Հայաստանի՝ հատկապես տնտեսական եւ դատաիրավական ոլորտներում վերջին վեց տարիներին տիրող խայտառակ վիճակից դատելով՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե երկիրը կառավարող պաշտոնյաների մեծ մասն անկարող է, քանի որ ոչինչ չեն անում իրենց վստահված ոլորտում իրավիճակը դեպի լավը շտկելու համար:
Արդյոք պետական պաշտոնյաները չեն տեսնում այն վիճակը, որն առկա է տնտեսության եւ դատաիրավական ոլորտներում: Եթե տեսնում են, ապա ինչու նրանցից յուրաքանչյուրը միջոցներ չի ձեռնարկում՝ իրեն վստահված ոլորտներում վիճակը բարելավելու համար: Ինչպե՞ս կարող է տարիներ շարունակ վիճակը գնալով ավելի վատթարանալ, եւ ոչ ոք չկարողանա այդ ընթացքը կանգնեցնել: Այս հարցի պատասխանն ինքնըստինքյան ստացվում է, երբ ՀՀ կառավարման համակարգն, այսպես ասած, ներսից ենք դիտարկում: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից օրերս «Ժողովուրդ»-ը մասնավոր զրույցի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պաշտոնյան սկսեց թվարկել Հայաստանում առկա խնդիրները, եւ եթե մի պահ մոռանայինք, թե ում հետ ենք զրուցում, ապա կարելի էր կարծել, որ խոսողն արմատական ընդդիմության ներկայացուցիչներից է: Այդ դեպքում ինչու չեն փորձում իրավիճակը շտկել: Այս հարցին մեր զրուցակիցը անկեղծ պատասխանեց. «Ինչպե՞ս, ով քեզ թույլ կտա ինչ-որ ինքնուրույն բան անել»:
Բանն այն է, որ արդեն բավականին երկար ժամանակ է Հայաստանի կառավարման համակարգում բոլոր որոշումները մեկ վայրում են կայացվում` նախագահական նստավայրում: Այսինքն՝ վարչության պետերը, ստորաբաժինների ղեկավարները նախարարները սկզբունքային որոշումներ կայացնելու իրավունք չունեն: Նրանք ընդամենը կատարողներ են: Նույնիսկ վարչապետը առանցքային եւ մարտավարական որոշումներ կայացնելու իրավասություն չունի: Իհարկե, վարչապետի հարցում ոչ ոք նրան չի ասում, թե դու իրավունք չունես, պարզապես ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակով կառավարման համակարգի խաղացողները հասկացել են, թե ինչ է լինում այն գործչի հետ, որը սկսում է իր «գլխից վերեւ թռչել»: Իշխանական քարոզչությունը տվյալ պաշտոնյային թողնում է «անտեր» վիճակում եւ վերջինս կարճ ժամանակում քննադատության այնպիսի ալիքի տակ է ընկնում, որ հրաժարական տալը դառնում է նրա կյանքի միակ երազանքը: Այսինքն՝ եթե պաշտոնյան խելոք պաշտոնավարում է, ապա նրան ոչինչ չի սպառնում: Նման հնազանդ պաշտոնյաների հասցեին ընդդիմադիր մի քանի լրատվամիջոցների քննադատություններն էլ ոչինչ են, համընդհանուր խայտառակվելու վտանգի համեմատ, որը նրան սպառնում է իշխանական քարոզչության հովանավորությունը կորցնելու դեպքում:
Արդյունքում, բոլորը համակերպվել են այն մտքի հետ, որ իրենք կատարողներ են եւ աշխատում են նախաձեռնողականությամբ աչքի չընկնել: Իհարկե, այդ նույն պաշտոնյաներին արգելված չէ սեփական քարոզչությամբ զբաղվել: Նրանք կարող են ինչ-որ տեղեր այցելել, լուրջ դեմքով նկարվել եւ տարածել՝ ձեւանալով, թե իբր գործ են անում, բայց ոչ ավելին: Ըստ մեր զրուցակից պաշտոնյայի՝ հանրության աչքերում սոցիալ-տնտեսական իրավիճակի համար հիմնական պատասխանատուն, վարչապետը եւ նախարարներն են, սակայն, իրականում նրանցից ոչինչ կախված չէ, եւ համակարգը այնքան միակենտրոն է դարձել, որ շունը տիրոջը չի ճանաչում, իսկ խնդիրներն էլ միեւնույն է՝ վերջնարդյունքում չեն լուծվում, ու վիճակն էլ չի բարելավվում: Բոլորը հասկանում են, որ երբ քաղաքականությունը մշակում են այն մարդիկ, ովքեր դրա իրագործման համար անմիջական պատասխանատվություն չեն կրում, ապա ցանկացած ծրագիր դատապարտված է ձախողման: Ավելին՝ ձախողվելու դեպքում էլ իրագործողը դրա համար պատասխանատվություն չի կրում, քանի որ նրանից հաշվետվություն պահանջողը շատ լավ գիտի, որ նա ընդամենը կատարող է եղել:
Իհարկե, բնական հարց է ծագում, իսկ ինչու է իշխանական համակարգն այդպիսին, ինչու են բոլոր որոշումները միայն նախագահականում կայացվում, ի վերջո, կարելի էր վարչապետին եւ նախարարներին որոշակի ինքնուրույնություն տալ: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ դեպքում տվյալ պաշտոնյաները կարող էին համակարգի որոշակի կրողներ դառնալ, եւ նրանց գործոնն ընդհանուր կառավարման համակարգում կկարեւորվեր: Այդ դեպքում ամեն մի պաշտոնանկության դեպքում իշխանական համակարգը որոշակի «կորուստներ» կարող է ունենալ: Իսկ ստեղծված կառուցվածքի հմայքն այն է, որ եթե անգամ ողջ Կառավարությունն էլ փոխվի, ապա կառավարման համակարգի, կամ նույնն է թե՝ իշխանական բուրգի վրա այն որեւէ կերպ չի ազդի, քանի որ բոլորը գիտեն, որ մի քանի օրից հաջորդ կատարողները կնշանակվեն: Այլ կերպ ասած՝ Հայաստանի կառավարման համակարգն այսօր գտնվում է կոլեկտիվ անպատասխանատվության վիճակում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