները: Քննարկվեցին ընթացիկ տարվա նոյեմբերին Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցու 100-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Օրվա երկրորդ կեսին նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ռումինահայոց կենտրոն՝ Բուխարեստի Առաջնորդանիստ մայր տաճար, Ռումինիայի Հայոց Միության վարչություն, Արարատ հրատարակչություն և տպարան, մեկօրյա դպրոց, Հայոց մշակութային Դուդյան կենտրոնում տեղակայված թանգարան և գրադարան, որտեղ Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում ռումինահայ համայնքի հետ: Նախարարը ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, արդի մարտահրավերները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները և ընթացիկ արդյունքները, ունկնդրեց և պատասխանեց ռումինահայ համայնքին հուզող հարցերի:

Հաջորդ օրն առավոտյան, սեպտեմբերի 30-ին, նախարար Հրանուշ Հակոբյանը Ռումինիայի խորհրդարանում հանդիպում ունեցավ Ազգային փոքրամասնությունների խմբի հետ, որը տարիներ ի վեր ղեկավարում է հայ փոքրամասնության ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանը: Հանդիպմանը ներկա էին հույն, հրեա, գերմանական և այլ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները, որոնք ներկայացրեցին Ռումինիայում ազգային փոքրամասնությունների կարգավիճակն ու իրավունքները: Սփյուռքի նախարարը երախտագիտություն հայտնեց մասնավորապես հույն, հրեա և գնչու փոքրամասնություններին Հայոց ցեղասպանության հարցում ռումինահայերին սատար կանգնելու համար, հույս հայտնելով, որ Ռումինիայում այս հարցը հետագա զարգացում կունենա:

Սփյուռքի նախարարը պատվո հյուրի կարգավիճակով ներկա գտնվեց Ռումինիայի խորհրդարանի լիագումար նիստին:

Այնուհետև, նախարար Հակոբյանը Բուխարեստի Կարոլ Առաջինի անվան
Համալսարանական կենտրոնական գրադարանի Մայր սրահում մասնակցեց Ռումինիայի Հայոց միության վերաբացման 25-ամյակի հանդիսավոր նիստին, որին ներկա էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու Տարիչեանուն, վարչապետ Վիկտոր Պոնտան, Ռումինիայի նախագահի ներկայացուցիչ Սերջիու Նիստորը, նախկին վարչապետ և ԱԳ նախարար Պետրե Ռոմանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, և Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր:

ՌՀՄ 25-ամյակի կապակցությամբ ուղերձ էր հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը. «Հայերի և ռումինական հողի վրա ապրող բնակիչների միջև հարաբերությունների հնությունն այսօր համակեցության կամուրջ է և փոխկապակցում է մշակութային արժեքները, արվեստը և ձգտումները: Պատմությունը մեզ չի խնայել, հաճախ դնելով այնպիսի իրավիճակների առաջ, որ մեր միակ հույսը մնացել է հավատքն ու միասնությունը: Սրանք հիմնարար արժեքներ են, երբ այսօր, տոնելով 1990թ. հետո Ռումինահայոց միության վերաբացումը, վերհիշում ենք 20-րդ դարի սկզբի հայ համայնքների կյանքի դրամատիկ պահերը”, ասվում է նախագահական ուղերձի մեջ: Վարչապետ Պոնտան ողջույնի իր ելույթում զորակցություն հայտնեց հայ համայնքին և ռումինահայ մշակութային ժառանգության ծրագրերին: Սենատի նախագահ Տարիչեանուն իր ելույթում խոսելով Ռումինիայի Հայոց միության 25- ամյակի մասին, այն կապեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի զգայուն տարվա հետ»:

Իր ողջույնի խոսքում, նախարար Հակոբյանը երախտագիտություն հայտնեց Ռումինիայի ժողովրդին և իշխանություններին, հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո Ռումինիայում ապաստանած տասնյակ հազարավոր հայերի համար ապրելու, կրթվելու ու արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Երախտագիտության իմ խոսքն եմ ցանկանում հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհաննիսին, ով առաջինն էր Ռումինիայի նախագահներից, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին, հայտարարելով. «1915թ. ողբերգական իրադարձություներից մեկ դար անց իմ խոնարհումն եմ բերում հայ ժողովրդի զոհերին և նրանց, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հայեր զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որը ստվերում է մարդկությունը և որը մեզ մղում է այսօր ճանաչման և հաշտեցման: Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժող-ականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար», Ռումինիայի նախագահի խոսքը մեջբերեց նախարար Հակոբյանը և ավելացրեց. «Հուսով ենք, որ այդ կոչն անարձագանք չի մնա, և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը կտեղափոխվի նոր փուլ, և հետագայում մենք ականատեսը կլինենք ճանաչման և դատապարտման նոր զարգացումների»:

Միջոցառման ընթացքում նախարար Հակոբյանը Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանին հանձնեց ՀՀ նախագահի կողմից շնորհված Երախտագիտության մեդալը, որին վերջինս արժանացել էր Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նույն օրը կեսօրից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ռումինիայի Սփյուռքի ռումինների հարցերով նախարար Անջել Տըլվարի հետ, որի ընթացքում փոխադարձաբար ներկայացվեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների հիմնական գործառույթները, քաղաքականությունը, ծրագրերն ու Սփյուռքի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները: Ռումին նախարարը, բարձր գնահատելով հայկական սփյուռքում հայապահպանության, հայկական համայնքների ինքնության և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և այդ ոլորտում ՀՀ Սփյուռքի նախարարության կուտակած փորձը, ցանկություն հայտնեց երկու գերատեսչությունների միջև շարունակելու կապերը և խորհրդակցությունները: Այս առումով մտքեր փոխանակվեցին տարբեր երկրներում հայ և ռումինական սփյուռքի կառույցների միջև կապերի հաստատման և համագործակցության հեռանկարների շուրջ՝ առանցքում ունենալով հայկական տարբեր համայնքներում բնակվող ռումինահայերին:

Նույն օրը, երեկոյան նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Հայաստանի անկախության տարեդարձին և ՌՀՄ 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա էին Ռումինիայի Խորհրդարանի և կառավարության անդամներ, նախագահի ներկայացուցիչը, դիվանագիտական կորպուսի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 1-ին նախարար Հակոբյանը հարցազրույց տվեց ռումինական Հանրային հեռուստատեսությանը, այցելեց ՀՀ դեսպանություն, արվեստի նշանավոր մեկենաս Գրիգոր Զամբաքչյանի հավաքածուների թանգարան, այնուհետև Հայոց Առաջնորդարան, ուր զրույց ունեցավ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպս. Հակոբյանի հետ:

Այցի ողջ ընթացքում նախարար Հակոբյանին ուղեկցում էր Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:




Լրահոս