ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու միջոցով իշխանության ղեկը որեւէ մեկին չզիջելու Սերժ Սարգսյանի մասնավոր ցանկությունը դժվար է զուգահեռել Հայաստանի պետական շահերին: Թեեւ այդ ցանկության արդյունքում Հայաստանում վերջապես «կվերականգնվի» սահմանադրական կարգը, սակայն ոչ թե օրենքի կիրառման, այլ ապօրինությունը սահմանադրական նորմի վերածելու ճանապարհով: Այս անգամ անդրադառնանք հանրապետության նախագահի պաշտոնանկության ընթացակարգին, որում արվել է բավականին հետաքրքիր՝ արտաքուստ մանր, սակայն էությամբ մի կարեւոր փոփոխություն:
Այսպես, առաջարկվող տարբերակում 140-րդ հոդվածը սահմանում է հանրապետության նախագահի պաշտոնանկության կարգը: Ըստ այդմ, «Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության, ինչպես նաեւ Սահմանադրության կոպիտ խախտման համար»: Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան, որի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով խորհրդարանը հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում: Իսկ, ահա, եթե ՍԴ եզրակացությամբ նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի օրակարգից: Համեմատության համար հայացք ձգենք գործող Սահմանադրությանը, որի 57-րդ հոդվածը եւս սահմանում է նախագահի պաշտոնանկության հիմնահարցը. «Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»: Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան: Վերջինիս եզրակացությամբ էլ պաշտոնանկության վճիռը կայացվում է պատգամավորների առնվազն 2/3-ի համաձայնությամբ: ՍԴ-ի բացասական եզրակացության պարագայում հարցն ինքնաբերաբար դուրս է գալիս ԱԺ-ի քննարկման տիրույթից:
Ինչպես տեսնում ենք՝ գործող Սահմանադրության եւ առաջարկվող տարբերակի միջեւ արտառոց տարբերություններ կարծես չկան: Սակայն, ինչպես անգլիական ասացվածքն է պնդում, սատանան մանրուքների մեջ է: Եվ իրավամբ, նույն խնդրին անչվող վերոնշյալ երկու հոդվածներում գոյություն ունի մանր, բայց խիստ մեծանշանակ մի տարբերություն: Գործող Սահմանադրության 49-րդ հոդվածով ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, եւ ամբողջովին հիմնավոր է ենթադրել, որ նա չի կարող խախտել սահմանադրական որեւէ դրույթ, հակառակ պարագայում՝ պարտադիր պետք է դրվի նրա պաշտոնանկության հարցը: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի հանձնաժողովը եւս նման պարտականություն է դրել նախագահի ուսերին, սակայն վերոհիշյալ հոդվածում միաժամանակ անուղղակի հակասության թնջուկ սերմանել: Ստացվում է՝ ՀՀ նախագահը կարո՛ղ է խախտել Սահմանադրությունը, սակայն միայն «կոպիտ» խախտման դեպքում է ենթակա իմպիչմենտի սպառնալիքին: Սա, համաձայնեք, անհեթեթություն է: Ի՞նչ տարբերություն՝ Սահմանադրության խախտումը կոպիտ է, թե ոչ, չէ՞ որ այս փաստաթուղթն ու նրա դրույթները լինելու են մեր պետության մայր օրենքը եւ պարտադիր բոլորի համար՝ գործելու օրենքի տառին համապատասխան: Ի վերջո, ի՞նչ է, հանձնաժողովը միաժամանակ մի բարոմետր է ստեղծելո՞ւ, որ չափի՝ նախագահի կատարած խախտումը կոպի՞տ է, թե՞ ոչ: Եթե հաշվի առնենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն կունենա, իրենց ընտրած նախագահի ցանկացած խախտում եւ ապօրինի գործողություն ազատորեն կանվանեն «մանր խախտում» այնքան ժամանակ, քանի դեռ «գենսեկ» Սարգսյանը նրանց հակառակ հրահանգ չի իջեցնի:
Ինչեւէ, կրկին ուշադրություն դարձնենք գերմանական եւ իտալական մոդելներին: Ըստ Գերմանիայի Սահմանադրության՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարան ուղարկվող համապատասխան որոշմամբ՝ ելնելով Սահմանադրության կամ դաշնային օրենքի դիտավորյալ խախտման հանգամանքից: Փաստաթուղթը ՍԴ ուղարկելու համար բավարար է պատգամավորների 1/4-ի աջակցությունը, իսկ իմպիչմենտի որոշման կայացման համար՝ նվազագույնը 2/3-ի համաձայնությունը: Իսկ Իտալիայում նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններով պայմանավորված գործողությունների համար՝ բացառությամբ ծանր հանցանքի կամ Սահմանադրության դեմ կատարած ոտնձգության: Այս դեպքերում նախատեսվում է նախագահին պաշտոնանկ անել խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում՝ պատգամավորների բացարձակ մեծամասնության համաձայնությամբ: Հետաքրքիր է, որ Իտալիայում նախագահի պաշտոնանկության համար կազմակերպվող ՍԴ նիստին, բացի մշտական դատավորներից, պետք է մասնակից դառնան Սենատի ընտրությանը մասնակցելու որակավորում ունեցող 16 քաղաքացիներ, որոնց յուրաքանչյուր 9 տարին մեկ պատրաստում է խորհրդարանը սովորական դատավորներին նշանակող ընտրական ընթացակարգի միջոցով:
Այսպիսով՝ կարելի է փաստել, որ սահմանադրական փոփոխությունները մշակող հանձնաժողովի կողմից վերանայվել է հանրապետության նախագահի պաշտոնանկության դրույթներից մեկը: Ոչ միայն հակասություն է առաջանում գործող Սահմանադրության եւ առաջարկվող տարբերակում առկա մեկ այլ ձեւակերպման հետ, այլեւ ակնհայտորեն անտեսված են իշխանության քարոզչության զենքերը հանդիսացող իտալական եւ գերմանական տարբերակները, որոնցից առաջինը պնդում է, որ նախագահը չի կարող որեւէ ոտնձգություն թույլ տալ Սահմանադրության նկատմամբ, իսկ երկրորդի պարագայում նախագահը կարող է պաշտոնազրկվել Սահմանադրության կամ դաշնային օրենքի կանխամտածված խախտման համար: Այսօրինակ դրույթներով սարգսյանական հանձնաժողովը միանշանակորեն ապականում ու արժեզրկում է սահմանադրություն երեւույթը՝ ամեն քայլափոխի դիտավորյալ կերպով անորոշություններ ու թյուրըմբռնումներ սփռելով: Եզրակացությունը մեկն է՝ պետական կառավարման համակարգը բացառապես սեփական շահերին համապատասխան ձեւելու սարգսյանական այս փորձարկումը հաշվի չի առնում ո՛չ Հայաստանի պետականության ավանդույթները, ո՛չ էլ միջազգային փորձի դրական առանձնահատկությունները:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանական գնդակոծության պատճառով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 23 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվել: Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ գնդակոծվող խաղողի այգիները պատկանում են 43 այգեհովիտցու: Նրա խոսքերով՝ այդ այգիներից նախատեսվում էր հավաքել նվազագույնը 150 տոննա խաղող: Լ. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք կսպասեն եւս մի քանի օր, ապա բերքը հավաքելու հնարավորության բացակայության դեպքում կդիմեն Տավուշի մարզպետարան, որպեսզի այդ այգիների տերերին պետական փոխհատուցում տրվի:
