Դիլիջան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Արմեն Շվերնիկի Հովհաննիսյանը, որը Դիլիջանում ունի դեղատների ցանց, օրերս դատապարտվել է մաքսանենգության համար: Բանն այն է, որ նա, նպատակ ունենալով Թբիլիսի քաղաքից դեղամիջոցներ ձեռք բերել եւ Դիլիջանում վերավաճառել իրեն պատկանող 4 դեղատներում, 2015թ. մայիսի 13-ի առավոտյան իր եւ եղբոր «Միտցուբիսի» մակնիշի ավտոմեքենաներով ուղեւորվել է Թբիլիսի:
Վրաստանի մայրաքաղաքում Արմեն Հովհաննիսյանը դեղերի մեծածախ առեւտրի սրահներից մեկում գնել է ընդհանուր 3 միլիոն 664 հազար 15 դրամ արժողության դեղեր, դրանց մի մասը՝ 1 միլիոն 576 հազար 200 դրամ արժողության դեղերը, տեղադրել է իր ավտոմեքենայի բեռնախցիկի, իսկ մյուս մասը՝ 2 միլիոն 87 հազար 815 դրամ արժողության դեղերը, տեղավորել եղբոր՝ Արթուր Հովհաննիսյանի ավտոմեքենայի բեռնախցիկի՝ երրորդ շարքի համար նախատեսված խոռոչներում: Այնուհետեւ Արմեն Հովհաննիսյանը եղբորն ասել է, թե ինքն առաջինը կհասնի Բագրատաշենի մաքսակետ եւ երկու ավտոմեքենաներում առկա դեղամիջոցները կմաքսազերծի:
Սակայն հասնելով Բագրատաշենի մաքսակետ՝ նա մտափոխվել է դեղերը հայտարարագրել եւ մաքսազերծել: Մտածելով, որ մաքսային տեսուչը չի կարող նկատել դրանք, նա հատել է Բագրատաշենի մաքսակետի մաքսային տարածքը, դուրս եկել ուղեփակոցից եւ սպասել եղբորը: Արթուր Հովհաննիսյանը, հասնելով Բագրատաշենի մաքսակետ՝ մտածելով, որ եղբայրը՝ Արմենը, արդեն հայտարարագրել է երկու ավտոմեքենաներում առկա դեղամիջոցները, անձամբ չի հայտարարագրել դրանք եւ հատելով մաքսային հսկողության գոտին՝ դուրս է եկել մաքսային տարածքից: Դրանից հետո Արթուր եւ Արմեն Հովհաննիսյանների ավտոմեքենաները վերադարձվել են մաքսակետի տարածք, կրկնակի զննության են ենթարկվել, եւ բեռնախցիկներից հայտնաբերվել են մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված 3 միլիոն 664 հազար 15 դրամ ընդհանուր արժողության դեղերը: Դատարանում Արմեն Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել մաքսանենգության մեջ:
Սեպտեմբերի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Արմեն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 1 միլիոն դրամ տուգանքի: Դատարանի վճռով մաքսանենգության առարկա հանդիսացող 3 միլիոն 664 հազար 15 դրամ արժողության դեղերը բռնագրավվել են՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Ոսկան Սարգսյան
Տավուշ