ՔԱՂԱՔԱՑԻՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԱՆԿԻՑ ՍՏԱՆԱԼ ԻՐ ՈՍԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ, 53-ամյա Նաիրի Ասրյանը հակամարտության մեջ է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության եւ «Կոնվերս բանկ»-ի Աբովյան մասնաճյուղի հետ: Բանն այն է, որ դեռեւս 2013 թվականին Նաիրի Ասրյանը 44 գրամ ոսկի է գրավադրել վերը նշված բանկում, բարեխղճորեն կատարել է վարկային պարտավորությունները, սակայն երբ եկել է ժամանակը` ոսկին գրավադրումից հանելու համար, բանկը հրաժարվել է այն տալ: Պատճառը ԴԱՀԿ-ի կողմից Ասրյանի դրամական հաշիվների վրա դրված կալանքն է:

«Ժողովուրդ»-ին դիմած Նաիրի Ասրյանը պատմեց, որ ինքը 2013 թվականի մարտի 27-ին որդու ուսման վարձը մուծելու նպատակով բարեկամներից վերցրել է 44 գրամ ոսկի եւ տարեկան 24 տոկոս դրույքով գրավադրել «Կոնվերս բանկ»-ի Աբովյանի մասնաճյուղում:
«Բարեխղճորեն կատարել եմ բանկի հանդեպ ունեցած իմ պարտականությունները, սակայն 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին արգելանք է դրվել իմ դրամական միջոցների վրա՝ ճանապարհային ոստիկանության արագաչափերի տուգանքների համար: Այս ընթացքում «Կոնվերս բանկ»-ում ինձ ասացին, որ վարկի մարումը հնարավոր է միայն երաշխավորի միջոցով, ով հանդիսացավ իմ կինը՝ Արփինե Միքայելյանը: Այս տարվա ապրիլի 2-ին ողջ վարկը երաշխավորի միջոցով պարտաճանաչորեն մարվեց»,- պատմեց Ասրյանը: Սակայն չնայած դրան` ըստ մեզ դիմած քաղաքացու՝ ԴԱՀԿ-ի կողմից դրված արգելանքի պատճառով նա հետ չի կարողանում ստանալ իրեն պատկանող զարդեղենը: Նախ պետք է արգելանքը վերացնել, ինչն անելու համար վերջինս գումար չունի: «Ես ՀՀ ոստիկանության թոշակառու եմ եւ հնարավորություն չունեմ մեկ միլիոն դրամի հասնող տուգանքներ մուծել եւ արգելանքները հանել: Իսկ այդ ոսկին իմ բարեկամներինն է, եւ այն չհանելու պատճառով իրար հանդեպ թշնամանքով ենք լցվել»,- ցավով նկատեց մեր զրուցակիցը:
Վերջինս դիմել է ՀՀ կենտրոնական բանկ, որտեղից ի պատասխան՝ նշել են հետեւյալը. «Բարձրացված խնդրի պարզաբանման նպատակով ԿԲ-ն համապատասխան հարցում է կատարել «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին, որին ի պատասխան՝ բանկը հայտնել է, որ ԴԱՀԿ-ի կողմից ստացվել է Ձեր միջոցների վրա արգելանք դնելու թվով 76 որոշում: Ելնելով այն հանգամանքից, որ Դուք բանկում դրամական միջոցներ չեք ունեցել, արգելանք է դրվել Ձեր ոսկյա իրերի վրա՝ համաձայն ԴԱՀԿ ծառայության: ԿԲ-ն Ձեր կողմից բարձրացված խնդրում իրավասու չէ օժանդակել Ձեզ»:
Այս խնդրի շուրջ Նաիրի Ասրյանը գրավոր դիմել է նաեւ Սերժ Սարգսյանին, որի աշխատակազմից հայտնել են, թե իրենց իրավասությունների շրջանակներից դուրս է միջամտել ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի գործունեությանը:
Իսկ ինչպես է ստացվել, որ Ասրյանն այդքան մեծաթիվ տուգանքներ է հավաքել: Բանն այն է, որ նա տաքսու վարորդ է եւ մշտապես իր մեքենան կայանում է Երեւանի Ագաթանգեղոսի 29 հասցեում, որտեղ չկան տեղադրված «Կանգառ» արգելող եւ «Կայանում» նշանները: «Ծուղակ են ստեղծել վարորդների համար եւ միլիոնների հասնող տուգանքներ են գրում: Մենք ամիսներ, տարիներ շարունակ կայանել ենք այդտեղ, բայց չենք իմացել, որ մեզ տուգանում են՝ առանց զգուշացնելու: Իսկ երբ իմացանք, դիմեցինք ՃՈ, բայց ապարդյուն: Ոչ ոք չի բերում եւ այդ նշանները չի