Նշված այգիների տերերից 12-ը խաղողի հանձնման պայմանագիր ունեն Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ, մնացածներն իրենց բերքը պետք է հանձնեին Իջեւանի, Այգեպարի եւ Դեբեդավանի գործարաններ: Գյուղի ցածրադիր հատվածում գտնվող Ուռի հողերում, խաղողի բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է այգեհովտցի Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին էլ նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան է ադրբեջանական դիպուկահարի կրակից մեծ չափով վնասվել: Գյուղացիների հետ զրույցներից տեղեկացանք, որ Ուռի հողերի դեմ-դիմաց ադրբեջանցիները բարձրախոսներով կրկնում են հակահայկական քարոզչական տեքստեր:
Ձայնագրված այդ տեքստերում ադրբեջանցիները հայերենով հայտարարում են, որ թույլ չեն տա բերքահավաք կատարել, որ հայերն ադրբեջանցիների հողերն են զբաղեցրել եւ այլն: Գյուղապետ Գրիգորյանը հաստատեց այս իրողությունը՝ հավելելով, որ ադրբեջանցիների քարոզչությունը չի ազդում իր համագյուղացիների վրա, քանի որ արդեն 25 տարի իրենք ապրում են պատերազմական առօրյայով: Նրա կարծիքով ադրբեջանցիների քարոզչությունը վկայում է վերջիններիս հուսահատական վիճակի մասին եւ նկատեց՝ «արջն իր ահից է գոռում»: Նշենք, որ ադրբեջանական կողմը հակահայկական նմանատիպ քարոզչություն իրականացրել է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղում:
Բարեկամավանի դիրքերը պաշտպանող հայ զինծառայողները հայերեն լեզվով նույնաբովանդակ կոչեր են լսել ինչպես այս, այնպես էլ անցած տարի: Բարձրախոսներից հայ սահմանապահներին կոչ է արվել լքել դիրքերը եւ անցնել Ադրբեջանի տարածք: Ազերիները սահմանը հատելու, Ադրբեջան անցնելու համար նույնիսկ ժամկետ են տվել` 3 օր: Դեռեւս ֆաշիստական Գերմանիայի կողմից լայնորեն կիրառված քարոզչության այդ ձեւը, սակայն, Հայաստանի սահմանագոտում հետեւանքներ չի ունենում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՐԱՎՈՒՄ Է ԱՖՐԻԿԱՆ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Կառավարության այսօրվա նիստին կներկայացնի կարեւոր, շատ կարեւոր մի նախագիծ, որն էլ գործադիրի կողմից հավանության կարժանանա: Մշակույթի նախարարը, ով տարվա մեջ մի քանի անգամ մամլո քարտուղար է ազատում եւ նշանակում, այսօրվա նիստին կներկայացնի ՀՀ-ի եւ Տոգոյի Հանրապետության կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի մասին որոշման նախագիծը: Ըստ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ մշակույթի ոլորտում այս համաձայնագրի առկայությունը թույլ կտա խթանել ֆիլմերի փոխանակման միջոցով համագործակցությունը կինոյի ոլորտում, միջազգային փառատոնին եւ այլ մշակութային միջոցառումներին մասնակցությունը, միմյանց տարածքներում ֆիլմերի կազմակերպումը:
Ի դեպ, այս համաձայնագրից կօգտվեն նաեւ գրադարանները, թատրոնները: Մասնավորապես գրադարանների արխիվների, թատրոնների միջեւ կխթանվի տեղեկատվության եւ փորձի փոխանակումը: Սակայն ուշագրավն այն է, որ երկու երկրների կառավարությունների կողմից կստեղծվի խառը հանձնաժողով, որի նիստերը կգումարվեն երկու տարին մեկ անգամ՝ Երեւանում եւ Լոմեում: Իսկ հիմա Տոգոյի Հանրապետության մասին. Տոգոն պետություն է Աֆրիկայի արեւմուտքում՝ Գվինեական ծոցի ափին: Այն ձգվում է դեպի հյուսիս՝ մայրցամաքի խորքը: Այնպես որ, այս համաձայնագիրը հայ կինոարտադրությանը մի այլ խթան կհանդիսանա: