«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նախօրեի նիստում քննարկվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռոբերտ Ուոլթերի զեկույցը: Տեղեկացանք, որ Ուոլթերը սկսել է արդարանալ, թե ինչու է սեպտեմբերին ինքը այցելել Բաքու, բայց ՀՀ եւ Արցախ չի գնացել: Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստն է նախատեսված, ու Ռոբերտ Ուոլթերն ամեն ինչ անում է, որպեսզի մինչ այդ հանձնաժողովին ներկայացնի զեկույցը: Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի՝ արդեն հունվարի նստաշրջանում քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը կարող է զեկույցը ներկայացնել ԵԽԽՎ լիագումար նիստին:
Նշենք, որ նախօրեին հանձնաժողովի նիստի ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան առաջարկել է հետաձգել զեկույցի քննարկումը եւ նշանակել նոր զեկուցող, որը խնդիրն առավել հանգամանալից ուսումնասիրելու ժամանակ կունենա, քանզի Ուոլթերի մանդատի ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է: Քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը, սակայն, մերժել է այդ առաջարկը` հայտարարելով, որ նոր զեկուցող չեն նշանակի:
Ըստ մեր տեղեկությունների՝ եթե մինչեւ նոյեմբերի 4-ը Ուոլթերը զեկույցը չներկայացնի քաղաքական հանձնաժողովին, ապա այս խնդրով նոր զեկույց պետք է պատրաստվի: Ուոլթերը այս ժամանակահատվածում պետք է կարողանա այցելել Արցախ՝ զեկույցում Արցախի տեսակետը ներկայացնելու համար, եթե անգամ դա իրեն չհաջողվի, Ուոլթերը կարող է իր զեկույցում նշել նաեւ իր չգնալու պատճառը՝ ԼՂՀ իշխանությունների արգելքը իրենց երկիր մեկնելու: Հնարավոր է նաեւ, որ զեկույցի ընթացքը համարվի չեղյալ, ու սկսվի նոր զեկույց գրվել, բայց արդեն պետք է լինեն նոր քննարկումներ ու նոր զեկուցող, որը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը կտրականապես մերժում է՝ հավելելով, թե նա զեկույցն անպայման պատրաստելու է: Ուոլթերը նաեւ արդարացել է՝ նշելով, թե այն մեղադրանքները, որ ինքը ադրբեջանամետ է, իրականությանը չեն համապատասխանում: Նա հավաստիացրել է, թե ինքը «խավիրասեր» չէ, իր կյանքում երկու անգամ է խավիրա կերել, եւ իր անունը չպետք է ընդգրկվի Ադրբեջանի «խավիրակերների» պատվավոր ցուցակի հնգյակում:
Նախօերին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ժամանակ Ռոբերտ Ուոլթերը նաեւ հայտարարել է, թե իր համար վիրավորական է, երբ հայկական լրատվամիջոցները պնդում են, որ իր զեկույցը գրել է Բաքուն: Իսկ հայկական պատվիրակության անդամներն էլ հայտարարել են, թե եթե բրիտանացի պատգամավորը ցանկանում է Արցախ այցելել, ապա դրա միակ ճանապարհը ԼՂՀ իշխանություններին դիմելն է:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը՝ Ռ. Ուոլթերի Արցախ այցելելու հետ կապված:
-Մենք այդ հարցին բազմիցս անդրադարձել ենք, ու ինքն էլ արդեն հայտարարել է, որ չի եկել ո՛չ Արցախ եւ ո՛չ էլ Հայաստան: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած օբյեկտիվ, նորմալ զեկույց պատրաստող քաղաքական գործչի, պատգամավորի, եթե նա ներկայացնելու է իրականությունը: Մենք պատրաստ ենք ցանկացած վերլուծաբանի, գիտնականի ընդունել, եթե նա ուզում է օբյեկտիվ փաստաթուղթ-զեկույց պատրաստել: Եթե կա միակողմանիություն, եթե կա կանխակալ մոտեցում, չեմ կարծում, որ այստեղ մենք պետք է այդ հարցը քննարկենք կամ մեկնաբանենք: Մենք մեր մոտեցման մասին վաղուց տեղեկացրել ենք, մենք նման որեւէ քայլ չենք սատարելու:
-Ռ. Ուոլթերը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե իրեն հակահայ են համարում այն բանի համար, որ ինքը երկքաղաքացի է՝ Բրիտանիայի եւ Թուրքիայի, իսկ իր կինն էլ թրքուհի է, արդյո՞ք դա է պատճառը, որ Արցախի իշխանությունները մերժում են նրան ընդունել:
-Դա ի՞նչ կապ ունի, պետք է փոխվի տրամաբանությունը, պետք է փոխվի զեկույցի անվանումը, պետք է ընդհանրապես փոխվի փիլիսոփայությունը, եթե դա չկա, ապա որեւէ օբյեկտիվություն չի կարող լինել: Եթե չի փոխվում, ապա ինչ կապ ունի, թե նրա կինը ով է, ինչ ազգություն ունի: Եթե նշված զեկույցում գրվելու են այնպիսի բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, որոնք ընդգծված հակահայկական են, ինչ պետք է անենք մենք: Նրա վերնագրից արդեն հասկանալի է դառնում, թե զեկույցն իրենից ինչ է ներկայացնելու, բոլորին է դա հստակ: Մենք կարծում ենք, որ այդ զեկույցը արմատական փոփոխությունների կարիք ունի: Կրկնում եմ՝ մինչեւ զեկուցողը չփոխի զեկույցի անվանումը, մինչեւ օբյեկտիվ չլինի, մեր դիրքորոշումը չի փոխվելու: Իսկ եթե փոխվի, այդ հարցը մենք կքննարկենք:
ԽՈՍԵԼ Է ԱՅՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ՈՒՆԻ
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթին, նշել է, որ Ս. Սարգսյանն արել է այն, ինչը հատուկ է այսօրվա Հայաստանի իշխանության քաղաքական մտքին: «Սերժ Սարգսյանը խոսել է այն հզորությամբ, ինչ հզորության երկիր ունի»,-հայտարարել է Կարապետյանը:
«Սերժ Սարգսյանի մեղքը չէ, որ Ադրբեջանն ընկել է այդ վիճակի մեջ: Դա Ադրբեջանի նախագահի եւ նրա վարած իսկապես անգլուխ քաղաքականության արդյունքն է: Ստացվում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ մեկուսացման մեջ է, Մոսկվա չի գնում. վախենում է Ամերիկայից, Ամերիկա չի գնում. վախենում է Մոսկվայից, բռնել է թուրքական գիծը»,-նշել է Կարապետյանը: Ըստ բանախոսի՝ Սերժ Սարգսյանը տեղում հասկացավ, որ Ալիեւին բոլորը համարում են ոչ այնքան «խելոք» եւ հեռատես քաղաքական գործիչ. «Ես լինեի նախագահ, այդքան չէի կենտրոնանա դրա վրա, այդ դեպքերում կան դիվանագիտական լավ խողովակներ, այդ ամեն ինչը կարելի էր անել չերեւացող տարբերակով: Դու պետք է երեւաս ամեն ինչ հասկացող, շատ լայնախոհ, ցանկանաս ադրբեջանական ազգին ամեն դեպքում բարօրություն, որպեսզի իրենց ղեկավարության հետ խնդիրները լուծի, իսկ այդ սեւ գործն արվում է այլ ճանապարհներով, ու կան դրա համար հատուկ այլ մարմիններ»:
Արամ Կարապետյանը կարծում է, որ դահլիճում նստածներին այդքան էլ չէր հետաքրքրում, թե ինչի մասին կխոսի Սերժ Սարգսյանը ու արդյոք կանդրադառնա այս օրերի սահմանային լարվածությանը: «Դահլիճում գրեթե մարդ չէր մնացել, որովհետեւ մեծ մասամբ գերտերությունների ղեկավարների խոսելուց հետո դահլիճը դատարկվում է, բայց միանշանակ հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը խոսում էր այն հզորությամբ, ինչ հզորություն ունի իր երկիրը: Այսինքն՝ ինքը մեծ մասամբ խոսում էր մեր հարցերից, որ ներքին լսարանի գրտնակի տակ չընկնի, թե ինչու այդ վեհաժողովը չօգտագործեց՝ ասելու սահմանային լարվածության մասին, եւ այլն: Ի՞նչ եք կարծում՝ այդ վեհաժողովին նստածներից ո՞ւմ էր դա հետաքրքրում:
