Նախագահին կթույլատրվի՞ «մանր» սահմանադրական խախտումներ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու միջոցով իշխանության ղեկը որեւէ մեկին չզիջելու Սերժ Սարգսյանի մասնավոր ցանկությունը դժվար է զուգահեռել Հայաստանի պետական շահերին: Թեեւ այդ ցանկության արդյունքում Հայաստանում վերջապես «կվերականգնվի» սահմանադրական կարգը, սակայն ոչ թե օրենքի կիրառման, այլ ապօրինությունը սահմանադրական նորմի վերածելու ճանապարհով: Այս անգամ անդրադառնանք հանրապետության նախագահի պաշտոնանկության ընթացակարգին, որում արվել է բավականին հետաքրքիր՝ արտաքուստ մանր, սակայն էությամբ մի կարեւոր փոփոխություն:

Այսպես, առաջարկվող տարբերակում 140-րդ հոդվածը սահմանում է հանրապետության նախագահի պաշտոնանկության կարգը: Ըստ այդմ, «Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության, ինչպես նաեւ Սահմանադրության կոպիտ խախտման համար»: Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան, որի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով խորհրդարանը հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում: Իսկ, ահա, եթե ՍԴ եզրակացությամբ նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի օրակարգից: Համեմատության համար հայացք ձգենք գործող Սահմանադրությանը, որի 57-րդ հոդվածը եւս սահմանում է նախագահի պաշտոնանկության հիմնահարցը․«Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»: Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան: Վերջինիս եզրակացությամբ էլ պաշտոնանկության վճիռը կայացվում է պատգամավորների առնվազն 2/3-ի համաձայնությամբ: ՍԴ-ի բացասական եզրակացության պարագայում հարցն ինքնաբերաբար դուրս է գալիս ԱԺ-ի քննարկման տիրույթից:

Ինչպես տեսնում ենք՝ գործող Սահմանադրության եւ առաջարկվող տարբերակի միջեւ արտառոց տարբերություններ կարծես չկան: Սակայն, ինչպես անգլիական ասացվածքն է պնդում, սատանան մանրուքների մեջ է: Եվ իրավամբ, նույն խնդրին անչվող վերոնշյալ երկու հոդվածներում գոյություն ունի մանր, բայց խիստ մեծանշանակ մի տարբերություն: Գործող Սահմանադրության 49-րդ հոդվածով ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, եւ ամբողջովին հիմնավոր է ենթադրել, որ նա չի կարող խախտել սահմանադրական որեւէ դրույթ, հակառակ պարագայում՝ պարտադիր պետք է դրվի նրա պաշտոնանկության հարցը: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի հանձնաժողովը եւս նման պարտականություն է դրել նախագահի ուսերին, սակայն վերոհիշյալ հոդվածում միաժամանակ անուղղակի հակասության թնջուկ սերմանել: Ստացվում է՝ ՀՀ նախագահը կարո՛ղ է խախտել Սահմանադրությունը, սակայն միայն «կոպիտ» խախտման դեպքում է ենթակա իմպիչմենտի սպառնալիքին: Սա, համաձայնեք, անհեթեթություն է:

Ի՞նչ տարբերություն՝ Սահմանադրության խախտումը կոպիտ է, թե ոչ, չէ՞ որ այս փաստաթուղթն ու նրա դրույթները լինելու են մեր պետության մայր օրենքը եւ պարտադիր բոլորի համար՝ գործելու օրենքի տառին համապատասխան: Ի վերջո, ի՞նչ է, հանձնաժողովը միաժամանակ մի բարոմետր է ստեղծելո՞ւ, որ չափի՝ նախագահի կատարած խախտումը կոպի՞տ է, թե՞ ոչ: Եթե հաշվի առնենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն կունենա, իրենց ընտրած նախագահի ցանկացած խախտում եւ ապօրինի գործողություն ազատորեն կանվանեն «մանր խախտում» այնքան ժամանակ, քանի դեռ «գենսեկ» Սարգսյանը նրանց հակառակ հրահանգ չի իջեցնի:

Ինչեւէ, կրկին ուշադրություն դարձնենք գերմանական եւ իտալական մոդելներին: Ըստ Գերմանիայի Սահմանադրության՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարան ուղարկվող համապատասխան որոշմամբ՝ ելնելով Սահմանադրության կամ դաշնային օրենքի դիտավորյալ խախտման հանգամանքից: Փաստաթուղթը ՍԴ ուղարկելու համար բավարար է պատգամավորների 1/4-ի աջակցությունը, իսկ իմպիչմենտի որոշման կայացման համար՝ նվազագույնը 2/3-ի համաձայնությունը: Իսկ Իտալիայում նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններով պայմանավորված գործողությունների համար՝ բացառությամբ ծանր հանցանքի կամ Սահմանադրության դեմ կատարած ոտնձգության: Այս դեպքերում նախատեսվում է նախագահին պաշտոնանկ անել խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում՝ պատգամավորների բացարձակ մեծամասնության համաձայնությամբ: Հետաքրքիր է, որ Իտալիայում նախագահի պաշտոնանկության համար կազմակերպվող ՍԴ նիստին, բացի մշտական դատավորներից, պետք է մասնակից դառնան Սենատի ընտրությանը մասնակցելու որակավորում ունեցող 16 քաղաքացիներ, որոնց յուրաքանչյուր 9 տարին մեկ պատրաստում է խորհրդարանը սովորական դատավորներին նշանակող ընտրական ընթացակարգի միջոցով:

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ սահմանադրական փոփոխությունները մշակող հանձնաժողովի կողմից վերանայվել է հանրապետության նախագահի պաշտոնանկության դրույթներից մեկը: Ոչ միայն հակասություն է առաջանում գործող Սահմանադրության եւ առաջարկվող տարբերակում առկա մեկ այլ ձեւակերպման հետ, այլեւ ակնհայտորեն անտեսված են իշխանության քարոզչության զենքերը հանդիսացող իտալական եւ գերմանական տարբերակները, որոնցից առաջինը պնդում է, որ նախագահը չի կարող որեւէ ոտնձգություն թույլ տալ Սահմանադրության նկատմամբ, իսկ երկրորդի պարագայում նախագահը կարող է պաշտոնազրկվել Սահմանադրության կամ դաշնային օրենքի կանխամտածված խախտման համար: Այսօրինակ դրույթներով սարգսյանական հանձնաժողովը միանշանակորեն ապականում ու արժեզրկում է սահմանադրություն երեւույթը՝ ամեն քայլափոխի դիտավորյալ կերպով անորոշություններ ու թյուրըմբռնումներ սփռելով: Եզրակացությունը մեկն է՝ պետական կառավարման համակարգը բացառապես սեփական շահերին համապատասխան ձեւելու սարգսյանական այս փորձարկումը հաշվի չի առնում ո՛չ Հայաստանի պետականության ավանդույթները, ո՛չ էլ միջազգային փորձի դրական առանձնահատկությունները:

Ն. Հովսեփյան




Լրահոս