ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՓՈՂԵՐԸ ՕԴՈՒՄ ԵՆ ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության շենքի դիմաց զանազան սոցիալական խմբերի հետ բողոքի ցույց էին անում նաեւ «Հաշմանդամ օդաչուների հասարակական կազմակերպության» անդամները: Նախկին օդաչուները, որոնք հաշմանդամությունը ձեռք էին բերել պրոֆեսիոնալ հիվանդությունների պատճառով, ժամանակին` մինչեւ 2005 թվականի վերջը, «Հայկական Ավիաուղիներից» ստանում էին հաշմանդամության փոխհատուցում: Սակայն ընկերության լուծարումից հետո  ազգային փոխադրող հանդիսացող «Արմավիա»-ն հրաժարվեց իր նախորդի ֆինանսական պարտավորություններից: Որոշ փոխհատուցում նախկին օդաչուներին տրվեց «Հայկական Ավիաուղիների» Սեւանում գտնվող հողերի վաճառքից: Նախկին օդաչուները դիմեցին դատարան, որը բավարարեց նրանց հայցադիմումը` արձանագրելով, որ ընկերության լուծարումից հետո իրավահաջորդ չլինելու դեպքում փոխհատուցումը հատկացնում է պետությունը: Սա նաեւ աշխարհում ընդունված կարգ է. որոշ երկրներում փոխհատուցվում է օդաչուների նախկին աշխատավարձի 60-80 տոկոսը: Սակայն հայ օդաչուներն արդեն  4.5 տարի է` պայքարում են, բայց պետությունը ոչ մի փոխհատուցում չի տալիս: ԻԼ 86-ի հրամանատար Գագիկ Միրզոյանը եւ բորտ-ինժեներ Սերգեյ Կոտենյանը եւս պրոֆեսիոնալ հիվանդությունները  ստացել են օդում:  Գագիկը լսողության հետ կապված խնդիրներ ունի, իսկ  Սերգեյը թռիչքի ժամանակ սրտի կաթված է տարել: «Սպորտսմենը 5 րոպեով  հայկական դրոշը 10 մետր բարձրացնում է`   ստանում է  ամսական մինչեւ  650 հազար թոշակ: Տա Աստված`  միլիոն ստանա, բայց ես ուզում եմ մեր կառավարությանը հիշեցնել, որ  մեր դրոշը մենք բարձրացնում էինք 12 կիլոմետր եւ ման էինք տալիս  ամբողջ Ասիայով, Աֆրիկայով եւ Եվրոպայով մեկ: Մենք արժանի չե՞նք մեր առողջությունը կորցնելու դիմաց   փոխհատուցում ստանալու»,- ասաց Գագիկը, որը հպարտությամբ նշում էր, որ նախկին Խորհրդային Միությունում ԻԼ 86-ի հրամանատարները 50-60 հոգի էին: «Եթե դրա հետ մի վթար լիներ, չէր կոչվում կատաստրոֆա, կոչվում էր  ազգային տրագեդիա, ինքաթիռը շատ թանկ էր եւ տանում եր 354 հոգի ուղեւոր»,- պատմում էր Գագիկը: Նրա խոսքով`  ԻԼ 86-ին համարժեք Բոինգ 754-ի թոշակի ուղարկված հրամանատարը տարեկան ստանում է 250 հազար ԱՄՆ դոլարի չափ թոշակ:  Օդաչուների հաշվարկով` իրենց փոխհատուցումը կազմում է  տարեկան  10 միլիոն դրամ, մինչդեռ  իրենց կուտակված պարտքերն արդեն հասել են 500 միլիոն դրամի. «Այդ գումարից պետք չէ սարսափել, քանի որ այսօր դատախազը թոշակի է գնում 1 միլիոն 300 հազար դրամ թոշակով, սպորտսմենը` 650 հազար»,- ասում է Գագիկը հավելելով, որ իրենք  պահանջները ոչ միայն կառավարությունից են, այլեւ «Արմավիայից»,- «Իրավահաջորդ չի, բայց  ինքն իրեն ներկայացնում է որպես ազգային փոխադրող, եւ դարձավ  տասնյակ տարիների ընթացքում նաեւ մեր կողմից ստեղծված չվերթների տերը:  Եւ այդ ամբողջը ստացավ   ձրի»:  Մեկ շաբաթ առաջ օդաչուները  եղել են Արդարադատության նախարարի մոտ: Հրայր Թովմասյանը լսել է նրանց, սակայն ակնարկել է, որ ոչինչ չի կարող անել: Գագիկը  եւ մյուսները  մինչեւ անգամ Ստրասբուրգ` Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան են դիմել, սակայն հայցը մերժվել է` Հայաստանում բոլոր ներպետական ատյաններին դիմած չլինելու   պատճառով: Եւ հիմա նրանք  փակուղային վիճակում են. Վճռաբեկ դատարան չեն կարող դիմել, քանի որ անցել է վաղեմության ժամկետը, իսկ կառավարությունն էլ շարունակում է հրաժարվել փոխհատուցում տալուց: Օդաչուները, ոչ առանց հիմնավորման, նշում են, որ կառավարությունը այդ ամենը հաշվարկել է եւ  որոշել`   հարցը փակել  չվճարելով, մինչեւ  որ նրանք կդադարեն ֆիզիկապես գոյություն ունենալ: Ի դեպ, այս ընթացքում  130 հոգուց 30-ը մահացել են: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս