ՀԱՆՈՒՆ ՀԷՑ-Ի ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հանդես է եկել հայտարարությամբ եւ իր պաշտոնական կայքէջում հրապարակել է էլէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման վերաբերյալ «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերության եզրակացությունը: Նշված եզրակացության համաձայն՝ էլէներգիայի սակագնի բարձրացումը եղել է հիմնավորված: Ըստ եզրակացության՝ Հայաստանի միակ էներգամատակարարը հայտնվել է դեֆոլտի եզրին, եւ ստեղծված իրավիճակը սպառնում է ողջ երկրի էներգահամակարգի կայունությանը: Մի խոսքով, վերը նշված եզրակացությունը նույնությամբ կրկնել է ժամանակին նույն ՀԾԿՀ-ի ղեկավարության հնչեցրած փաստարկներն առ այն, որ սակագնի բարձրացումն անխուսափելի է: Հրապարակված փաստաթուղթը գործնականում ոչնչով չհիմնավորված դատողությունների եւ եզրակացության կույտ է, որի համար ո՛չ մրցույթ հայտարարելու եւ ո՛չ էլ գումար ծախսելու կարիք չկար: Այն կարող էր գրել նաեւ ՀԾԿՀ-ի աշխատակազմի ստաժորներից որեւէ մեկը: Բայց ողջ խնդիրն այն է, որ այս «թղթի սեւացման» համար պետբյուջեից բավականին կլորիկ գումար է ծախսվել` 230 հազար դոլար: Ի դեպ, ՀԾԿՀ-ն ակնհայտ շտապողականություն է դրսեւորում, ինչի նպատակը թերեւս այն է, որ մինչեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործարքի պաշտոնապես կայացումը սակագնի հետ կապված «պատմությունն» ավարտեն: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները շտապում են, որպեսզի ՀԷՑ-ն արդեն իսկ բարձրացված սակագնով հանձնվի նոր սեփականատիրոջը: Ուստի ամենեւին էլ պատահական չէր, որ արդեն երեկ՝ երեկոյան, «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը պաշտոնապես հաստատեց, որ ՀԷՑ-ի՝ իրեն պատկանող բաժնետոմսերը վաճառել է «Տաշիր գրուպ» ընկերությանը:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ սպասվում է, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում քվեարկության կդրվի նոր Սահմանադրության նախագիծը: ՀՀԿ վերնախավն այս օրերին միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր խմբակցության բոլոր պատգամավորները ներկա լինեն: Սակայն խորհրդարանում հիմնական քննարկվող թեմաներից մեկն այն է, թե արդյոք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն արդեն դարձել է Սերժ Սարգսյանի «սիրելին», այս անգամ կգա՞ ԱԺ եւ կմասնակցի քվեարկությանը, թե՞ ոչ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել վերը բերված հարցի պատասխանը: «Գագիկ Ծառուկյանը մարտին հայտարարել է, որ հեռանում է մեծ քաղաքականությունից եւ այս փուլում ակտիվորեն քննարկվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցը նրա օրակարգում չկա: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 5-ին կայանալիք նիստի մասնակցությանը, այս պահին դեռ պարոն Ծառուկյանի անելիքների եւ աշխատանքային պլանների մասին տեղեկության չեմ տիրապետում»,- պատասխանեց Տոնոյանը:

 

 

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին երկու ամիսներին Երեւանի եւ մարզերի հիվանդանոցներից պարբերաբար ահազանգեր են ստացվում այն մասին, որ աղիքային հիվանդություններով դիմողների թիվը սովորականից շատ ավել է: Աղիքային հիվանդությունների դեպքի կտրուկ աճի հանգամանքը հաստատվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ: Այսպես, այս տարվա օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1179: Այսինքն՝ աղիքային հիվանդություններն աճել են 47,6 տոկոսով: Հարկ է նշել, որ աղիքային հիվանդությունների թվում բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 171: Անցած տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 63: Սուր աղիքային վարակները՝ չհաստատված, չճշգրտված հարուցիչներով, կազմել են 1065, մինչդեռ անցած 2014 թվականի այս ժամանակահատվածում դրանց թիվը եղել է ընդամենը 651 դեպք:

 

 

 

ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակել է այս տարվա առաջին ութ ամիսներին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած տրանսֆերտների ցուցանիշը: Ըստ այդմ, այս տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից եկած ոչ առեւտրային տրանսֆերտները, անցած տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են 44 տոկոսով: Այս տարվա օգոստոսին ոչ առեւտրային տրանսֆերտները կազմել են 87 միլիոն 220 հազար դոլար՝ անցած տարվա 156 միլիոն 15 հազար դոլարի դիմաց: Նշենք, որ ընդհանուր առմամբ այս տարվա ութ ամիսներին ոչ առեւտրային տրանսֆերտները կազմել են 584 միլիոն 852 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եղել է 926 միլիոն 920 հազար դոլար: Այսինքն՝ այս տարվա ութ ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան եկած ոչ առեւտրային տրանսֆերտները նվազել են 342 միլիոն 68 հազար դոլարով: Այսինքն՝ նշված գումարի չափով նվազել են արտերկրում հարազատ ունեցող հայաստանցիների եկամուտները:

 

 

 
ՆՈՐ ՓՈՒԼ

Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ուշագրավ էր հատկապես հայ-ադրբեջանական լարման եւ դրա հանգուցալուծման վերաբերյալ ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշման ներկայացման առումով: Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ողջ աշխարհին տեղեկացրեց եւ նախազգուշացրեց, որ այսպես այլեւս շարունակվել չի կարող. «Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլեւ մարդկային բոլոր նորմերը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարhող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական եւ ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»,-հայտարարեց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր առաջ էլ նա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում ասել էր.«Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել»: Սարգսյանի այդ հայտարարությունից անմիջապես հետո հայկական զինուժը պատժիչ գործողություններ իրականացրեց Աղդամի շրջանում, որոնց արդյունքում ադրբեջանական կողմն, ըստ ԼՂՀ Պնախարարի, տվել է շուրջ 20 զոհ եւ 60-80 վիրավոր: Եվ, որ ուշագրավ է, ո՛չ այդ գործողության, ո՛չ էլ ՄԱԿ-ի ամբիոնից Սարգսյանի արած հայտարարությունից հետո միջազգային հանրության կողմից դատապարտող արձագանք չեղավ: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտությունն այլեւս բոլոր մակարդակներով ընդունվում է որպես հայ-ադրբեջանական հակամարտություն եւ թեւակոխում է նոր` ռազմական լուծումների փուլ:
Ադրբեջանական հրետակոծություններին ի պատասխան՝ կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին Ս. Սարգսյանը հայտարարել էր դեռ անցած հունվարին, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա 9 ամիսները, չնայած բազմաթիվ առիթներին, հայկական կողմն այդպես էլ չիրականացրեց նման հարվածներ: Սրա արդյունքում արդեն ՀՀ-ի ներսում էլ էր մեծանում ներքին ընդվզումն ու քննադատությունը, եւ ավելի ու ավելի հաճախակի էին հնչում հատուցման եւ նախահարձակ լինելու կոչեր: Սակայն միայն այս ներքին գործոնը չէր կարող լինել Ս. Սարգսյանի նշված հայտարարությունների դրդապատճառը: Ակնհայտորեն, այստեղ գործ ունենք աշխարհաքաղաքական զարգացումների, մասնավորապես Սիրիայում ծավալվող սրընթաց ռազմական գործողությունների հետ, որոնց մասնակիցների շրջանակի ընդլայնումն ու շահերի բախումը նոր մարտահրավերներ, բայց եւ նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար:




Լրահոս