Բոլորը հավաքվեցին ու սկսեցին միաձայն գոռալ` ազի՜զ. Անահիտ Կիրակոսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով այժմ խաղում է նաեւ «Խոպանի տեսություն» սիթքոմում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ լավ է, երբ հանդիսատեսը, սերիալից ճանաչելով, սիրելով դերասանին, գնում է նաեւ թատրոն` նրա խաղը դիտելու: Անահիտը խոսել է իր կերպարի մասին` անդրադառնալով նաեւ քննադատություններին: Նա պատմել է ընտանիքի մասին` նշելով, որ խիտ գրաֆիկ ունենալով հանդերձ` հասցնում է տան անդամներին ժամանակ հատկացնել:

-Անահի՛տ, վերջին շրջանում Հայաստանում սերիալները կարծես սկսել են իրենց տեղը զիջել սիթքոմներին: Ստացվո՞ւմ է մարդկանց կտրել առօրյա հոգսերից:

-Եթե համեմատենք 3-4 տարի առաջվա հետ, ապա այսօր այո, մեզ մոտ սիթքոմի ժանրը սկսել է ակտիվ կերպով զարգացում ապրել: Կարծում եմ` մեր առօրյայում ծիծաղը շատ կօգնի մարդկանց, եթե մենք կարողանում ենք նրանց հանգստյան օրերը լցնել թեթեւությամբ, դա միայն լավ է:

10603652_718825468194527_5047372107295682261_n

-«Խոպանի տեսություն»-ում մի քիչ հիմարիկ աղջկա կերպարն, ըստ Ձեզ, ինչո՞վ է գրավում հեռուստադիտողներին:

-«Բանակում» սերիալից հետո երբեւէ չէի պատկերացնում, որ Հայարփիի կերպարն այսքան կարող է տպավորվել մարդկանց մոտ: Հիմա, երբ թատրոնում բեմ եմ բարձրանում, երեխաները միաձայն ասում են` վա՜յ, Հայարփին, այսինքն` նախորդ կերպարներիս «տակ չեմ մնացել»: Ի դեպ, ես չէի ասի, թե Հայարփին հիմարիկ է, վերջերս բացահայտվել են նաեւ նրա խորամանկ կողմերը: Ես կասեի` նա միամիտ է, իսկ միամտությունը միշտ էլ գրավում է մարդկանց: Հիշենք Միստր Բինի կերպարը, որն անընդհատ ընկնում է հիմար իրավիճակների մեջ եւ իր միամտության համար տուժում է: Բայց նա նաեւ սիրվում է, մարդկանց ուրախություն է պարգեւում: Անձամբ ես շատ նամակներ եմ ստանում հեռուստադիտողներից, հատկապես սփյուռքի մեր հայրենակիցներից: Մարդիկ նշում են, որ հաճույքով են հետեւում իմ խաղին:

-Թատրոնի դերասանին հաճախ հիշում են սերիալային կերպարներից. սա լա՞վ է, թե՞ վատ:

-Թատրոնի պատմության մեջ միշտ եղել են դերասաններ, հանուն որոնց հանդիսատեսը եկել է ներկայացում դիտելու եւ հետո նոր միայն սիրահարվել է ներկայացմանը: Այսինքն` եթե դերասանը նպաստում է, որ մարդիկ գան թատրոն, դա միայն լավ է:

-Կա կարծիք, որ լոռեցի աղջկա դերը մի փոքր չափազանցված, երբեմն նաեւ` արհեստական եք խաղում…

-Դա չափազանցություն է. մի խնդիր, որ դրված է իմ առջեւ: Սիթքոմի բոլոր կերպարներն էլ իրականությունից մի փոքր դուրս են, մի քիչ թատրոնային են, սիթքոմում առկա են գրոտեսկային դրվագներ, որոնք ստեղծվել են մարդկանց մոտ ծիծաղ առաջացնելու համար: Որոշ կերպարներ, իհարկե, վերցված են կյանքից, սակայն դրանց նոր գույներ են հաղորդվել: Ամեն դեպքում, ես փորձում եմ շտկել թերություններս, ցանկացած կերպար պետք է որոշակի ճանապարհ անցնի, որպեսզի կարողանա կոփվել:

1385038754_1385025855_9153429_ts1385034952

-Երեխաները, անգամ մեծահասակները, սկսել են Ձեր կերպարի բարբառով խոսել…

-Ես Աբովյան քաղաքում եմ ապրում, մի օր խանութ գնալիս հանդիպեցի 10-15 երեխայի, բոլորը հավաքվեցին, սկսեցին միաձայն գոռալ` ազի՜զ, նրանք եկել, փաթաթվել էին ինձ, այնքան հաճելի էր այդ ամենը: Օրերս էլ մեկը այգում մոտեցավ ինձ, ասաց` մենք ԱՄՆ-ից ենք եկել, երեխաս շոկի մեջ է, չէր պատկերացնում, որ Հայաստան գալով` կհանդիպի Հայարփինն (ծիծաղում է): Իսկ ով ինձ տեսնում է իրական կյանքում, ասում է` Աստված իմ, դու շատ տարբեր ես քո կերպարից, ես էլ ասում եմ, որ դա ընդամենը դեր է, որը ես խաղում եմ…

-Իսկ տանը լոռեցու բարբառով խոսո՞ւմ եք:

-Երբ տուն եմ գալիս, ամուսինս ասում է` մոռացե՞լ ես, որ արդեն տանն ես: Բանն այն է, որ կերպարիս մեջ մտնել-դուրս գալուց հետո խոսակցականում որոշ ելեւէջներ էլի պահպանվում են: Քանի որ «Առավոտը Շանթում» հաղորդման շրջանակներում ուղիղ եթերում եմ լինում, ինձ վրա աշխատում եմ, որ հանկարծ եթերում այդ ելեւէջները չզգացվեն, բայց, իհարկե, կերպարը կերտելուց հետո որոշ շեշտադրություններ էլի մնում են:

-Ձեր երեխաները իրենց մայրիկին էկրանից այն կողմ հետեւո՞ւմ են:

-Տղաս սիթքոմի երգը շատ է սիրում, լավ գիտի, հենց լսում է, ուրախանում է, դե, աղջիկներս էլ մեծ են, բնականաբար, նայում են սիթքոմը` ոչ միայն ինձ տեսնելու համար: Բայց նրանք, առհասարակ, իմ մասին քիչ են արտահայտվում…

big_1359463811_3784200_ts1359465488

-Թատրոն, սերիալ, առավոտյան հաղորդում…Այդքան զբաղված առօրյայում ընտանիքի համար ժամանակ մնո՞ւմ է, տանը Ձեզ ո՞վ է օգնում:

-Իհարկե, ժամանակ մնում է: Չնայած ես միշտ զբաղված եմ, բայց ունեմ ազատ ժամեր եւ այդ ժամերն այնպես եմ բաշխում, որ հասցնում եմ ճաշ էլ եփել, արդուկ էլ անել (ծիծաղում է): Միշտ փորձում եմ լինել երեխաներիս հետ, ի դեպ, դուստրերս արդեն մեծ են ու շատ են օգում ինձ առօրյայում, հատկապես իրենց փոքր եղբորը խնամելու հարցում…Այնպես որ, այդ առումով բախտս շատ է բերել…

Աննա Բաբաջանյան




Լրահոս