ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանելիս ուշագրավ բացահայտում է արել: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին մի քանի հարցեր էր ուղղել` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված, որոնց թվում նաեւ հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է ԱՄՆ վերաբերում այն լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանի Դաշնությունը, հնարավոր է, միանձնյա որոշի խաղաղապահ ուժեր մտցնել ԼՂՀ, եւ արդյոք խաղաղապահներ տեղակայելու ծրագրի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածություն կա: «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ամերիկացի դիվանագետը փաստացի գաղտնազերծել է, թե ովքեր չեն կարող լինել խաղաղապահ ուժերի կազմում: «Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ համանախագահ եւ հարեւան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, եւ թեման արդեն իսկ քննարկվել է»,- «Ժողովուրդ»-ին տրված պատասխանում նշել է Ուորլիքը:

 

 

 
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում երեկ քննարկվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ուոլթերը սկսել է արդարանալ, թե ինչու սեպտեմբերին ինքը այցելել է Բաքու, բայց ՀՀ եւ Արցախ չի գնացել: Նա հայկական կողմին մեղադրել է այն բանում, որ իրեն չեն «ընդունել», ասել է, որ հայկական լրատվամիջոցներն իրեն որպես հակահայ են ներկայացնում, ինչը, ըստ նրա, պայմանավորված է իր կնոջ՝ ազգությամբ թուրք լինելու փաստով: Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան առաջարկել է հետաձգել զեկույցի քննարկումը, նշանակել նոր զեկուցող, որը խնդրի հետ առավել հանգամանալից ծանոթանալու ժամանակ կունենա, քանզի Ուոլթերի` մանդատի ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է: Քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը, սակայն, հայտարարել է, որ նոր զեկուցող չեն նշանակի: Թե ինչ կլինի ճակատագիրը, կհստակեցվի առաջիկայում:

 

 

 
Իբրեւ քաղաքացիական ակտիվիստ հանրությանը ներկայացող Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց եւ այդ երկրում ապաստան խնդրելուց հետո նրա զոքանչին աշխատանքից ազատել են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կնոջ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, մինչեւ այս տարվա սեպտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ ՊՆ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»: Երբ հայտնի է դարձել, որ նրա փեսան եւ դուստրը փախել են Ադրբեջան, հոսպիտալի տնօրինությունը, տեղեկությունը եւս մեկ անգամ պաշտոնապես ճշտելուց եւ հաստատում ստանալուց հետո, Անահիտ Գասպարյանին հայտնել են, որ նա աշխատանքից ազատված է: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց տարատեսակ քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում: Իսկ այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է մի կնոջ վստահությունը չարաշահելով՝ նրա տանից գումար գողանալու մեջ: Դրանից մեկ ամիս էլ չանցած հայտնի դարձավ, որ նա փախել եւ ապաստանել է Ադրբեջանում:

 

 

 
«Ամերիա բանկը» Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Սադոյանի դեմ մեկուկես միլիարդ դրամի հայց է ներկայացրել: Դեռեւս 2015 թվականի ապրիլի 21-ին «Ամերիա բանկ» ՓԲԸ-ն դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Նավթ Ինվեստ» եւ «Ունիկո» ՍՊԸ-ներից ու ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանից բռնագանձել շուրջ 1,5 միլիարդ դրամ: Այսպիսով, պետք է արձանագրել, որ ֆինանսական խնդիրների հետ կապված դատարաններում հայտնվելը հանրապետական պատգամավորների մոտ համաճարագի պես սկսել է տարածվել: Ինչպես հայտնի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը մի քանի ամիս առաջ սնանկ ճանաչվեց, վերջերս էլ հայտնի դարձավ, որ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Սպարտակ Մելիքյանին էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն է սնանկ ճանաչել 6 միլիոն 520 հազար դրամ պարտքի համար: Մի խոսքով, բյուջեի միջոցների սպառվելու հետ զուգահեռ ՀՀԿ-ականները սնանկանում են: Բայց ուշագրավն այստեղ օֆշորային սկանդալի մեջ մեծ դերակատարություն ունեցող «Ամերիա բանկ»-ի դերն է:

