ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Սեպտեմբերի 28-ին Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից՝ ի պատիվ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում նախագահներ Բարաք Օբաման եւ Սերժ Սարգսյանը կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ եթե քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ է անցկացվում, ապա դրա արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին տվյալ պաշտոնում նշանակելու համար ընտրության չափորոշիչներ սահմանվա՞ծ են, թե՞ ոչ:
Ալբերտ Հունանյան (32 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին տվյալ պաշտոնում նշանակելու համար ընտրության չափորոշիչներ սահմանված չեն: «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին համապատասխան պաշտոնում նշանակում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո: Ի դեպ, քաղաքացիական ծառայության բարձրագույն եւ գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քաղծառայության խորհրդի աշխատակազմը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար եւ կրտսեր թափուր պաշտոնների համար՝ համապատասխան մարմնի աշխատակազմը: Վերջում հավելենք, որ մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքե՞ր կարող են ստանալ հաշմանդամության կենսաթոշակ:
Գայանե Օնիկյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել՝
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով, անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը՝
Տարիքային խումբը Աշխատանքային uտաժը`օրացուցային տարիներով
մինչեւ 23 2 տարի
23-ից մինչեւ 26 3 տարի
26-ից մինչեւ 29 4 տարի
29-ից մինչեւ 32 5 տարի
32-ից մինչեւ 35 6 տարի
35-ից մինչեւ 38 7 տարի
38-ից մինչեւ 41 8 տարի
41-ից մինչեւ 44 9 տարի
44-ից բարձր 10 տարի
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ-ում 2014թ-ին 2013թ. համեմատ՝ հաշմանդամների թիվը 4783-ով ավելացել է. 2014-ին հաշմանդամների թիվը կազմել է 198 հազար 619, իսկ 2013-ին՝ 193 հազար 836: