ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Երեւանի բնակիչները յուրահատուկ ձեւով օգնություն են խնդրում իրենց բնակարանների պահպանման համար: Կարծես թե կրկին իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել քանդել ինչ-որ մի տարածք, որտեղ մարդիկ են ապրում: Թե ովքեր SOS-ի այս պահանջին ականջալուր կլինեն, ժամանակը ցույց կտա:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անվանափոխության, ՔԿԱԳ գրառումներում ուղղումների, գրառումների վերականգնման ժամկետները, ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը եւ գանձվող պետական տուրքն ինչքա՞ն են կազմում:
Ալիսա Բալայան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով: Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ ԱՆ անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա Կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում 50.000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում 30.000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում 20.000 դրամ: ՔԿԱԳ գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունների կատարման, քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման վերաբերյալ դիմումը ՔԿԱԳ մարմինը պետք է քննարկի դրա ստացման օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ ԱՆ-ը՝ առավելագույնը երկու ամսով: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ակտի գրանցման վերականգնման վերաբերյալ կամ ՔԿԱԳ գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունների եզրակացությունը, ապա Կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով` երեք աշխատանքային օրվա ընթացքում` 30.000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում 20.000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում 10.000 դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անվան, ազգանվան, հայրանվան փոփոխությունների գրանցում կատարվում է անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության, արտաuանության դժվարության դեպքում: Մյուu դեպքերում անվան փոփոխում թույլատրվում է միայն բացառության կարգով՝ յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաuտաթղթերը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը համարվում է աշխատանքային ստաժ, թե ոչ:
Վարուժան Հարությունյան (29 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ աշխատանքային ստաժում հաշվարկվում է նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը: Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետն էլ իր հերթին ամրագրում է՝ այն գործատուն, որի մոտ ժամկետային զինվորական ծառայություն անցած անձը զորացրվելուց հետո անցել է աշխատանքի, վերջինիս ծառայության ժամանակահատվածը պետք է լրացնի նրա աշխատանքային գրքույկում:
«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից ակնհայտ է, որ պարտադիր ժամկետային զինծառայության տարիները աշխատանքային ստաժ են հաշվարկվում: Հավելենք, որ զինվորական կենսաթոշակի իրավունք ունեն ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների եւ Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողները: