Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրը քառօրյա նիստում ընդգրկելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը Ստեփան Մնացականյանն էր, ում պատգամավորները հարցեր էին ուղղում` դրանց պատասխանները ստանալու համար:
Մնացականյանին հարցեր ուղղելու ժամանակ նիստին միացավ նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը և սկսեց հարցեր ուղղել, որն էլ վերածվեց բանավեճի: Այս ամենին միջամտեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` նշելով, որ ճիշտ կլինի` պատգամավորները հարցեր ուղղեն օրենքի վերաբերյալ:
Հրանտ Բագրատյանն էլ իր հերթին նշեց, որ պաշտպանում է ԱՎԾ ներկայացուցչին և չի թողնում, որ պատգամավորները հարց ուղղեն: «Եկած-չեկած` սկսեցիք գոռգոռալը»,- դիմելով Հրանտ Բագրատյանին, նշեց Այվազյանը:
«Որ դու չգոռայիր, մենք չէինք գոռա: Այ ցավդ տանեմ, թող էս նիստերը կայանան, ինչի՞ ես պաշտպանում նրան»,- հավելեց Բագրատյանը: