Ամռան ամիսներին կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիները չէին կարողանում իրացնել իրենց անարատ կաթը, քանի որ մթերող կազմակերպությունները կա՛մ չափազանց ցածր գներով` 90, 100 դրամով էին գնում, կա՛մ էլ ընդհանրապես չէին ընդունում այն: Հոկտեմբերի 1-ից կաթի մթերման գները փոքր-ինչ բարձրացել են, բայց հիմա էլ անասունների կաթնատվությունը զգալիորեն պակասել է:
Հիշեցնենք, որ ամռան ամիսներին համաշխարհային շուկայում կաթի փոշու գնի էժանացում նկատվեց, որն էլ լուրջ խնդիրներ առաջացրեց տեղական թարմ կաթ արտադրողների համար: Արդյունքում էժանացավ մթերվող կաթի գինը, ինչի պատճառով էլ որոշ անասնապահներ ստիպված եղան անասնակեր գնելու համար անասունները մորթել: Ըստ մասնագետների՝ նման զանգվածային մորթի դեպքում առնվազն երեք-չորս տարի է պետք՝ անասնագլխաքանակը լրացնելու համար:
Բայց եթե մայիսից սկսած կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիները բողոքում էին կաթի մթերման ցածր գներից, ապա այս օրերին նրանք արդեն այլ խնդրի առաջ են կանգնած: Բանն այն է, որ սեզոնային գործոնով պայմանավորված` զգալիորեն նվազել է կովերի կաթնատվությունը:
Օրինակ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչներից մեկը՝ Մովսես Խամոյանը, մայիսից մինչեւ օգոստոս օրական հավաքում էր 300-400 լիտր կաթ, իսկ հիմա ընդամենը 80 լիտր: Եւ Խամոյանի օրինակով՝ շատերը ոչ միայն Արագածոտնի, այլեւ Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում:
«Կաթը 130-140 դրամով են մթերում, այն էլ այն դեպքում, երբ ես եմ տեղափոխում գործարան: Իհարկե, եթե իրենք գան, տանից տանեն, ապա ավելի էժան կհաշվեն՝ 110-120 դրամ: Ճիշտ է՝ հոկտեմբերի 1-ից 10 դրամով բարձրացրել են կաթի գինը, բայց մեր ունեցած կաթի քանակությունը շատ քիչ է: Ամռան ամիսներին էր պետք թանկ գնով կաթ մթերել, հենց այդ ժամանակ մենք եկամուտ կունենայինք ու այսպես պարտքեր չէինք կուտակի, անասուն չէինք մորթի: Բայց արի ու տես, որ հակառակ է ամեն ինչ. երբ պետք է, հենց այդ ժամանակ էլ մթերման գները միտումնավոր իջեցնում են»,- վրդովված նկատեց Խամոյանը:
Նկատենք, որ այս օրերին բոլոր անասնապահները զբաղված են ձմռան ամիսներին անասունների համար անասնակեր կուտակելով, իսկ մեկ հակ որակյալ անասնակերի արժեքը կազմում է 1200 դրամ: Որոշ անասնապահներ, չունենալով դրամական միջոցներ, ստիպված գնում են էժան՝ 900 դրամանոց անասնակեր, որը որակով ավելի ցածր է եւ բացասական ազդեցություն է ունենում կաթի ինչպես որակի, այնպես էլ քանակի վրա:
Անասնապահ Մովսես Խամոյանի պատմելով՝ ինքը ամռան ամիսների ընթացքում արդեն մորթել է 15 անասուն, որպեսզի դրանով ե՛ւ ընտանիք պահի, ե՛ւ անասունների համար անասնակեր գնի: «Եւ դեռ պետք է ձմռան ամիսների համար էլ 10 անասուն մորթեմ: Բացի այս, 26 գլուխ ոչխար ունեի, դրանք էլ վաճառեցի՝ անասնակեր գնելու համար: Ես չեմ կարողանում այդ 80 լիտր կաթով ընտանիք կերակրել, ուր մնաց թե անասունների համար անասնակեր գնեմ»,- զայրացած նկատեց Խամոյանը:
