«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելու հարցում ամենակարեւոր խնդիրը, որը մինչ օրս իր պաշտոնական պատասխանը չի ստացել, այն է, թե քրեական գործով մեղադրյալը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությունը, ինչպես է կարողացել անարգել հատել Հայաստանի սահմանը: Այս խնդիրը պարզելու համար «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, քանի որ սահմանահատումների համար այս գերատեսչությունն է պատասխանատու:
ԱԱԾ-ից տրված պատասխանը առավել քան ուշագրավ է: Պարզվում է, եթե մեղադրյալի նկատմամբ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոց է ընտրված, ապա նա անարգել կարող է Հայաստանից հեռանալ, քանի որ նրան դրանում արգելող օրենսդրություն գոյություն չունի: Ավելին՝ տվյալ խափանման միջոցի տակ գտնվող մեղադրյալների տվյալները ԱԱԾ-ին չեն հաղորդվում: Ուստի, ըստ ԱԱԾ-ի պատասխանի, սահմանը հատելիս, եթե մարդու ձեռքին կա անձնագիր եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չէ, ապա նրան ոչ ոք չի կարող արգելել Հայաստանից հեռանալ: ԱԱԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում հենց այդպես էլ նշված է. «Վ. Մարտիրոսյանի կողմից հայ-վրացական սահմանը հատելու պահին սահմանահատումն արգելելու իրավական հիմքեր չեն եղել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: