Երեւանի ճանապարհային ոստիկանապետ Արսեն Արշակյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ ոստիկանությունն օրենսդրական նոր առաջարկով հանդես կգա՝ վթարների ժամանակ ճանապարհային երթեւեկությունն արագ կարգավորելու համար:
-Պարո՛ն Արշակյան, նախագահական ընտրություններից հետո տարբեր պաշտոնյաներ հրաժարականներ են տալիս, սպասվում են փոխատեղումներ նաեւ ոստիկանությունում: Ձեզ ի՞նչ ,անակնկալներե են սպասվում:
-Մենք ծառայող ենք, իսկ պաշտոնի նշանակողն ու պաշտոնից ազատողը ՀՀ ոստիկանապետն է: Ես որեւէ տեղեկություն չունեմ թե՛ պաշտոնի փոխատեղման, թե՛ պաշտոնից ազատելու մասին: Մեկ անգամ ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից, ուղարկվել եմ կադրերի ռեզերվ, այնուհետեւ ոստիկանապետի հրամանով նշանակվել եմ պաշտոնի: Որտեղ ոստիկանապետը նպատակահարմար է գտնում, այնտեղ էլ ես ծառայում եմ:
-Մարդիկ հույս ունեին, որ փողոցներում տեսախցիկներ տեղադրելուց հետո ճանապարհներին չէին հանդիպելու ՃՈ աշխատակիցներին: Սակայն այսօր այլ պատկեր է: Ինչո՞ւ:
-Ազգաբնակչության մոտ կարծիք է ստեղծվել, որ ՃՈ ծառայությունը ստեղծված է միայն խախտումներ հայտնաբերելու կամ առհասարակ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: ՃՈ աշխատակիցների աշխատանքի մեջ այլ խնդիրներ էլ են մտնում, օրինակ՝ ապահովում ենք բարձրաստիճան հյուրերի ուղեկցումները, վթարների սպասարկումը, ունենում ենք ծանր երթեւեկություններ, որը ՃՈ տեսուչի կողմից կարգավորվում է: Այն խաչմերուկները, որտեղ տեսանկարահանվում են, ՃՈ-ն չի իրականացնում ծառայություն, արդեն կոնկրետ խախտումը ֆիքսում է տեսանկարահանող սարքը, իսկ մյուս վայրերում այդ աշխատանքը կատարում է ՃՈ աշխատակիցը:
–Այսինքն՝ տեսախցիկների տեղադրումից հետո ՃՈ աշխատակիցների թիվը չի՞ կրճատվել: Կա՞ վիճակագրություն այդ մասին:
-Կոնկրետ Երեւանում ՃՈ աշխատակիցների թիվը չի կրճատվել, մինչեւ տեսանկարահանող սարքերի տեղադրումը եղել է 250 հոգի, նույն ձեւով պահպանվել է այդ թիվը: Մենք ծառայության ընթացքում լուծելու բազմաթիվ խնդիրներ ունենք:
-Տեսախցիկներից գանձված գումարների ո՞ր մասն է պետբյուջեին հատկացվում: Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ տեսախցիկներ տեղադրող ՍՊԸ-ն դե ֆակտո պատկանում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին:
-Թե տեսախցիկներն ում են պատկանում, անկեղծ ասած՝ առաջին անգամ Ձեզանից եմ լսում: Բյուջեի մուտքերի մասին տեղեկությանն էլ չեմ տիրապետում:
–Իսկ ՃՈ-ն ինչո՞ւ վթարների ժամանակ չի կարողանում այնպես կազմակերպել աշխատանքը, որ ԱՊՊԱ-ին սպասելիս ժամերով խցանումներ չառաջանան: Հնարավո՞ր չէ՝ վթարից հետո ՃՈ աշխատակիցները կազմեն արձանագրություն, նկարահանեն դեպքի վայրը, այնուհետեւ մեքենաները դուրս բերեն փողոցից, մինչեւ ԱՊՊԱ-ն “ժամանի”: Որպես կանոն՝ ՃՈ-ն ավելի շուտ է հասնում, քան ԱՊՊԱ-ն:
-Երբ որ մենք տեսնում ենք` իսկապես անելանելի վիճակ է, եւ բախված մեքենաների պատճառով կարող ենք ունենալ լուրջ խցանումներ, ՃՈ-ն (իհարկե, թվով շատ քիչ դեպքեր են լինում) նկարահանելով մեքենաները դուրս է բերում: Իմ տեղեկություններով՝ ոստիկանությունն օրենսդրական փոփոխություններով հանդես կգա, որպեսզի տեսանկարահանման միջոցով կարողանանք մեքենաներն արագ դուրս բերել ու խուսափել խցանումներից:
-Պարբերաբար Երեւանում հայտնվում են վրացական, ռուսական, իրանական պետհամարանիշերով մեքենաներ. երբ դրանք խախտում են ՃԵԿ-ը, որը ֆիքսվում է նաեւ տեսանկարահանող սարքերի կողմից, ո՞ւմ է ուղարկվում տույժի մասին տեղեկացնող նամակը:
-Այժմ որեւէ գործողություն չի իրականացվում, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ շատ շուտով մաքսային կետերում մենք կունենանք կոնկրետ հաշվառում՝ այդ մեքենաների հետ կապված, ու հանրապետության սահմանից դուրս գալիս իրենք կվճարեն իրենց կողմից կատարած խախտման համար:
-Ե՞րբ է վերջ տրվելու Երեւան-Սեւան ավտոմայրուղու վրա ՃՈ աշխատակիցների “պահմտոցիներին”:
-Թո՛ւյլ տվեք Ձեր նշած “պահմտոցու” հետ չհամաձայնել: Կոնկրետ այդ հարցով պետք է 2-րդ գումարտակ դիմե՛ք, բայց ինձ թվում է՝ դա այդպես չէ:
-Իսկ կա՞ն այնպիսի համարանիշերով ավտոմեքենաներ, որ ՃՈ աշխատակիցները վախենում են կանգնեցնել եւ տուգանել՝ անկախ նրանց թույլ տված խախտումի տեսակից:
-Չկա այդպիսի մի մեքենա, չկա այդպիսի մի ՀՀ քաղաքացի, չկա ժողովրդի լեզվով ասած շքեղ մի համարանիշ, որ կարող է ՃՈ-ի վրա ինչ-որ ազդեցություն թողնել: Այդ կարծիքը ստեղծվում է միայն այն մարդկանց մոտ, որոնք փորձում են պատսպարվել այդ կարծիքի հետեւում՝ պարզապես աշխատանք չիրականացնելով: Անպատժելի վարորդ Երեւան քաղաքում գոյություն չունի:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 491 համար