Իհարկե, պարզ է, որ պետք է բարձրացնել հարցեր, որոնք առօրյա են՝ սահմանային լարվածությունը, Ադրբեջանի հետ կապված Ղարաբաղի խնդիրը, բայց դրա հետ միասին աշխարհը, երեւի թե, հայ ազգից սպասում է հենց այդ քաոսային վիճակի հետ կապված լուծումների ալգորիթմ, քանի որ մեր ազգը երկար հազարամյակներ այդ քաոսների միջով անցել է ու ինչ-որ տեղ ունի այդ հիշողությունը եւ դիվանագիտության մեջ օգտագործելու կարողությունը: Աշխարհը միշտ հայ ազգից սպասելու է, որ մենք, քաղաքակրթական առումով, տարբեր կրոնների միասնության մեջ ապրելով, լինելով այդ կիզակետում՝ նմանատիպ ալգորիթմներ առաջարկենք: Ցավոք սրտի, Հայաստանի պետականության եւ այսօրվա էլիտայի մակարդակն այնպիսին է, ինչպիսին այդ ելույթը»,-եզրափակել է կուսակցության առաջնորդը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՔԻՉ ՀԱՑՈՎ ՈՒ ԱՂՈՎ
Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքի արտադրության ծավալները, ինչպես նախորդ ամիսներին, այս տարվա օգոստոսին եւս շարունակել են նվազել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 1.9 տոկոսով: Հիշեցնենք, որ հունվար-հուլիս ժամանակահատվածում հացի արտադրության ծավալները նվազել էին 1.8 տոկոսով: Նշենք, որ աղի արտադրության ծավալները նույնպես հունվար-օգոստոս ամիսներին նվազել են 8.8 տոկոսով: Նախորդ ամսվա տվյալներով՝ աղի արտադրության ծավալները նվազել էին 8.4 տոկոսով: Այսինքն՝ ինչպես տեսնում եք՝ այս երկու մթերքների արտադրության ծավալների անկման դինամիկան չի փոխվում: Սա ամենեւին էլ պատահական չէ, քանի որ հացը եւ աղը այն մթերքներն են, որոնց արտադրության ծավալներն ուղղակի կապված են սպառողների թվի հետ: Այսինքն՝ եթե նվազում է արձանագրվում, նշանակում է՝ համապատասխանաբար նվազել է նաեւ սպառողների թիվը:
ՏՈՒԳԱՆՎՈ՞ՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ին պարբերաբար ահազանգում են քաղաքացիներ եւ բողոքում Երեւանի հասարակական տրանսպորտում վարոդների ծխելու եւ հեռախոսով խոսելու դեմ: Մեզ ահազանգած քաղաքացիները մտահոգված են նաեւ, որ հասարակական տրանսպորտի ղեկին երբեմն նստում են 21-25 տարեկան անփորձ երիտասարդներ: Բացի այս՝ քաղաքացիների խոսքերով՝ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից արագությունը գերազանցելու դեպքերը երեւանյան փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը չեն արձանագրում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը մեկնաբանության համար դիմեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին, ով ասաց. «Նման բան չկա: Ինչպես այլ քաղաքացիների, այնպես էլ հասարակական տրանսպորտի դեպքում արագության գերազանցումն արագաչափ սարքերը ֆիքսում են, եւ խախտողները տուգանվում են»:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 117 դպրոցի աշակերտներից մեկի հետ զարմանալի միջադեպ է տեղի ունեցել: Երեխան վախեցած փախել է դպրոց եւ ասել, որ ցանկացել են կա՛մ իրեն, կա՛մ իր պայուսակը գողանալ: Այս հայտարարությունը խիստ անհանգստացրել է դպրոցի ուսուցիչներին, եւ վերջիններս կատարվածի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը: Ավելի ուշ պարզվել է, որ դպրոցի աշակերտի եւ մեկ այլ տղաների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում վիճաբանողներից մեկը ցանկացել է գողանալ դպրոցականի պայուսակը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են: