Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը Carrefour-ի խնդրով նամակ է ուղղել ՀՀ վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ Արման Փինարբասին նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
“Հարգելի Պարոն Վարչապետ,
Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը, որը հիմնադրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ 2011թ-ի աշնանը, իր շուրջն է համախմբում Հայաստանում ներկայացված խոշորագույն ֆրանսիական, ինչպես նաեւ Ֆրանսիայում իրենց գործունեությունը ծավալող հայկական ընկերություններին:
Ակումբի գործունեությունը միտված է մեր իրավասությունների շրջանակներում ներկայացնել անդամակցող ընկերությունների շահերը պետական մարմիններին, ինչպես նաեւ նպաստել երկու երկրների միջեւ տնտեսական, առեւտրային, գիտատեխնիկական կապերի զարգացմանը:
2012թ-ի դեկտեմբերից ակումբի անդամ է նաեւ “Carrefour Armenia” ընկերությունը:
Վստահ ենք, որ “Carrefour”-ի ժամանումը շոշափելիորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես, որակյալ աշխատատեղերի ստեղծմանը եւ սպառողներին մատուցվող ծառայությունների բարելավմանը՝ թե՛ որակի բարձրացման, թե՛ ընտրության բազմազանության տեսանկյունից: Այդ իսկ պատճառով Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը կարեւորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը իր լիարժեք աջակցությունը կբերի այս ծրագրի հաջող գործարկմանը՝ ի նպաստ տնտեսության եւ հայ ժողովրդի:
Տեղյակ լինելով Ձեր նվիրվածությանը այս ծրագրի հաջողության գործում` կանխավ շնորհակալություն ենք հայտնում “Carrefour” ընկերության՝ Հայաստանում հաստատման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերի համար”:




Լրահոս