ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ ամսում ռուսական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանը փորձում է հնարավորինս արագ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Իբրեւ ռուս փորձագետներ ներկայացող տարբեր հեղինակների կողմից հետեւյալ միտքն էր առաջ քաշվում. Սիրիա սպառազինություն եւ հատկապես ծանր զրահատեխնիկա տեղափոխելու համար Ադրբեջանն առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերել Ռուսաստանի համար: Բանն այն է, որ Ռուսաստանն իր տեխնիկան ցամաքով կարող է Սիրիա հասցնել միայն Ադրբեջանի տարածքով: Իսկ որպեսզի Ադրբեջանը տա համաձայնությունը՝ իր տարածքով զորք տեղափոխելու համար, Ռուսաստանը պետք է ինչ-որ լուրջ «փոխհատուցում» առաջարկի այդ երկրին: Իսկ որպես «փոխհատուցում» ներկայացվում է հենց ԼՂՀ խնդրի կարգավորումը: Ավելին՝ նույնիսկ կոնկրետ տարբերակներ են նշվել՝ իբր Ռուսաստանը Հայաստանին ստիպում է վերադարձնել նախկին Ադրբեջանի վարչական տարածքների մեջ գտնվող, բայց ղարաբաղյան պատերազմի տարիներին ազատագրված եւ ներկայումս ԼՂՀ վարչական տարածքի մաս կազմող յոթ շրջաններից հինգը: Ինչպես նաեւ Ռուսաստանն իր զինված ուժերն է տեղակայում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:
Հասկանալի է, որ ԼՂՀ խնդրի հետ կապված ցանկացած լուրջ իրադարձություն ենթադրում է այդ գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությունը: Ուստի «Ժողովուրդ»-ը փորձեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից պարզել.
1. Որքանո՞վ է իրատեսական իրադարձությունների զարգացման այն տարբերակը, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում խաղաղապահներ կտեղակայի եւ կփոխի ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն:
2. Արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարող է միանձնյա նման որոշում կայացնել:
3. Արդյո՞ք վերը նշված ծրագրի մասին պայմանավորվածություն կա ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Ժողովուրդ»-ը երեկ ստացավ իր հարցման պատասխանները, որոնք ստորագրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ըստ այդմ, վերը բերված երկու հարցերին պարոն Ուորլիքը պատասխանել է.
«Կարգավորման շրջանակում Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կլինի միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում: Խաղաղապահ ուժերի կազմը շարունակում է մնալ բանակցման ենթակա թեմա, բայց, ի վերջո, դա որոշելու են կողմերը: Մենք հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի հետ խաղաղապահ տարբերակների շուրջ, որոնք կապահովեն անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ համաձայնեցված կարգավորման հենց սկզբից:
Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ համանախագահ եւ հարեւան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, եւ թեման արդեն իսկ քննարկվել է»:
Այսինքն՝ ըստ Ուորլիքի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում խաղաղապահների տեղակայումն անխուսափելի է: Մյուս կողմից՝ չնայած խաղաղապահ ուժերի կազմի հարցը շարունակում է բանակցությունների առարկա լինել, սակայն ամերիկացի դիվանագետը նշում է, որ դա «որոշելու են կողմերը»: Բայց առավել ուշագրավ է պատասխանի վերջին պարբերությունը, որով առնվազն արձանագրվում է, թե որ երկրների զինված ուժերը չեն կարող տեղ զբաղեցնել խաղաղապահ ուժերի կազմում: Ստացվում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշման համաձայն՝ խաղաղապահ ուժերի կազմում չպետք է տեղ զբաղեցնեն հարեւան երկրների, այսինքն՝ Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի, համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչները: Սակայն առավել կարեւոր է Ուորլիքի պատասխանի ամենավերջին նախադասությունը, որը վերաբերում է վերը բերված երկրների խաղաղապահ ուժերում լինելու իրավունք չունենալու հարցում կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշմանը. «Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, եւ թեման արդեն իսկ քննարկվել է»:
Ղարաբաղյան խնդրի բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից, թերեւս, առաջին անգամ են բարձրաձայնվում այն սկզբունքները, որոնք առաջ են քաշված ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում խաղաղապահ ուժերի ընտրության հարցում: Հիմա մնում է հասկանալ՝ ի վերջո, ո՞ր երկրի խաղաղապահ ուժերը կտեղակայվեն Արցախի տարածքում, եւ իրականում ինչ առաքելություն կունենան նրանք: Եւ, վերջապես, իրականում ինչ ճակատագիր է սպասվում ազատագրված տարածքներին այսքան վտանգավոր մարտահրավերների պայմաններում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՏԱՐՈՆԻՆ ՉԻ ՆԱԽԱՆՁՈՒՄ
Վերջին օրերին հանրության շրջանում քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե արդյոք Էրեբունի-Երեւան տոնակատարությունները պետք է իրականացվեն, եթե Հայաստանի սահմանում լարված իրավիճակ է: Հանրության մի մասի կարծիքով միջոցառումները չպիտի անցկացվեն, իսկ մի մասն էլ, ընդհակառակը, վստահ է, որ այդ միջոցառումները պետք են, քանի որ սգալը ճիշտ չէ: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանից պարզել, թե ինչ կարծիք ունի այս հարցում: «Դժվարանում եմ պատասխանել, շատ բարդ հարց է, չեմ նախանձում Տարոն Մարգարյանին, ես չեմ սիրում ծայրահեղ գնահատականները թշնամուն թույլ տալ, չգիտեմ ինչ անել, երեւի ամեն ինչ չափի մեջ է պետք անել, ես էլ կդժվարանայի ինչ-որ որոշում կայացնել»,- ասաց Աբրահամյանը: Վերջինիս կարծիքով Երեւանի քաղաքապետարանը պետք է մի հետաքրքիր լուծում գտնի, որպեսզի հանրության համար ընդունելի լինի: «Միգուցե Տարոն Մարգարյանը սահմանամերձ գյուղի երեխաներին բերի Երեւան, ավտոբուս ուղարկեն ու նրանց այդ օրը Երեւան բերեն, երեխաներին ուրախացնեն, նվերներ տան, չգիտեմ, թող մի քանի օր Երեւանում մնան: Կարծում եմ՝ պետք է ինչ-որ նման մի բան անել, ելք գտնել, որ բոլորի համար ընդունելի լինի»,- ասաց Երեւանի նախկին քաղաքապետը:

