Դերասան Վարդան Հովսեփյանը շուտով հեռուստադիտողներին կներկայանա նոր սերիալում` հանդես գալով գլխավոր դերում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր գործնական ծրագրերի մասին, խոսել օրեցօր շատացող դերասանական ստուդիաների եւ դրանց կասկածելի մասնագիտական որակների մասին:
-Վարդա՛ն, վերջին շրջանում նախկին հայտնի սերիալների հիման վրա ֆիլմեր են նկարահանվում: Վառ օրինակ է «Որոգայթը», որում ընդգրկված եք նաեւ Դուք: Այս միտումն, ըստ Ձեզ, ինչո՞վ է հետաքրքիր: Կպատմե՞ք` բացի այդ, էլի ի՞նչ նախագծերում եք ընդգրկված:
-«Որոգայթ»-ում գլխավոր հերոսներից մեկի երիտասարդությունն եմ խաղացել, լավ համագործակցություն ունեցա ռեժիսոր Ռոման Մուշեղյանի հետ: Առհասարակ, եթե սերիալը վերցվի ու նույն թեման նույն կերպ մատուցվի ֆիլմի տեսքով, դա իմաստ չի ունենա, բայց եթե մատուցման ձեւը փոխվում է, դա ուրիշ բան է: Կոնկրետ «Որոգայթի» դեպքում սերիալից մնացել է միայն անունը եւ որոշ կերպարներ:
Վերջին շրջանում նկարահանվել եմ նաեւ «Շարմ» հոլդինգի մի ֆիլմում, որը հանդիսատեսը մինչեւ տարեվերջ, կարծում եմ, կտեսնի: Այնտեղ իմ խաղընկերներն են՝ Տաթեւ Հովակիմյանը, Արփինե Իսրայելյանը, Իշխան Ղարիբյանը եւ այլք:
-Իսկ սերիալներից նոր առաջարկներ ունե՞ք: Հեռուստադիտողները հիշում են Ձեր խաղը «Աննա», «Գեներալի աղջիկը» սերիալներում:
-Այո, պետք է ուրախացնեմ նրանց, ունեմ լավ առաջարկ, ընդ որում, գլխավոր կերպարն եմ կերտելու, շատ վառ, հետաքրքիր անհատի: Շուտով հեռուստադիտողները կտեսնեն ինձ այդ կերպարում:
-Մալյանի անվան եւ «Մետրո» թատրոններում եք աշխատել: Կենդանի արվեստը չե՞ք կարոտում…
-Իհարկե, շատ եմ կարոտում, միգուցե գա ժամանակ, որ թատրոնում աշխատեմ, բայց հիմա, երբ սերիալում գլխավոր դերակատար եմ, զբաղվածությունս դա թույլ չի տա: Գուցե թատրոնի կոմերցիոն ներկայացումներում խաղամ, բայց դժվար խաղացանկային դերասան լինեմ:
-Մի ժամանակ դերասանական ստուդիաներից մեկում դասավանդում էիք: Հիմա դրա համար էլ ժամանակ չկա՞:
-Հիմա ոչ, չեմ ուզում…Լիքը ստուդիաներ են բացվում, թող դասավանդեն էլի…Մարդիկ կան, մի երկու բան են սովորում, գնում են, ինչ-որ տարածք են վարձակալում, ասում են` եկեք, մենք ձեզ 4-5 ամսվա ընթացքում դերասանություն սովորեցնենք, գնաք, գովազդներում, սերիալներում նկարահանվեք…Բայց մարդիկ 4-5 տարում չեն կարողանում դերասանություն սովորել, էդ ո՞նց պետք է մի քանի ամսում սովորեն: Կամ նայում ես դասավանդողին, մեկը լինի` իրեն սովորեցնի, նա ի՞նչ պետք է ուսուցանի…Իսկ, առհասարակ, ստուդիաներ նախկինում էլ եղել են, ու միշտ էլ շատերի կողքին եղել են մարդիկ, որ լուրջ են մոտեցել իրենց աշխատանքին:
-Որոշ ժամանակ առաջ հարցազրույցներում նշել էիք, որ Ձեր սիրտը զբաղված է, բայց ժամանակն անցնում է, իսկ կարգավիճակի փոփոխություն Ձեր կյանքում դեռ չկա…
-Ոնց որ չկա, չէ… (ծիծաղում է):
-Կա՞ն որակներ, որոնցով, ըստ Ձեզ, կինը պարտադիր պետք է օժտված լինի:
-Կնոջ իմ նախընտրելի տարբերակը հայ կնոջ կերպարի իրականությունից հեռու չէ: Հայ կնոջ պատկերը, տեսակը առանձնահատուկ է, ինձ դուր է գալիս, որ նա դեռ պահպանում է մեր ավանդապաշտությունը, իհարկե, առանց ծայրահեղ մոտեցումների: Պարզապես կանացի ընդունված նորմեր կան, որոնք շատ գեղեցիկ են: Այլապես այսօր փողոցում քայլում ես, նայում ես մեկին, չես հասկանում` տղա է, թե աղջիկ…Կին-տղամարդ, ամեն ինչ խառնվել է…
-Իսկ երիտասարդների շրջանում ի՞նչ միտում կա, որ Ձեզ ուրախացնում է:
-Շատ եմ սիրում մեր երիտասարդներին, նրանք պայքարող են, թիկունք թիկունքի տված՝ ինչ ուզում են, փոխելու են: Բացի այդ` նկատում եմ, որ մեր երիտասարդները առավել քան երբեւէ ձգտում են ուսման, բարձրագույն կրթության. տարիներ առաջ այդ միտումը նույնքան տեսանելի չէր: Այսօր մեր երիտասարդները նաեւ շատ ստեղծագործ են դարձել, փողոցով քայլում ես, տեսնում ես` ֆոտոխցիկները ձեռքներին, կիթառը ուսներին…Շատ է դուրս գալիս…Կուզենայի մեր ջահելների «դուխը» շատ լինի, չկոտրվեն, մի քիչ դիմակայեն դժվարություններին ու ամենակարեւորը` մնան Հայաստանում:
Աննա Բաբաջանյան