 

 

 

 
ՄԵՌԵԼԱԾՆՈՂ

Հանրապետականների ցուցակով ԱԺ-ում հայտնված ՄԻԱԿ ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը ԱԺ-ում Սահմանադրության նոր նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ բավականին տարօրինակ հայտարարությամբ` ասելով, թե առաջարկվող նախագծում կան «մեռելածին դրույթներ»` որպես օրինակ նշելով պատգամավորների` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: «Ինչո՞ւ, օրինակ, գիտամանկավարժական գործունեությունը ավելի ընդունելի է մեզ համար, որպեսզի որեւէ մի պատգամավոր դրանով զբաղվի եւ եկամուտ ստանա, իսկ, օրինակ, գործարարությամբ զբաղվելը պիտի ընդունելի չլինի», – հայտարարեց Մարտիրոսյանը:
Ավելին՝ տասնյակ գործարար պատգամավորներ ունեցող իշխող խմբակցության ներկայացուցիչը նշեց, որ Աժ-ում չի եղել որեւէ դեպք, երբ գործարար պատգամավորները այս կամ այն կերպ ազդեին, որ ընդունվող օրենքները բխեին իրենց բիզնես-շահերից: Իհարկե, իրականում եղել են դեպքեր, երբ գործարար պատգամավորները ոչ միայն ազդել են, այլեւ կարողացել են հիմնովին փոխել իրենց բիզնես-շահերին խանգարող օրենսդրական նախագծերը, սակայն զուտ իր պատգամավորական գործունեության տարիների ընթացքում Մարտիրոսյանն իրավացի է, նման դեպք հիշելը դժվար է: Եվ հենց այստեղ է ամենամեծ խնդիրը, քանի որ եթե Աժ-ում առկա մեծաթիվ գործարար պատգամավորներն անգամ չեն փորձում ազդել իրենց բիզնես- շահերից չբխող օրենքների ընդունման գործընթացի վրա, դա նշանակում է, որ նրանք գտնվում են իշխանությունների բացարձակ ճնշումների ներքո եւ Ազգային ժողով են եկել բոլորովին այլ նպատակներով: Իսկ եթե Աժ-ի գործարար պատգամավորներն ուղղակի առիթ չեն ունեցել այս կամ այն օրենքը փոխելու համար ջանքեր գործադրելու, դա էլ նշանակում է, որ ի սկզբանե ԱԺ-ում ներկայացված օրենքների մեծամասնությունն կոչված է սպասարկելու հենց գործարար պատգամավորների շահերը:
Երկու դեպքում էլ գործարար պատգամավորների գոյությունն Ազգային ժողովում խոսում է Հայաստանում քաղաքականության ու բիզնեսի սերտաճածության մասին, ինչի փոփոխությունն, ըստ Լեւոն Մարտիրոսյանի, պետք է արվի ոչ թե գործարար պատգամավորների մուտքը Աժ սահմանադրորեն արգելելով (մի բան, որն, իրոք, դե ֆակտո չի գործում), այլեւ քաղաքացիների ընտրության իրավունքը հարգելով.«Ընտրողները պետք է պահանջեն պատգամավորից պրոֆեսիոնալ լինել, իրենց իրավունքները պաշտպանել, իրենց լավագույնս ներկայացնել»,-ասում է Մարտիրոսյանը: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանի նախկին օգնականը տեղյակ չէ, թե Հայաստանում ինչպես են ընտրություններն անցկացվում, եւ դժվար է հավատալ, որ նա չի գիտակցում նման հայտարարությունների «մեռելածին» բնույթը:
Եվ մի բան էլ. եթե առաջնորդվենք Մարտիրոսյանի տրամաբանությամբ եւ Սահմանադրությունից հանենք բոլոր այն արգելքները, որոնք մեր իրականությունում շրջանցվում են եւ չեն գործում, ապա կստացվի, որ Հայաստանի Սահմանադրությունը գրեթե ամբողջովին «մեռելածին» փաստաթուղթ է:




Լրահոս