ԾԵԾԿՌՏՈՒՔ «ՀՐԱԶԴԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00 սահմաններում, ՔԿՀ-ի, այսպես ասած, «զոն նայող» Անդրանիկը ծեծի է ենթարկել մեկ այլ դատապարտյալի՝ ոմն Գրիշային, որը դատապարտյալների շրջանում հայտնի է «Խուժան» մականունով:

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին եւ մասնավորապես «զոն նայողների» ինստիտուտին: Հայտնի իրողություն է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջեւ գոյություն ունի հստակ հերարխիա: Ամենավերջում կանգնածը տվյալ ՔԿՀ-ի «նայողն» է: Այս համակարգը, որպես կանոն, ՔԿՀ վարչակազմի կողմից հատուկ խրախուսվում է, եւ «նայողները», որպես կանոն, օժտվում են հատուկ արտոնություններով: Ավելին՝ նաեւ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներն ու նրանց հարազատներն են շարունակում բարձրաձայնել քրեակատարողական հիմնարկներում տարիներ շարունակ գործող «զոն նայողներ»-ի ինստիտուտի մասին, նրանց դրած «նալոգների» մասին: Շատ են եղել դժգոհությունները, որ եթե շատ մարդիկ իրենց հարազատներին ժամանակին գումար չհասցնեն, ապա նրանց կյանքը վտանգված կլինի:
Եվ, ահա, սեպտեմբերի 27-ին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպը հենց այս ամենի վառ ապացույցն է:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերոնշյալ օրը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի 46 խցում բնակվող Անդրանիկը, որը, ըստ ՔԿՀ դատապարտյալների, «զոն նայող» է, դաժանորեն ծեծի է ենթարկել 41 խցի դատապարտյալ Գրիշային, ով առավել հայտնի է «Խուժան» մականունով:
Իսկ ինչից է սկսվել դատապարտյալների վիճաբանությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դատապարտյալների վեճը տեղի է ունեցել ժամը 13-ի սահմաններում, երբ կալանավորվածները դուրս են եկել զբոսանքի: Հենց այդ վայրում «զոն նայող» Անդրանիկը գումար է պահանջել Գրիշայից` «Խուժանից», սակայն վերջինս ուշադրություն չի դարձրել Անդրանիկի «ռեպլիկներին»: Եվ, ըստ էության, Անդրանիկին դուր չի եկել Գրիշայի արհամարհական պահվածքը, եւ վերջինս զայրանալով՝ որոշել է նրա հարցերը ուժի ճանապարհով լուծել: Արդյունքում՝ դատապարտյալների միջեւ սկսվել է ծեծկռտուք, եւ Անդրանիկը դաժան ծեծի է ենթարկել Գրիշային:
Նշենք, որ դատապարտյալներից շատերն այն աստիճան վախեցած են եղել, որ համարձակություն չեն ունեցել միջամտելու` ըստ էության վախենալով հետագայում ամենակարող «նայող» Անդրանիկի հետ խնդիրներ ունենալուց:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ դատապարտյալների միջեւ տեղի ունեցած աղմկալի ծեծին ականատես են եղել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ռեժիմի պետի տեղակալ Անտինյանը եւ սոցիալ-հոգեբանների բաժնի պետի տեղակալը: Բայց երբ պաշտոնյաները փորձել են կանխել դատապարտյալների ծեծը, Անդրանիկը նրանց եւս հարվածել է՝ ասելով. «Չհամարձակվեք մոտենալ, եթե մոտեցաք … (հայհոյանքներ, Ք.Մ.)»:
Այսպիսով, վիճաբանությունը ավարտվել է ՔԿՀ անվտանգության աշխատակիցների միջամտության արդյունքում, սակայն, ինչպես պարզեցինք, դատապարտյալ Գրիշան բավականին լուրջ վնասվածքներ է ստացել, եւ այս օրերին նրա դեմքը ամբողջությամբ կապտուկների մեջ է:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին, որտեղից հայտնեցին, թե դատապարտյալները փորձել են միջադեպ հրահրել, սակայն այդ փորձը կանխվել է:
Մեր այն պնդմանը, թե ինչպե՞ս է կանխվել, եթե դատապարտյալ Գրիշան ամբողջությամբ կապտուկների մեջ է, ՔԿՎ հանրային կապերի բաժնից վստահեցրին, որ վարչության աշխատակիցները գնացել են «Հրազդան» ՔԿՀ եւ տեսել Գրիշային, նման բան չկա:
Հավելենք, որ ՔԿՎ ներքին կանոնակարգի համաձայն՝ տեղի ունեցածի մասով այժմ արդեն ներքին քննություն է ընթանում: Հուսանք՝ այդ ընթաքում կպարզվի, թե ինչու են ՔԿՀ պետի տեղակալն ու մյուս ենթական այդքան «խեղճացել» դատապարտյալի առջեւ: Դատելով ՔԿՀ այցելած մյուս պաշտոնյաներից՝ կարելի է եզրակացնել, որ բավականին լուրջ միջադեպ է գրանցվել, սակայն հանրային կապերից, բնականաբար, առավել մեղմ ներկայացրին գույները:
Նշենք, որ եթե ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը համապատասխան քայլեր չիրականացնի ՔԿՀ-ում «զոն նայողներին» զսպելու ուղղությամբ, ապա, ըստ էության, նրան սպառնում է 2012 թվականի Վրաստանի պատիժների կատարման եւ իրավական օգնության հարցերով նախարար Խաթունա Կալմախելիձեի ճակատագիրը: Հիշեցնենք, որ 2012 թվականին Վրաստանում գտնվող Գլդանի բանտում բացահայտվել էին կալանավորների խոշտանգման փաստեր: Քննիչների տվյալներով՝ ՔԿՀ-ի մի խումբ աշխատակիցներ «անմարդակային էին վերաբերվել բանտարկյալների հետ եւ նկարահանել էին իրենց գործողությունները»: Վրաստանի ՆԳՆ-ն իր կայքում տեղադրել էր տեսանյութերի որոշ հատվածներ՝ պարզաբանելով, որ մնացած կադրերն անթույլատրելի են հանրային դիտման համար:
