Կանխատեսում էին աճ, իսկ տնտեսական ճգնաժամը պաշտոնապես հաստատվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ Կառավարությունը պաշտոնապես ընդունում է այն փաստը, որ ոչ միայն այս տարի, այլ նաեւ եկող տարի իրական տնտեսական աճ չի լինի: Հենց այսպիսին է այն եզրակացությունը, որին հանգում ենք 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հետ ծանոթանալուց հետո:
Բանն այն է, որ եկող տարվա բյուջեով` վերջին հինգ տարիների համար առաջին անգամ, նախորդ տարվա համեմատ, պետական բյուջեի մուտքերի ոչ թե ավելացում, այլ անկում է նախատեսվում: Այսինքն՝ 2011-ի պետական բյուջեն ավելին է եղել, քան 2010-ինը, 2012-ինը` քան 2011-ինը եւ այսպես շարունակ:

Բյուջեի «անկում» արձանագրվել է միայն 2010 թվականին` 2009-ի համեմատ: Այդ նվազումը պայմանավորված էր 2009-ի տնտեսական ճգնաժամով, որի գոյությունը նախկին Կառավարությունը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, երկար ժամանակ չէր ցանկանում ընդունել, բայց գործադիրն, ի վերջո, ստիպված էր առկա իրողությունն ընդունել, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետբյուջեի զգալի կրճատման` մոտ 200 միլիարդ դրամի չափով: Այս անգամ 2016-ի պետբյուջեի եկամտային մասը 2015-ի համեմատ կրճատվել է ընդամենը 8 միլիարդ դրամով: Սակայն ուշագրավն այն է, որ պետբյուջեի ծախսային մասը ոչ միայն չի նվազել, այլեւ դեռ մի բան էլ կտրուկ ավելացել է` մոտ 70 միլիարդ դրամով: Այսինքն՝ ՀՀ Կառավարությունը չնայած գործնականում ընդունում է, որ տնտեսությունը ճգնաժամի մեջ է գտնվում, բայց միեւնույն ժամանակ չի պատրաստվում պետական ծախսերը կրճատել:

Այս «համառության» արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը հասել է 190 միլիարդ դրամի` 2015-ի 114 միլիարդի դիմաց: Ի դեպ, ընթացիկ տարվա պետբյուջեի դեֆիցիտի մոտ 90 տոկոսը Կառավարությունը ծրագրել էր ֆինանսավորել ներքին եւ միայն 10 տոկոսը` արտաքին աղբյուրներից: 2016 թվականի բյուջեի դեպքում պատկերը լրիվ հակառակն է: ՀՀ Կառավարությունը պետբյուջեի դեֆիցիտի միայն մոտ 40 տոկոսն է ծրագրում ներքին աղբյուրներից ֆինանսավորել: Դեֆիցիտի հիմնական մասը նախատեսվում է ֆինանսավորել արտաքին աղբյուրներից: Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունը արդեն իսկ պլանավորել է, որ Հայաստանի պետական արտաքին պարքը եկող տարի եւս ավելանալու է, առնվազն 120 միլիարդ դրամի, կամ նույն է թե՝ մոտ 250 միլիոն դոլարի չափով:

Ինչեւէ, ամենաուշագրավն այն է, որ ՀՀ Կառավարությունը մի կողմից գիտակցում է, որ եկող տարին ավելի ծանր է լինելու, քան այս՝ 2015 թվականը, բայց միեւնույն ժամանակ 2,2 տոկոս տնտեսական աճ են նախատեսում: Այս մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ է: Եթե այս տարվա՝ մինչ օրս հրապարակված վիճակագրական տվյալները իրականությանը համապատասխանում են, եւ 4 տոկոս տնտեսական աճն իսկապես գոյություն ունի, ապա ստացվում է, որ այսօրվա տնտեսության վիճակն ավելի լավ վիճակում է, քան անցած տարի: Իհարկե, իրականությունն այդպես չէ, բայց քանի որ այս՝ 2015-ի պետական բյուջեն նախորդ՝ 2014-ից ավել է, ուստի այս դեպքում աճ «նկարելու» մղումն ինչ-որ տեղ հասկանալի է: Բայց 2016-ի պետբյուջեն, ինչպես արդեն նշեցինք, այս տարվանից փոքր է լինելու: Այսինքն՝ Կառավարությունն արդեն իսկ գիտի, որ եկող տարի ավելի քիչ հարկեր եւ տուրքեր է հավաքագրելու, քան այս տարի:

Բայց եթե հարկեր եւ տուրքերը նվազելու են, ապա նշանակում է, որ ընդհանուր տնտեսությունը եւս անկում է ապրելու: Ի վերջո, եթե ասում ենք, որ ՀՀ Կառավարությունը 2,2 տոկոս տնտեսական աճ է ակնկալում, ապա ստացվում է, որ ըստ գործադիրի՝ եկող տարի Հայաստանի համախառը ներքին արդյունքը, այն է՝ մեր բոլորի կողմից արտադրած բարիքները, կանխատեսվող աճի թվի չափով ավելին պետք է լինի, քան այս տարի մեր ընդհանուրի ստեղծածը: Եթե եկող տարի մենք ավելի շատ բարիք ենք ստեղծելու, հետեւաբար ավելի շատ էլ հարկ կվճարենք:

Բայց, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ Կառավարությունն արդեն իսկ կանխատեսում է, որ հարկեր եւ տուրքերից ստացվող եկամուտները եկող տարի ավելի քիչ են լինելու, քան այս` 2015 թվականին:
Մի խոսքով, ՀՀ Կառավարությունը մի կողմից փորձում է իրականության հետ հաշվի նստել եւ որոշակի նվազեցնում է եկող տարվա պետբյուջեն, բայց մյուս կողմից էլ փորձում են ձեւացնել, թե իբր արտառոց ոչինչ տեղի չի ունեցել եւ չի ունենում, տնտեսությունն ինչպես «աճել» է, այնպես էլ «կաճի»: Այսինքն՝ ինչպես միշտ Կառավարությունը շարունակում է առաջնորդվել գլուխն ավազի մեջ թաղելու գործելաոճով:

Վահագն Հովակիմյան




Լրահոս