Սեպտեմբերի 16-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 13-ին կայացած համայնքային ընտրությունների ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլէներգիայի վճարման կտրոններ է բաժանել: Պատգամավորը նշել էր, որ ինքը կարող է ներկայացնել կտրոնները: Նրա այդ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանից մինչեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «իրար էին խառնվել»՝ պարզելու համար, թե որտեղից ընդդիմադիր պատգամավորին նման տեղեկություն: Արդեն 15 օր է անցել պատգամավորի հայտարարությունից, սակայն վերջինս իր ասածն ապացուցող որեւէ փաստ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ իշխանությունները Մանուկյանին երկու օր ժամանակ էին տվել` փաստեր ներկայացնելու համար, սակայն պատգամավորը մինչ օրս խոստացված կտրոնները չի ներկայացրել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից պարզել, թե որն է պատճառը, որ նա իր խոստացած կտրոնները չի ներկայացնում իշխանություններին: Ա. Մանուկյանին կարծես թե դուր չեկավ մեր հարցը. «Ես ինչ ասել եմ, ճիշտ էր»,-դժգոհ տոնով վստահեցրեց նա, իսկ մեր ճշտող հարցին, թե, ի վերջո, ում է ներկայացրել իր կողմից խոստացված փաստերը, պատգամավորը արձագանքեց, թե չի ցանկանում մեզ մանրամասներ ասել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն այն պատգամավորներից է, ով այդ օրերին մոտեցել էր Արամ Մանուկյանին ու խնդրել իրենց փաստեր ներկայացնել, քանի որ իրենք անձամբ են հետեւել Մարալիկի ընտրություններին եւ կտրոն բաժանելու որեւէ դեպք չեն արձանագրել: Ա. Մանուկյանը ՀՀԿ-ական պատգամավորին եւս խոստացել էր մի քանի օրվա ընթացքում փաստեր ներկայացնել: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Սամվել Նիկոյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Արամ Մանուկյանը այդ կտրոնների օրինակները հենց իրեն է փոխանցել:
-Դուք ճիշտ եք, ես դիմել եմ իմ գործընկեր Արամ Մանուկյանին ու ասել եմ հետեւյալը՝ եթե Դուք ներկայացնում եք փաստ, որը կհաստատի Ձեր հայտարարությունը, ապա դա քրեորեն պատժելի արարք է, ու ես Ձեզ հետ միասին ձեռնամուխ կլինեմ այդ խնդրի լուծմանը: Ես ինքս նախաձեռնողը կլինեմ՝ պատժելու այն մարդկանց, որոնք թույլ են տվել որեւիցե խախտում:
Դա եղել է մեր պայմանավորվածությունը, ինքն ասաց, որ այդ ամենը ներկայացնելու է վարչապետին, ես էլ ասացի` ցույց տվեք վարչապետին, լրագրողներին, հանրությանը, բոլոր նրանց, ովքեր շահագրգիռ են: Բայց քանի որ ես վստահ եմ, համոզված եմ՝ նման բան չկա, ասացի, որ Դուք չեք կարող ցույց տալ, քանի որ ուղղակի Ձեզ խաբել են, Ձեզ գցել են թյուրիմացության մեջ, եւ Դուք զուր եք պրովոկացիաներին հավատացել: Եվ հիմա ես էլ եմ սպասում, որ իմ գործընկերը կներկայացնի փաստեր:
-Սակայն Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր հայտարարությունը ճիշտ էր, ու փաստերն էլ ներկայացվել են: Գուցե Դո՞ւք տեղյակ չեք ներկայացված այդ փաստերից:
-Որտե՞ղ է, ո՞ւմ է ներկայացրել: Ես խնդրել եմ, որ ոչ թե տա ինձ այդ փաստը, այլ որեւէ մի տեղ այն հրապարակի, ցույց տա այդ փաստաթուղթը, որը ինչ-որ ձեւով կապացուցի իր հայտարարությունը: Ես նորից եմ կրկնում՝ որպեսզի ձեռնամուխ լինենք համապատասխան գործողությունների, թող ցույց տա այդ փաստերը, ես ասել եմ՝ Ձեզ հետ միասին քրեական գործ կհարուցենք այն անձանց դեմ, որոնք նման բան են թույլ տվել: Այսինքն՝ այնքան կտրուկ էր իմ մոտեցումը, որ եթե կար նման բան, ապա ինքը պետք է շահագրգիռ լիներ, առաջինը ինձ այդ փաստերը ցույց տալու համար:
Թող չտրամադրեր ինձ այդ փաստերը, կարող էր ընդամենը ցույց տալ ինձ, լրագրողներին, հանրությանը: Երբ ես խոսում էի Արամ Մանուկյանի հետ, մեզ մոտեցավ նաեւ պատգամավոր Մուշեղ Պետոյանը նույն հարցով, որովհետեւ ընտրությունների օրը ինքն էր այնտեղ եղել, ինքը տեղյակ մարդ էր, ու իրեն էլ էր հետաքրքիր: Ի՞նչ է նշանակում բաժանել ՀԷՑ-ի կտրոն՝ քաղաքական պատվեր կատարել, ի՞նչ է դա նշանակում:
-Եթե Արամ Մանուկյանին չի հաջողվում ապացուցել իր հայտարարության հավաստիությունը, ապա ի՞նչ պետք է այդ դեպքում անի ընդդիմադիր պատգամավորը, արդյո՞ք պետք է ներողություն խնդրի հանրությունից՝ ապատեղեկատվություն ներկայացնելու համար:
-Ես իմ գործընկեր Արամ Մանուկյանին հարգանքով եմ վերաբերվում, չնայած ինքը պարբերաբար այլոց ցանկությունները կատարելու հարցում հայտնվում է նման իրավիճակնում, բայց, այնուհանդերձ, ես խնդիր չունեմ, որ ներողություն խնդրի, ես ուղղակի կցանկանայի, որ ինքը հերքեր իր հայտարարությունը: Քանի որ ինքը չունի փաստեր, ինքը հայտարարեր, որ իրականում նման բան չի եղել, ու ինձ թյուրիմացության մեջ են գցել: Ես կուզենայի, որ դա ինքը աներ:
Այն ամբիոնից, որ ինքը քաղաքական հայտարարություն է արել, այդ նույն ամբիոնից ինքը պետք է ասի՝ ինքն ունի փաստեր, թե ոչ, եթե չունի, ապա պետք է նույն ամբիոնից հերքի: Ո՞ւմ է ներկայացրել այդ փաստերը, կարող է նաեւ դրա մասին հայտարարել, ես իրեն խոստացել եմ, եթե նման փաստ լինի, ապա այդ փաստի առթիվ պետք է համապատասխան գործընթացներ սկսվեն՝ նախաձեռնողն էլ լինելու եմ ինքս:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ա. Մանուկյանը նման հայտարարությամբ հանդես եկավ, երբ իրականում փաստեր չուներ:
-Ինձ թվում է՝ տեղից սխալ ինֆորմացիա են տրամադարել իմ գործընկերոջը, ու ինքը առանց փաստերը ճշտելու՝ ուղղակի հայտարարություն է արել: Ինքը չէր մտածում, որ իրենից փաստեր կպահանջեն, ինչպես նաեւ կնշեն, որ եթե իրականում նման բան կա, իրենք միասին կպատժեն: Իրեն թվում էր, թե դա լինելու է շարքային հայտարարություն, որն արվում ու գնում է:
Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ ՀՀ Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, թե Աժ պատգամավոր Արամ Մանուկյանը ՀԷՑ-ի կողմից կտրոնների տրամադրման վերաբերյալ փաստեր ներկայացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Կառավարությունից, սակայն, մեզ պատասխանեցին, որ Արամ Մանուկյանի կողմից մինչ օրս որեւէ փաստ չի ներկայացվել:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը