ՌԵԿՏՈՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, դաշնակցական Բագրատ Եսայանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում դասադուլ անող ուսանողներին խորհուրդ տվեց. «Եթե ցանկանում են արդյունքի հասնել, ապա ուսանողները չպետք է գնան ու կանգնեն բուհի առաջ եւ փորձեն այդ պահին գոռալով՝ կոչ անեն միանալ: Դասադուլը կազմակերպվում է մինչեւ փողոց դուրս գալը, եւ եթե երթ կա, ապա ուսանողները միանում են այդ երթին, եւ ոչ թե երթ անող դասադուլավորը գնում ու սկսում է պատուհանի տակ գոռալ, թե եկե՛ք միացե՛ք մեր դասադուլին”:
-Պարո՛ն Եսայան, Դուք ժամանակին շատ ակտիվ մասնակցել եք դասադուլներին ու կազմակերպիչներից մեկն եք եղել: Եթե համեմատական անցկացնենք նախկին եւ ներկայիս դասադուլների միջեւ, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ եք տեսնում:
-Նախ համեմատությունն առաջին հերթին դասադուլի նպատակների մեջ է, այն ժամանակ դասադուլի նպատակն ամբողջ ազգի նպատակն էր, եւ այդ նպատակի շուրջ համախմբված էին բոլորը՝ առանց որեւէ տարբերակման՝ ուսանող էր, բանվոր էր, գյուղացի էր, բոլորը համախմբված էին գաղափարի շուրջ: Եվ այդ առումով դասադուլն ընդունվում եւ ընկալվում էր բոլորի կողմից: Օրինակ՝ դասախոսները, համալսարանի ղեկավարությունը շատ ավելի լոյալ էին դասադուլավորների նկատմամբ եւ փորձում էին այնպես անել, որ ուսանողներն ու բուհերը չվարկաբեկվեն:
-Այսօր հակառակ իրավիճակն է:
-Այսօր այլ վիճակ է, փաստորեն ուսանողության մի հատվածը ոտքի է կանգնել քաղաքական հստակ պահանջով, որն ուսանողության մյուս հատվածի կողմից ընդունելի չէ, եւ դա է պատճառը, որ այսպիսի սեւ ու սպիտակի բաժանման է հասցրել ուսանողությանը: Սա գալիս է նաեւ քաղաքական ուժերի դիրքորոշումներից, որոնք նույնպես սեւ ու սպիտակի են բաժանում հասարակությունը:
-Այսինքն, ըստ Ձեզ, այսօրվա դասադուլավորները նախկինների համեմատությամբ ավելի «թո՞ւյլ» են:
-Մի քանի տարբերություններ էլ կան. այն ժամանակ մենք դասադուլը կազմակերպում էինք՝ մեր շուրջը համախմբելով տարբեր ֆակուլտետների ակտիվիստներին, մենք հստակ գիտեինք, թե որ ֆակուլտետում ով իր շուրջը կարող է համախմբել ուսանողությանը: Այն ժամանակ բուհերի ղեկավարությունն այս չափ ագրեսիվ չէր փորձում խոչընդոտել ուսանողների կողմից արտահայտած մոտեցումները:
-Որպես կրթության նախկին փոխնախարար՝ ինչպե՞ս եք վերաբերում ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի պահվածքին: Վերջինս ԵՊՀ բակում հայտարարեց, թե “զորքերն առա՛ջ բերեք”: Ու ընդհանրապես, ի՞նչ պիտի աներ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը, որ չարեց:
-Ընդհանրապես այդ տղան՝ օգնականը, բացարձակ թյուրիմացություն է: Բացարձակ թյուրիմացություն է ոստիկանություն բերել ու կանգնեցնել բուհի շրջակայքում: Նման հիմարություն ով է որոշել՝ ես չգիտեմ, եւ եթե մեկը մտածել է ու կարծում է, որ դա պայքարի արդյունավետ ձեւ է, ուրեմն նա բացարձակ բան չի հասկանում: 
Փոխանակ ուսանողների հետ ինչ-որ փոխզիջումային տարբերակներ գտնեն, գնում են թշնամություն հրահրելու ճանապարհով՝ հայտնվելով այդպիսի հիմար վիճակում: Եվ ռեկտորի օգնականը բացարձակ հիմար քայլ է թույլ տվել. ե՛ւ նախարարով, ռեկտորով, ե՛ւ աշխատակազմի ղեկավարով ստիպված են արդարանալ նրա արած հիմարության պատճառով:
-Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք ուսանողներին, ի՞նչ քայլեր անեն, որպեսզի հաջողությունների հասնեն: 
-Եթե ցանկանում են արդյունքի հասնել, չպետք է գնան ու կանգնեն բուհի առաջ եւ գոռալով կոչ անեն միանալ իրենց: Դասադուլը կազմակերպվում է մինչեւ փողոց դուրս գալը: Նախ պետք է դասադուլի գաղափարն ու նպատակը հասկանալի եւ ընկալելի լինի մյուս ուսանողների համար: Այսօր այնպիսի տպավորություն է, որ ուսանողների մեծ մասի համար հասկանալի չէ: Իսկ եթե գաղափարը ընկալելի չէ, որքան էլ շենքի տակ բղավես, չեն միանալու: Եվ երկրորդը, երբ որ մարդիկ համատարած ոչ մի բանի չեն հավատում, ամեն ինչին վերաբերում են ժխտողական մոտեցմամբ… նաեւ պետական ամբողջ ապարատը տասնամյակներ շարունակ, սկսած առաջին նախագահից մինչեւ հիմա, ատելություն է սերմանում հասարակության մեջ եւ մանավանդ երիտասարդության մեջ ընդհանրապես «քաղաքականություն» բառի նկատմամբ: Պետք է մի բան հստակ հասկանալ, որ բուհում չպետք է քաղաքականություն լինի: Եթե այսօր այս ուսանողության առջեւ հայրենիքը փրկելու հարց լինի, ես վստահ չեմ, թե ով է լինելու առաջին շարքերում՝ այդ փողկապավոր, փայլուն «կոստյում-շալվարով», գավառական ակցենտով ջահելնե՞րը՝ հանրապետական զնաչոկները դոշին, թե՞ իսկապես քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդները, որոնք այս երկրի ցավն ու դարդն իրենցն են համարում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 492 համար




Լրահոս