Եվ, ահա, այս ամենի արդյունքում Կալմախելիձեն հրաժարական տվեց՝ հրապարակավ հայտարարելով, թե «զգում է հանրության առջեւ իր պատասխանատվությունը բանտում տեղի ունեցած դեպքերի համար»: Ավելին՝ այս աղմկալի բացահայտումից հետո հրաժարական էր տվել Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ երկու նախարարներն էլ փախել են երկրից:
Ի դեպ, տեղի ունեցած միջադեպը լուրջ մարտահրավեր էր նաեւ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի համար: Նրբագեղ նախարարուհին ստիպված է լինելու իր աշխատասենյակում քննարկել «զոն նայողների» ինստիտուտի վերացմանը միտված անհրաժեշտ քայլերի մասին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ՊԼԱՆՆԵՐԸ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է գլխավոր դատախազություն` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելու միջնորդությամբ: Մինչդեռ իրականում կոմիտեն միջնորդել է մարզպետի որդու խափանման միջոցը վերացնել:
Այսպիսով մարզպետը հասավ նրան, որ քննիչները տուժող կողմի «թե»-ական խոսքի հիման վրա որոշեցին Տ.Խաչատրյանին ազատ արձակել: Բայց քանի որ նրանք «լավ պատրաստված» պրոֆեսիոնալներ են, ցանկանում են «գործը գլխից փակել»՝ ընդհանրապես ընտրված խափանման միջոց կալանքի թեման վերացնել ասպարեզից, այլ ոչ թե խնդիրը լուծել գրավի միջնորդությամբ կամ ստորագրությամբ: Դատելով իրավիճակից՝ ավելի ուշ նաեւ կլսենք, որ մարզպետի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել քննչական կոմիտեի կողմից: Մարզպետն ամեն գնով փորձում է հասնել իր նպատակին:
Եւ հիմա Գ. Կոստանյանի սկզբունքայնությունն առավել ցայտուն կերեւա. արդյո՞ք նա «երեւի»-ով, «գուցե»-ով գործածվող նախադասության հիման վրա ազատ կարձակի Սյունիքի մարզպետի որդուն, թե՞ կշարունակի արդարության որոնումը: Ինչպես հայտնի է՝ տուժող Հարություն Զաքարյանը գործով մեղադրյալ Յուրայի հետ առերես հարցաքննման ժամանակ ասել է, թե չի հիշում՝ գուցե իր աչքին հարվածել է Յուրան, ոչ թե Տիգրանը: Քննիչներն էլ որոշել են, որ Հ. Զաքարյանը ցուցմունք է փոխել, եւ խեղճ մարզպետի որդին անարդար ձեւով գտնվում է կալանքի տակ:
Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազի մտերմությունը մարզպետի հետ կնպաստի գործի նման ելքի ապահովմանը, երեկ Գ. Կոստանյանը հայտարարեց. «Որեւէ մտերիմ, ոչ մտերիմ, թշնամական, բարեկամական կամ, չգիտեմ, ցանկացած այլ դրսեւորմամբ հարաբերություններ չունեմ եւ չեմ էլ ունեցել: Ես չունեմ կանխակալ վերաբերմունք որեւէ անձի խափանման միջոցի վերաբերյալ: Չունեմ հարաբերություն, եւ Խաչատրյանների ընտանիքն ինձ համար բոլոր ընտանիքների նման ընտանիք է»:
Այն, որ Սյունիքի մարզպետը, վայելելով իշխանությունների հովանավորությունը, ՀՀ-ում մշտապես կարողանում է հաղթող դուրս գալ, թերեւս անքննարկելի իրողություն է: Իսկ ի՞նչ զարգացումներ են սպասվում ՄԻԵԴ-ում: Ինչպես արդեն գրել էինք՝ 2013թ. հունիսի 1-ին մարզպետի տան մոտ հնչած կրակոցների գործով սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, իսկ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դատավոր Արմեն Հարությունյանը մարզպետի բարեկամն է, ինչը հաստատել էր նաեւ Ս. Խաչատրյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գ. Կոստանյանը այս թեմայով ասաց. «Ինչպես յուրաքանչյուր դատարանում, այդպես էլ ՄԻԵԴ-ում դատավորի ինքնաբացարկման մեխանիզմը հստակ աշխատում է: Այն հանգամանքը, որ Ա. Հարությունյանը Սյունիքի մարզպետի բարեկամն է, անկեղծ ասած, ինձ ծանոթ չէ, ես Ձեզանից եմ լսում: Բայց եթե անգամ նման խնդիր կա, ապա տվյալ գործի քննության ընթացքում Հարությունյանը ինքնաբացարկ կհայտնի, եւ վերջ, հարցը կփակվի»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԻՍԿ Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ
Երեկ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները նորից հավաքվել են Լոռու մարզպետարանի դիմաց` պահանջելով իրենց՝ ամիսներով կուտակված աշխատավարձերը: Ցուցարարներին մոտեցած ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասել է, որ դեռ չի կարող որեւէ դրական պատասխան տալ նրանց. «Այստեղ պետության մեղավորության բաժինը ո՞րն է, պետությունը մեղավո՞ր է, որ մի անպարտաճանաչ սեփականատեր է հայտնվել ու մարդկանց աշխատավարձերը չի տալիս: Եթե չի տալիս, արդեն նոր պետությունը փորձում է միջամտել, բայց պիտի ճանապարհներ գտնել, չէ՞, թե ինչպես օգնի սեփականատիրոջը»:

