ԵՐԱՇԽԱՎՈՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Սադոյանի գործերը այնքան էլ լավ չեն: Բանն այն, որ «Ամերիա» բանկը արդեն երկրորդ դատական հայց է ներկայացրել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի խնամու դեմ:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2015 թվականի ապրիլի 21-ին «Ամերիա» բանկ ՓԲԸ-ն դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Նավթ Ինվեստ» ՍՊԸ-ից, ինչպես նաեւ «Ունիկո» ՍՊԸ-ից, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանից բռնագանձել շուրջ 1,5 միլիարդ դրամ:
Ինչպես նկատում եք՝ «Ամերիա» բանկը այսքանով չի սահմանափակվել: Տեղեկացանք, որ ապրիլի 22-ին բանկը միջնորդություն է ներկայացրել դատարան գործով պատասխանողների գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործը նախագահող դատավոր Գագիկ Խանդանյանը մերժել է: Հիշեցնենք, որ Գագիկ Խանդանյանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խնամին է, իսկ Բեգլարյանը Ռուբեն Սադոյանի հովանավորն է, նրանց միջեւ կա նաեւ քավոր-սանիկական կապ:
Ինչեւէ, թեեւ դատավոր Գագիկ Խանդանյանը պատգամավորի գույքն ու դրամական միջոցները կալանքից փրկել է, ապա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը չի գնացել այդ քայլին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ամերիա» բանկն այս մեկ դատական հայցով չի բավարարվել եւ 2015 թվականի մայիսի 22-ին կրկին դիմել է 1-ին ատյանի դատարան՝ հերթական անգամ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանից, «Սաֆիռ» ՍՊԸ-ից, «Նավթ Ինվեստ» ՍՊԸ-ից պահանջելով գանձել 83 միլիոն դրամ:
Նկատենք, որ հերթական անգամ «Ամերիա» բանկը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի պատգամավորի եւ ընկերությունների դրամական միջոցների վրա արգելանք դրվի: Եւ գերծը նախագահող դատավոր Հայարփի Զարգարյանը բանկի միջնորդությունը բավարարել է մասնակի:
Նկատենք, որ Ռուբեն Սադոյանը միակ ՀՀԿ-ական պատգամավորը չէ, որ ֆինանսական խնդիրների պատճառով հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, սնանկ է ճանաչվել: Ու մինչ ընկերության սեփականատերերը փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել, նոր դատական հայցեր են Աղաբաբյանի դեմ ներկայացվում:
Ավելին՝ գրել էինք, որ մեկ այլ ՀՀԿ-ական Սպարտակ Մելիքյանն էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 միլիոն 520 հազար դրամի համար սնանկ էր ճանաչվել: Ավելին՝ նրան պատկանող 13 անուն անշարժ գույքի վրա, որոնցից 9-ը գտնվում են Երեւանում, կալանքի տակ են:
Իսկ ինչ ճակատագիր է սպասվում Ռուբեն Սադոյանին, արդյո՞ք վերջինիս էլ իր ՀՀԿ-ական գործընկերների նման սնանկություն է սպառնում: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով փորձեցինք զրուցել Ռուբեն Սադոյանի հետ: Ըստ պատգամավորի` ինքը նշված ընկերություններին երաշխավոր է կանգնել, ինչ պատճառով էլ դատարանում է հայտնվել. «Իմ ընկերոջ ընկերությունն է եղել, ես էլ երաշխավոր եմ այդտեղ… այլ բան չկա: Ինչքան գիտեմ՝ արդեն այս հարցով պայմանավորվածություն կա, որ խնդիրը լուծվի»:
Անդրադառնալով այն հարցին, որ արդյո՞ք իր ՀՀԿ-ական գործընկերների նման իրեն եւս սնանկությունը չի սպառնում, պատգամավորը պատասխանեց. «Մի՛ անհանգստացեք, ինձ սնանկությունը չի սպառնում»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
«ՈՉ» ԳՐԵԼՈՒՑ ԶԳՈՒՇԱՑԵՔ
Անցած գիշեր Երեւանի Մաշտոցի պողոտայից եւ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից ոստիկանության Կենտրոնի բաժին են տարվել «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության չորս անդամները՝ Հրայր Մանուկյանը, Արթուր Մինասյանը, Կարպիս Փաշոկյանը եւ Հայկ Ավետիքյանը:
Armlur.am-ի հետ զրույցում ոստիկանություն բերման ենթարկված երիտասարդներից Հրայր Մանուկյանը պատմեց կատարվածի մանրամասները: Ըստ նրա՝ հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի իրազեկման ակցիայի շրջանակներում իրենք փողոցում պատի վրա «ոչ» են պատկերել, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի ոստիկանները նրանց բերման ենթարկեն: Մանուկյանի խոսքով՝ երիտասարդներին են մոտեցել երկու ոստիկան ու ասել, որ իրենք հանրային վայրում օրինազանցություն են կատարել, ուստի պետք է բաժին ներկայանան՝ վարչական տույժի ենթարկվելու. «Իրենք հենց այդպես էլ ասացին, որ մեզ պետք է վարչական տույժի ենթարկեն: Իսկ երբ հասանք բաժին, այնպիսի տպավորություն էր, որ նրանք արդեն վաղուց պատրաստվել են մեզ «դիմավորելուն», քանի որ պատրաստ էին բոլոր տեսակի փաստաթղթերը, ինչ-որ թարգմանություններ եւ այլն: Նրանք նաեւ գիտեին՝ մենք որտեղից որ կողմ պետք է շարժվենք»:
Ակտիվիստի փոխանցմամբ՝ իրենք եղել են 6 հոգով: Ոստիկանության Կենտրոնի բաժնում տարված երկու հոգին նկատել են, որ իրենց հետեւում են, ու պատին գրառումներ չեն արել:
Հրայր Մանուկյանից տեղեկացանք, որ ոստիկանության բաժնում իրենց պարտադրել են անջատել հեռախոսը, իսկ մյուս ակտիվիստի ձեռքից վերցրել են այն: Ակտիվիստի դիտարկմամբ՝ սա ցույց է տալիս իշխանությունների մտահոգությունը սահմանադրական բարեփոխումներին դեմ դուրս եկած քաղաքացիական ու քաղաքական ուժերի նկատմամբ:
Եվ, ահա, փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով արձանագրություն, որը հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու մասին է: Ինչեւէ, բոլոր չորս անդամներն այժմ ազատ են արձակվել:
Հ. Գ. Երեկ երեկոյան էլ ոստիկանները Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել ակտիվիստ Վարդան Հարությունյանին։ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» շարժումը Մաշտոցի պուրակում էր «Ոչ»-ի գրաֆիտիներ անում, որի ժամանակ էլ բերման ենթարկվեց այդ ակցիային մասնակցող երիտասարդը՝ ասֆալտի վրա գրաֆիտի անելու պահին։

 

 

ԻՐԵՆ ԱՐԺԱՆԻ ԵՐԿՐՈՒՄ
Բաքու փախած Վահան Մարտիրոսյանը, նրա կինն ու երեխան ապաստան են ստացել եւ մտադիր չեն որեւէ այլ տեղ մեկնել: Այս մասին տեղեկացրել է ադրբեջանցի իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն: Ըստ իրավապաշտպանի՝ «փախստականները» հաճախ են զբոսնում Բաքվում: Վահան Մարտիրոսյանը չի թաքցնում, որ Ադրբեջանն իրեն դուր է գալիս, եւ երկիրը լքելու ծրագրեր չունի:

 
ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ` պարզվել են Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու հանգամանքները, եղանակը, պատասխանատու անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա հինգ անձի մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀՐԹԻՌԱՀԱՐԵԼ
ԼՂՀ ՊՆ-ն երեկ հրապարակել է եւս վեց ազերի զինվորների անունները, որոնք ոչնչացվել են հայկական զինուժի պատժիչ գործողության արդյունքում: Այդուհանդերձ, ըստ ԼՂ ՊԲ հաղորդագրության՝ «չնայած վերոնշված կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին եւ լույս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը»` դարձյալ կիրառելով ծանր հրետանի, այդ թվում եւ` TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայան (11 արկ):

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեից երեկ տեղեկացրել են, որ հայտնաբերվել է Գորիսի Սդղլի գյոլ տարածքում Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հունիսի 15-ից հետախուզման մեջ գտնվող Մայիս Խաչատրյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը սեպտեմբերի 29-ին Մ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով եւ միջնորդություն ներկայացրել դատարան՝ Մ. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու համար:

 

ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է
Սահմանամերձ Կոթի գյուղի հրետակոծվող ճանապարհին հաճախ կրակահերթերի պատճառով մարդիկ ստիպված գերազանցում են սահմանված արագությունը, ինչն էլ արձանագրվում է տեղադրված արագաչափի կողմից: Օմբուդսմենը ստեղծված իրավիճակի եւ դրանից բխող հետեւանքների մասին տեղեկացրել է ոստիկանությանը, որտեղից էլ հայտնել են, որ կսկսեն հրատապ ուսումնասիրել խնդիրը եւ հնարավոր լուծումներ առաջարկել:

 

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿՆՈՋ ԳՈՐԾՈՎ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Պնախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Երեկվա նիստի ընթացքում երկու կողմն էլ ներկայացրել են իրենց ապացույցները: «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչը դատարանին է հանձնել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ Ռուզաննա Խաչատրյանը հանդիսանում է հանրային, պաշտոնատար անձ: Ավելին՝ կողմը հայտնել է, որ նախքան խնդրո առարկա հոդվածների՝ «Հանրությունն ուզում է իմանալ» եւ «Հանրությունն ուզում է իմանալ 2», հրապարակումը, Ռուզաննա Խաչատրյանն արդեն իսկ երկու անգամ հարցազրույց է տվել Գայանե Պողոսյանի բլոգին, որը հետագայում արտատպվել է «Հայ զինվոր» կայքում: Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն էլ ներկայացրել է ապացույց, ըստ որի՝ խնդրո առարկա հոդվածում մատնանշված վթարը Ռուզաննա Խաչատրյանի մասնակցությամբ չի եղել: Կ. Մեժլումյանը դատարանին եւ մյուս կողմին է հանձնել վթարի գործով դատավճիռը: Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 14-ին:




Լրահոս