Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը փետրվարի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ նախագահի թեկնածուներից մեկը աղանդավորական կառույցի ներկայացուցչի երեխայի քավորն է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին այսօր կան մարդիկ, որոնք, թեժ պահն օգտագործելով, կհասնեն իրենց նպատակին. “Կրոնական, աղանդավորական կառույցներն ակտիվորեն ներքաշված են քաղաքական կյանքին, մենք ունենք դեպուտատներ, ովքեր աղանդավորներ են”:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը, եւ Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս մենք ունենք աղանդավոր պատգամավորներ: Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են նրանք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մի՞թե նրանցից շատերի վարքն ավելի վտանգավոր չէ, քան աղանդավորինը: Ես անուններ չեմ կարող տալ, բայց համոզված եմ, որ աղանդը թափանցել է նաեւ ԱԺ: Ցավում եմ… Իհարկե, մեզանում էլ շատացել էին տարբեր աղանդներին հարողները, բայց վերջերս կարծես թե քիչ-քիչ հասկանալով հետ են գալիս… Ասեմ, որ մեր առաքելական եկեղեցին էլ իր մեղքի բաժինն ունի: Թող վիրավորական չհնչի, մի այսպիսի թեւավոր խոսք կա` երբ գյուղից հեռանում են շները, այն գայլերով է լցվում…
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
հաղորդավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Սկսենք նրանից, որ աղանդների հիմնական նպատակն է խարխլել ազգային էթնիկ միավորների կրոնական ուղղվածությունը, քանի որ միասնական հավատքն իր մեջ ազգային պահպանման հավաքական էներգիա է պարունակում, իսկ մենք գիտենք աղանդների հիմնական նպատակը՝ որքան հնարավոր է արագորեն փոխել տվյալ ազգի աշխարհայացքը: Այնպես որ, աշխարհի հզորագույն կենտրոնները, ահռելի գումարներ ծախսելով, միշտ էլ լծված են այս գործին: Կոնկրետ աղանդավոր դեպուտատի անունը չեմ կարող նշել, բայց որ հայաստանյան քաղաքական դաշտում նմանները կան, համոզված եմ, քանի որ քաղաքականությունը մեր կյանքում ամեն տեղ է, հետեւաբար, լավ լծակ է խառնել եւ շփոթեցնել մեզ մեր հիմնական խնդիրներից, որի դեպքում էլ մեզ հնարավոր կլինի ծառայեցնել օտարի շահին:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՌԱԿ նախկին ատենապետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք շատ բան ունենք՝ ե՛ւ աղանդավորներ, ե՛ւ մասոններ, ունենք այլ աղանդավորներ, բայց պետք է նշեմ, որ դա կարեւոր չէ, հիմա մի բան է կարեւոր, որ մեր իշխանությունն արդար չէ: Եթե Ռոբերտ Քոչարյանը փչացնում էր կուսակցությունները, ապա Սերժ Սարգսյանը փչացնում է անձերին: Ինչո՞ւ չէ, լավ էլ գիտեմ, թե ով որ աղանդից է, բայց հիմա անուններ չեմ կարող տալ: Չեմ ուզում ասել, որ ինչ-որ մեկի ասածի ջրաղացին ջուր չլցնեմ: Նրանք կան, եւ կգա ժամանակը, ու այդ մասին ես կասեմ:
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ժողովրդական կուսակցության նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