 

ՄԵԾ ԹՎՈՎ ԶՈՀԵՐ, ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
ԼՂՀ ՊՆ նախարար Լեւոն Մնացականյանը Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը 11-12 զոհ ունի եւ 60-80 վիրավոր, որոնք բուժում են ստանում հոսպիտալներում. «Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը եւ կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի»:

 

ՉԵՆ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ
ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով սահմանային վերջին դեպքերին, երեկ ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները չեն մատնանշում լարվածության համար պատասխանատու կողմին:

 

ԳՈՆԵ ԱՐՁԱԳԱՆՔ ՀՆՉԻ
«Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ադրբեջանի հարձակումների առնչությամբ ավելի ակտիվ լինեին, բայց, առայժմ, ցավոք, լուրջ արձագանք չկա: Ցանկալի կլիներ լսել նման արձագանք: Մենք անվտանգության նույն կառույցի, նույն համակարգի մեջ ենք, ուստի պետք է, որ գոնե արձագանք հնչի: Առայժմ օգնություն չենք խնդրում, սակայն ցանկալի կլիներ ունենալ զուտ մարդկային աջակցություն»,- երեկ ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

 

ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏԱՀՈԳ Է
Ֆրանսիան կոչ է արել բոլոր մտահոգ կողմերին այլեւս թույլ չտալ, որ հայ-ադրբեջանական սահմանին զոհեր լինեն: Այս մասին, ըստ «Apa»-ի, ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Լրագրողները Ֆրանսիայի ղեկավարից հետաքրքրվել են, թե ինչպես է իր երկիրը արձագանքում հայ-ադրբեջանական սահմանում վերջին զարգացումներին: Նա պատասխանել է, որ Փարիզը պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի հակամարտությունը լուծելու նպատակ: Օլանդը նաեւ նշել է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի շարունակեն միջնորդական ջանքերը:




Լրահոս