Փետրվարի 8-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: “Ժողովուրդ”-ը տեղեկացել էր, որ ժամը 03:30-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ էր ստացվել, որ այրվածքներից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Նվեր Երանոսյանը: Մահացածի հարազատները նրան գտել էին աղբանոցում` մեքենայի մեջ:
Կատարվածի հետ կապված՝ քննարկվել են տարբեր վարկածներ:
Մեր տեղեկություններով՝ Վարդենիսի բնակիչներ՝ Նվեր Երանոսյանը, 36-ամյա Սարգիս Սարգսյանը, 42-ամյա Արսեն Նալբանդյանը եւ Գեղարքունիքի մարզի Շատջրեկ գյուղի բնակիչ 36-ամյա Մարտիկ Սահակյանը “չղջիկներ” են` մարդիկ, որոնք չունեն աշխատանք եւ գտել են ապրելու այսպիսի միջոց. իրենց բնակավայրի կողքին գտնվող ոսկու հանքից հանքանյութ են հանում, այն տեղափոխում իրենց տուն, մանրացնում, լցնում “կիսլատայի” մեջ, ինչից հետո հեղուկի վրա է դուրս գալիս սպասված ոսկու ձուլվածքը, որն էլ վաճառում եւ ապրում են: Տեղեկացանք, որ վերը նշված անձինք դեպքի գիշերը կրկին “աշխատանքի” են գնացել, վրան խփել ու մինչեւ լույս աշխատել: Քանի որ հանքում ցուրտ է եղել, վրանում տեղադրել են փայտից վառարան, որպեսզի կարողանան դիմանալ ցրտին: Սակայն վերջիններս քնով են անցել, ու գիշերը հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով էլ Նվերն այրվածքներից մահացել է:
Այրվածի հարազատներից մի քանիսը դեռեւս դեպքի օրը մեզ հետ զրույցում պատմել էին, թե լսել են, որ Նվերին վառել են. “Վառել ու բերել գցել են աղբանոցում, ինչ-որ վառված շոր են ցույց տվել ու ասել, թե էսի ինքն ա, իրա շորն ա, ու ինքը ստեղ ա վառվել: Բայց ձյան վրա էդպես կվառվե՞ր: Հիմա ասում են՝ իրան վառել են, բայց թե կոնկրետ ինչ ա եղել, չենք կարա ասենք: Վարկած կա, որ ասում են, թե իր ընկերներն են իրան վառել, բայց թե որքանով ա դա ճիշտ, չենք կարա ասենք”:
Կատարվածից երեք շաբաթ անց “Ժողովուրդ”-ը զրուցեց Նվեր Երանոսյանի կնոջ՝ 39-ամյա Աննա Հովհանյանի հետ: Վերջինիս խոսքով` փետրվարի 8-ին Նվերը հեռախոսը թողել է տանը. “Դեպքի օրը ես գնացել էի իմ հայրական տուն, իսկ Նվերն էլ իր ընկերների հետ էր: Քանի որ հեռախոսը թողել էր տանը, ես ոչ մի կերպ չէի կարողանում իմանալ, թե որտեղ է Նվերը”,-հուզված պատմեց Աննան:
Ըստ նրա՝ Նվերը իրեն չի զգուշացրել, թե ուր է գնում, ինչի համար է գնում. “Գիշերը ինձ եկան ու ասացին, որ այսպիսի դեպք է տեղի ունեցել: Չգիտեմ, եթե անգամ Նվերը գնացել էր ոսկու հանքից հանքանյութ հանելու, ապա պետք է ասեմ, որ առաջին անգամ եմ լսում այդ մասին, եւ իմ տուն նա ոչինչ չի բերել”:
Մեր տեղեկություններով՝ Նվերի դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, սակայն հարազատներին այդպես էլ թույլ չեն տվել տեսնել դիակը:
“Հասկանում եք, երբ Նվերի դիակը տանն էր, ու մենք հարազատներով մենակ էինք, անգամ այդ ժամանակ թույլ չտվեցին ինձ դագաղը բացել ու տեսնել նրա վիճակը”,-հայտնեց Աննան:
Նրանից տեղեկացանք, որ Նվերի հետ այդ գիշեր եղած տղաներից միայն մեկին է ինքը ճանաչում. “Ոչ մեկին չգիտեմ, միգուցե մեր գյուղացի են, բայց ես անձամբ չեմ ճանաչում նրանց: Միայն Սարգիսն է եկել իմ տուն”:
Աննայի խոսքով` Սարգիս Սարգսյանը, որը դեպքի գիշերը եղել է իր ամուսնու հետ, իրենց ընտանիքի քավորն է: “Սարգիսն այդ օրը ամուսնուս հետ է եղել, եկել էր մեր տուն եւ ինձ պատմեց է, թե իբր Նվերը ցանկացել է բեռնախցիկից պլաստմասսե տարայով բենզինը հանել եւ լցնել բենզաբակը: Սակայն ձագարը շուռ է եկել եւ լցվել ամուսնուս վրա, իսկ նա այդ պահին ծխախոտով է եղել, ինչից էլ հրդեհ է առաջացել, ու նա այրվել է: Ասել եմ, համոզել եմ՝ պատմեն, թե ինչ է կատարվել իրականում, ոչինչ էլ չեն ասում”,-լացակումած հայտնեց նա:
Ըստ Աննայի` շատերն ասում են, թե իբր ամուսնուն վառել են, բայց թե կոնկրետ ինչ է եղել, չի կարող ասել, քանի որ ոչինչ չգիտի ու սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Զրուցեցինք նաեւ Աննայի եղբոր` Վլադիմիր Հովհանյանի հետ: “Իմ փեսան չկա, ու ես չեմ կարող հավատալ մյուս տղաների պատմածին, իսկ այն խոսակցությունները, թե իբր իմ փեսան “չղջիկ” է` նման բան չկա, մյուս տղաների համար ես ոչինչ ասել չեմ կարող”,-ասաց Վլադիմիրը` վստահեցնելով մեզ, որ ոչինչ անհայտ չի մնա եւ կբացահայտվի: Վլադիմիրը նաեւ հայտնեց, որ ինքն անձամբ է տեսել Նվերի այրված մարմինը. “Այն, ինչ տեսել եմ, հերիք է ինձ”: Նա նույնպես մեզ հետ զրույցում ասաց, որ Նվերի հագուստը գտել են ճանապարհին՝ ինչ-որ աղբանոցում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից “Ժողովուրդ”-ին տեղեկացրին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 128-րդ հոդվածի 1-ին մասով` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ եւ ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: Կատարվում է նախաքննություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 491 համար