 

ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը երեկ հրավիրված հերթական նիստի ավարտվելուց հետո հայտարարեց, որ իրենք նպատակ ունեն քննարկել սահմանային լարվածության հարցը: Նահապետյանը լրագրողներից պահանջեց լքել նիստերի դահլիճը, քանի որ քննարկումը պետք է անցկացվեր դռնփակ: Քննարկումից հետո «ժողովուրդ»-ը անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանից փորձեց պարզել, թե, ի վերջո, ինչ որոշեց իրենց հանձնաժողովը: «Սահմանում լարված իրավիճակ է, բնականաբար, չկա մի քաղաքացի, որը անհանգստացած չէ այս վիճակով: Հանձնաժողովը որոշակի եզրահանգումների եկել է, բայց քանի որ փակ նիստ էր, ես ավելին չեմ կարող ասել: Հայկական կողմի պատասխանը, կարծում ենք, որ համարժեք է, քանի որ Ադրբեջանն արդեն ռմբակոծում է գյուղերը, տուժում են խաղաղ բնակիչները»,- ասաց Քոքոբելյանը:

 

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է
Երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել էր, որ միջնորդություն է ներկայացրել դատախազություն` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործը կարճելու մասին: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ասացին, որ նման միջնորդություն իրենք չեն ստացել:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ նախօրեին կայացած մոտ 2 ժամ տեւած բանակցությունները 2013թ.-ից ի վեր առաջին լիարժեք բանակցություններն էին, գրում է Rbc.ru-ն: ՌԴ նախագահը լրագրողներին հայտնել է, որ հանդիպումն ունեցել է կառուցողական, գործնական եւ անկեղծ բնույթ: «ՌԴ եւ ԱՄՆ հարաբերությունները, ցավոք, ցածր մակարդակի վրա են գտնվում, սակայն սա մեր նախաձեռնությունը չէ»,-ասել է Պուտինը` նշելով, որ դա վատ է անդրադառնում երկկողմ եւ միջազգային հարաբերությունների վրա: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայի եւ Ուկրաինայի հետ կապված հարցեր:

 

ԽՆԱՄՈՒՆ ԳՈՎԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահին եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին մեր երկիր ժամանելու եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար: Վարչապետը նաեւ բարձր է գնահատել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հսկայական ներդրումը վերջին տարիներին մեր երկրում սպորտի զարգացման գործում:

 

ՏԵՂԵԿԱՑՐԵԼ ԵՆ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը երեկ Նյու Յորքում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Պիեռ Անդրիոյի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Դեսպանները Դաչիչին տեղեկացրել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում բռնության աճի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իրենց անցկացրած բանակցությունների մասին:

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Իտալիայի եւ Շվեդիայի վարչապետներ Մատեո Ռենցիի եւ Ստեֆան Լյովենի հետ: Քննարկվել են հայ-իտալական եւ հայ-շվեդական քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական գործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ:

 

ՀՐԱՏԱՊ ԱՅՑ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ զինուժի համագործակցության հետ կապված հարցեր: Նկատենք որ սահմանային այս գերլարվածության փուլում ՀՀ ՊՆ ղեկավարի այցը Արցախ բավականին ուշագրավ է, եւ, ըստ ամենայնի, արվել է խիստ հրատապ որոշակի խնդիրների լուծման նպատակով: Հիշեցնենք, որ ընդամենը երեք օր առաջ ողջ քաղաքական էլիտան, այդ թվում եւ Բակո Սահակյանը, Երեւանում էին, եւ քննարկման կարիք ունեցող ընթացիկ հարցերը հանգիստ կարող էին քննարկվել այստեղ: Թե ինչ անհետաձգելի հարցերի քննարկման նպատակով է Սեյրան Օհանյանը մեկնել Ստեփանակերտ, հայտնի չէ: Նկատենք միայն, որ այս օրերին ադրբեջանական զինուժի առաջնային թիրախում են ոչ այնքան Արցախի, որքան Հայաստանի սահմանները: Այս փաստը, Սերժ սարգսյանի հատնի հայտարարությունը` Հայաստանի եւ Արցախի սահմանների միասնականության մասին եւ դրանից հետո Սեյրան Օհանյանի անակնկալ այցելությունը Ստեփանակերտ մտահոգիչ ենթադրությունների տեղիք են տալիս:




Լրահոս