Նույն գյուղի մեկ այլ անասնապահ էլ դժգոհեց «թեփ» կոչվող անասնակերի թանկացումից: «Այս ամիսներին անասունների կաթնատվությունը նվազել է. կովերը ցամաքել են, իսկ թեփը, որով այս սեզոնին մենք կերակրում ենք անասուններին՝ կաթնատվությունը փոքր-ինչ բարձրացնելու համար, շատ թանկ է: Դա ավելացնում է կաթը: Նախորդ տարի մեծ քանակությամբ թեփ գնեցի, որից մի փոքր անասունների կաթնատվությունը բարձրացավ: Անցած տարի թեփի մեկ 50 կգ-անոց պարկի արժեքը կազմում էր 2300 դրամ, իսկ այս տարի այն թանկացավ ու դարձավ 3600-3700 դրամ: Հիմա դրանից էլ ենք կտրվել»,- ներկայացրեց անասնապահը:
Իսկ, ահա, Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի անասնապահ Քյարամ Ներսիսյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր ունեցած անասունների ոչ միայն կաթնատվությունն է նվազել, այլ անասնագլխաքանակն էլ է պակասել: «Ի՞նչ անենք, այս տարի վատ վիճակում ենք: Իբր վերամշակող ընկերությունները սկսել են թանկ գնով՝ 130 դրամով մթերել կաթը, բայց հիմա էլ մենք կաթ չունենք: Պատկերացրեք՝ 30 կովը միասին տալիս է 50 լիտր կաթ: Մինչդեռ ամռան ամիսներին 200-300 լիտր կաթ եմ հավաքել, բայց այն ժամանակ էլ մթերման գներն էին ցածր, կամ էլ չէին վերցնում վերամշակող ընկերությունները,- նեղսրտեց Ներսիսյանը՝ այնուամենայնիվ, հավելելով,- իհարկե, սեզոնի հետ է կապված կաթնատվության նվազումը»:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ ձմռան ամիսների անասնակերը նա պարտքով է գնել. «4000 հակ անասնակեր՝ 900 դրամով: Պարտք եմ 3 մլն 600 հազար դրամ: Եւ այս պարտքը վերադարձնելու համար ես դեռ պետք է 9 անասուն մորթեմ: Ձեռքիս գումար չի ընկնում, որ գնամ, միանգամից լավորակ անասնակեր գնեմ ու բերեմ, իսկ պարտքով էլ միայն մի հոգի է տալիս: Ավելին՝ իմ գնած 900 դրամ արժեքով անասնակերը վատ որակի է, դրա համար էլ էժան է: Բայց միեւնույն ժամանակ նշեմ, որ անորակ անասնակերը վատ ազդեցություն է ունենում կաթի որակի եւ կաթնատվության վրա»: Ի դեպ, Կարմրաշենի գյուղապետ Արտաշես Մելիքյանը նույնպես զբաղվում է կաթի արտադրությամբ: Սակայն վերջինս, իր ղեկավարած գյուղի բնակիչների նման կաթի մթերման խնդիր երբեւէ չի ունեցել, որովհետեւ նրա ունեցած կաթը մթերում է իր որդուն պատկանող պանրի գործարանը:
Կաթի մթերման հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ, ով նշեց, որ թեեւ կաթի մթերման գինը բարձրացել է եւ դարձել 140 դրամ, այնուամենայնիվ, կան խնդիրներ, եւ դրանք վերահսկելի են. «Ցավոք, կան կազմակերպություններ, որոնք 120-130 դրամով են կաթ մթերում, հավանաբար հոկտեմբերի 15-ից հետո գինը կբարձրացնեն»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ հնարավո՞ր է կաթնատվության նվազման հետ պանրի շուկայում դեֆիցիտ առաջանա, Բաղիյանը պատասխանեց. «Առայժմ նման երեւույթներ չեն սպասվում: Մենք մթերող ընկերությունների պահեստներում ունենք կուտակված պանիր, որը ժամանակին պետք է արտահանվեր ՌԴ, սակայն ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով չիրականացավ: Այժմ այդ պանրի քանակությունը իրացվում է ներքին շուկայում»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