տեղադրում»,- ներկայացրեց Ասրյանը: Իսկ թե որն է պատճառը, որ մեզ դիմած քաղաքացին ժամանակին չի մուծել ՃՈ-ից ստացված տուգանքները, ինչի արդյունքում այսօր դրանք տույժերի հետ միասին հասել են աստղաբաշխական թվերի, այս հարցի հետ կապված Նաիրի Ասրյանի կինը՝ Արփինե Միքայելյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք ապրում են մի հասցեում, սակայն գրանցված են մեկ այլ հասցեի վրա, որտեղ տարիներ առաջ են ապրել: «Նախկինում ՃՈ-ի տուգանքների մասով ծանուցումներն ուղարկվում էին հին հասցեով, եւ դրանք մեր ազգականները մեզ էին փոխանցում, սակայն որոշ ժամանակ անց գժտությունների պատճառով այդ ծանուցումները մեզ չէին հասնում: Եթե ոսկու գրավը հետ վերցնելու խնդիրը չլիներ, ապա մենք այդպես էլ չէինք տեղեկանա, որ խոշոր չափի գումար ունենք վճարելու, իսկ հաշիվներն էլ արգելանքի տակ են: Միլիոնների են հասնում այդ տուգանքները: Սկզբում 76 էր, հետո դարձավ 117 վարույթ՝ 1 մլն 282 հազար 500 դրամ: Եւ այսքան գումարը մենք պետք է վճարենք ճանապարհային ոստիկանությանը: Բայց մենք դիմում գրեցինք՝ ուղղված ՃՈ եւ տեղեկացրեցինք, որ մեր բնակության վայրը փոխվել է: Բայց միեւնույն է՝ ծանուցումները կրկին ՃՈ-ն ուղարկում էր հին հասցեով»- ներկայացրեց տիկին Միքայելյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ «Կոնվերս բանկ»-ի Աբովյանի մասնաճյուղի հետ, որտեղից հայտնեցին հետեւյալը. «Այս հարցը նույնիսկ ողջ բանկի իրավասությունների մեջ չի մտնում: Իր պարտավորությունները եթե վճարի, այսինքն՝ այդ արգելանքները հանվեն, ապա տվյալ քաղաքացին կկարողանա իր գրավադրված ոսկին հետ վերցնել: Օրենքը թույլ չի տալիս առանց իր մյուս պարտավորությունները մարելու բանկում գրավադրած իր մյուս արժեքները հետ վերադարձնել»:
«Ժողովուրդ»-ը տուժած քաղաքացուց տեղեկացավ նաեւ, որ դրամական հաշիվների վրա արգելանք դրվելուց հետո իր երկու ամսվա թոշակը (նա իր թոշակը քարտային տարբերակով է ստանում) ԴԱՀԿ-ն «քաշել է». «Իհարկե, դրանից հետո չեն ծանուցել՝ թե ո՞ր տուգանքի համար են քաշել, պարտքի որքա՞նն է մարվել»: Ի դեպ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 3.1 կետի համաձայն՝ պետական կենսաթոշակից կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը: ԴԱՀԿ-ից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ պարտապանի կենսաթոշակի վրա արգելանք չի կիրառվել, այլ պարտապանի բանկային հաշիվների վրա: Ըստ ԴԱՀԿ-ի՝ նմանատիպ դեպքերում պարտապանը պետք է ԴԱՀԿ ծառայությանը տեղեկացնի, որ այդ հաշվեհամարով ստանում է իր կենսաթոշակը, որպեսզի արգելանք կիրառվի օրենքով սահմանված կարգով՝ մինչեւ 30 տոկոս չափով:
Իսկ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ քաղաքացին այս հարցով մոտենա իրեն՝ խնդիրն ուսումնասիրելու համար:
Վերջում նշենք, որ հուսահատված քաղաքացին պատրաստվում է հացադուլ սկսել կենտրոնական բանկի առջեւ: Ահա, այսպիսի «Ապահով Հայաստան», որտեղ յուրաքանչյուր քայլի ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ու քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: «Հանդիպել եմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ` կոորդինացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը: Բոլոր համանախագահ երկրները նվիրված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ու բանակցային գործընթացին»,- գրել է Ուորլիքը:

 

ՆՈՐ ԼԱՐՈՒՄՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նոր լարումն անթույլատրելի է: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` մեկնաբանելով վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում ժամանակ առ ժամանակ առաջանում է լարվածություն: Իհարկե, շատ տխուր փաստ է, որ շփման գծում սկսել են կիրառվել նախկինում չգործածված նոր տիպի զինատեսակներ: Ես անկեղծ հույս ունեմ, որ ԼՂ հակամարտության նոր էսկալացիա չի լինի, քանի որ այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. միակ լուծումը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ: Ես չեմ կարող ասել, թե դա երբ կլինի, բայց հակամարտության երկու կողմերը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը եւ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ջանքեր գործադրեն այս հակամարտության կարգավորման ուղղությամբ»,¬ «Արմենպրես»¬ի հետ զրույցում ասել է դեսպանը:

 
ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ
«Հիդրոապարատ» ԲԲԸ-ի բաժնետերերը բաց նամակով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին: Նրանք ընկերությունը փրկելու համար խնդրում են առանձնացնել իրենց մասնաբաժինը, ինչը եղել է 1994 թվականի դրությամբ: Բացի այս՝ նրանք պահանջում են, որ Հայաստանի իրավապահ համակարգը բացահայտի կատարված առանձնապես խոշոր չափերի հասնող ապօրինությունները, յուրացումները:
«Հիդրոապարատ» ԲԲԸ-ն հիմնվել է Ջրվեժի Բագրեւանդ էլիտար թաղամասում տեղակայված 15 հա հողատարածքի վրա գտնվող «Հիդրոապարատ» գործարանի հիման վրա՝ 1990-ական թվականներին, երկրում կատարվող ապակենտրոնացման գործընթացի շնորհիվ: Ապապետականացման եւ հետագա սեփականաշնորհման գործընթացները կատարվել են գործարանի տնօրեն Մ. Աշուղյանի եւ գլխավոր հաշվապահ Կ. Վարդանյանի կողմից կեղծիքներով եւ կոպիտ խախտումներով:
2004թ.-ից մինչեւ 2012թ. ընկերության 65 տոկոս պետական բաժնեմասը մատնվել է անգործության եւ չի ծառայել բուն նպատակին, իսկ 2009թ.-ից ընդհանրապես ընկերությունը դադարեցրել է իր արտադրական գործունեությունը: Եւ 2010-ին ընկերությանը փորձեցին տանել կեղծ սնանկության, սակայն ձախողվեց սնանկության գործընթացը:
Թալանը կանխելու նպատակով 2007 թվականի հոկտեմբերի 24-ին դիմեցինք Նոր Նորքի ոստիկանություն, սակայն քրգործ հարուցելը մերժվեց: Իսկ 2012 թվականի հունիսին արժեթղթերի պետական բաժնեմասի 65 տոկոսը ներդրումային պայմանով 268 մլն դրամ արժողությամբ ձեռք է բերել «Մոնդո Դի Մոբիլ» ընկերությունը, որը չունի հստակ հասցե, իսկ ընկերության հիմնադիրներն են՝ «Լյուքսռեալ» ՍՊԸ-ն (այս ընկերությունը նույնպես պետռեգիստրում գրանցված չէ) եւ Ռուբիկ Գասպարյանը: Նույն թվականին «Հիդրոապարատ»-ի ներդրողները ընկերության անունից 58 մլն 937 հազար 447 դրամ վարկ են վերցրել: Ի՞նչ պայմանագրով է վերցրվել վարկը, ինչպե՞ս է մարվելու այն, քանի որ ընկերությունը գործունեություն չի ծավալում: Այնուամենայնիվ, 2014-ին «Մոնդո Դի Մոբիլի» ընկերության կողմից կատարվել է տնօրենի փոփոխություն՝ առանց գույքի հանձնման-ընդունման գործընթացի՝ երկու տնօրենների փոխադարձ համաձայնությամբ:
Հավելենք, որ բաց նամակը հեղինակել են՝
Ն. Հակոբջանյան
Շ. Գրիգորյան
Ժ. Կարապետյան
Էդ. Հակոբյան
Կ. Անդրեասյան
Զ. Պողոսյան
Յու. Սարգսյան
Ս. Սարգսյան
Ա. Մարգարյան
Ս. Ղասաբյան

 

ՌՈՒՍՆԵՐՆ ԷԼ ԿՓԱԿԵՆ
Ռուսաստանը հոկտեմբերի 25-ից կփակի իր օդային տարածքը ուկրաինական ավիաընկերությունների համար՝ ի պատասխան ռուսական ավիաընկերությունների դեմ Կիեւի համանման քայլի: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը երեկ հայտարարել է, որ նման ցուցում ստացել են երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւից:




Լրահոս