Այն, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, ազատ էր արձակվելու, «Ժողովուրդը» դեռ մեկ ամիս առաջ էր գրել. քաղաքական որոշումն այդ ժամանակ էր կայացվել: Սակայն երեկ տեղի ունեցածը սպասվածից ավել խայտառակություն էր: ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարությամբ «ավետեց» Տիգրան Խաչատրյանին ոչ միայն ազատ արձակելու, այլ նաեւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Հիմնավորումն այն էր, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերել այն մասին, որ տուժող Հարություն Զաքարյանի մեկ աչքի տեսողության կորուստի պատճառ դարձած հարվածը Տիգրան Խաչատրյանը չի հասցրել: Ոմն Յուրի Մանուչարյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, թե ինքն է Հարություն Զաքարյանի աչքին հարվածել: Իսկ տուժողն ասել է, թե չի հիշում՝ կոնկրետ ով է հարվածել: Ահա եւ վերջ. Յուրին «իր վրա վերցրեց» հանցանքը, ուստի ՀՀ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանը եւ ՀՀ ԳԴ Գեւորգ Կոստանյանը կարող են հանգիստ շունչ քաշել: Նրանց հաջողվեց ողջ իրավապահ համակարգը ծառայեցնել Լիսկայի շահերին: Եւ ամենեւին կարեւոր չէ, որ հենց Տիգրան Խաչատրյանն է վեճ հրահրել Հարություն եւ Մուշեղ Զաքարյան եղբայրների հետ, նրանց կանչել է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածք, իր բանդայի մի քանի տասնյակ անդամների հետ դաժան ծեծի ենթարկել՝ նրան կուրացնելով: Գլխավորն այն է, որ Սյունիքի բդեշխի որդին «անմեղ» է, քանի որ Հարություն Զաքարյանը հենց նրա հարվածից չի կուրացել: Պատկերացնո՞ւմ եք՝ այսպիսի անհեթեթ իրավաբանական հիմնավորման տակ ստորագրել են Աղվան Հովսեփյանի ենթակա քննիչները ու Գեւորգ Կոստանյանի ենթակաները: Բնականաբար, նրանք մասնավոր զրույցների ժամանակ կարդարանան, թե Սերժ Սարգսյանն է հրահանգել նման կերպ վարվել, բայց ի՞նչ կապ ունի՝ բանավոր ով, ինչ է հրահանգել: Այս խայտառակության տակ դրված է նշված կոնկրետ մարդկանց ստորագրություններ, ովքեր ուղղակի անարգում են արդարադատությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստի ժամանակ, ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովն իր ելույթը «նվիրել» է օրերս Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանին: Հուսեյնովը հայտարարել է, որ Վ. Մարտիրոսյանն Ադրբեջանում ինքնակամ ասուլիս է հրավիրել եւ ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է Հայաստանում մարդու իրավունքների վատ վիճակի մասին: Ըստ ադրբեջանցի պատվիրակի՝ Մարտիրոսյանն իբր ինքնակամ ցանկացել է ապրել Ադրբեջանում: Մի քանի րոպե շարունակ Հուսեյնովը ընթերցել է Վ. Մարտիրոսյանի ուղիղ խոսքը մամլո ասուլիսից: Ադրբեջանի պատվիրակից հետո ելույթ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նախքան բուն ելույթին անցնելը նա ի պատասխան՝ Հուսեյնովին տեղեկացրել է, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է Վահան Մարտիրոսյանի հոգեկան հիվանդ լինելու մասին փաստող փաստաթուղթը, եւ դրա լուսապատճեն ցուցադրել ներկաներին՝ այդպիսով փչացնելով ադրբեջանական ողջ քարոզչությունը:
Վերջին առնվազն յոթ տարիներին Հայաստանը կարծես անվերջանալի շրջապտույտի մեջ լինի: Բոլոր գերատեսչությունները եւ պետական կառույցները բնականոն գործում են, հազարավոր մարդիկ գործի են գնում-գալիս, բավականին բարձր աշխատավարձեր են ստանում, բայց միեւնույն է՝ Հայաստանում ոչ մի դրական տեղաշարժ տեղի չի ունենում: Անգամ ամենատարբեր մակարդակի չինովնիկներ «Ժողովուրդ»-ի հետ մտերմիկ զրույցներում ասում են, որ մեր երկրում նախաձեռնողականությունը չի խրախուսվում: Բոլորը բացառապես կատարողներ են, իսկ հրահանգները կա՛մ լինում են հստակ ուղղորդվածությամբ, կա՛մ հաճախ չեն էլ լինում: Հայաստանը փաստացի մեկ կետից է կառավարվում՝ ՀՀ նախագահի նստավայրից, հավանաբար այդպես ավելի անվտանգ է համակարգի համար: Բայց այդ իրավիճակի արդյունքում երկրի տնտեսությունը, ինչպես նախորդ տարիներին, շարունակում է գլորվել անդունդը:
Երեկ անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարզաբանել է, թե ինչպես է լուծվելու էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Ըստ վարչապետի՝ մինչեւ 250 ԿՎտ սպառող բնակչության էլէներգիայի սակագնի 6,93 դրամ բարձրացումը ՀՀ Կառավարությունը եւ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը համատեղ կփոխհատուցեն: Վարչապետը պարզաբանել է. «ՀՀ 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը»: Այսինքն՝ մինչ օրս 10 հազար 462 դրամ էլէներգիայի վարձ վճարողները կշարունակեն 1 ԿՎտ/ժ-ի համար վճարել 41,85 դրամ, դրանից ավելի շատ «լույս վառողները» արդեն բարձրացած սակագնով պետք է վճարեն: Վարչապետի հրապարակած թվերը, սակայն, մեկ այլ գաղտնիք էլ են բացահայտում` Հայաստանում աղքատության մակարդակը: Քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ունեցող ընտանիքի էլէներգիայի ծախսը տեխնիկայի դարում հաստատ շատ ավելին է: Այսինքն՝ Հայաստանում աղքատության մակարդակը ստացվում է, որ հասել է առնվազն 70 տոկոսի:
ԱՆՀԱՄԱՐԺԵՔ
Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ի գագաթնաժողովում արած հայտարարությունից եւ դրան հետեւած հայկական զինուժի գործողություններից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանն իր եւ Ղարաբաղի անվտանգության պաշտպանության հարցում անցնում է նոր ռեժիմի, որը ենթադրում է ինչպես երկրի զինված ուժերի եւ, առհասարակ, ողջ պետական համակարգի աշխատանքի տոտալ փոփոխություն, այնպես էլ երկրի ներքաղաքական կյանքի եւ առկա օրակարգի հիմնովին վերաձեւում:
Եվ դա առաջին հերթին վերաբերում է Հայաստանի ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցին` Սահմանադրության փոփոխությանը: Փաստորեն պատերազմից «հինգ պակաս» իրավիճակում գտնվող Հայաստանի Ազգային ժողովը փոխանակ երկրի անվտանգությանը սպառնացող այս իրավիճակից քաղաքական ելքեր փնտրելուն ուղղված ջանքեր գործադրի, հաջորդ երկուշաբթի պետք է քվեարկի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Սա այլ կերպ, քան քաղաքական անմեղսունակություն, դժվար է բնորոշել: Նույնն, ի դեպ, վերաբերում է նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, որոնցից, օրինակ, «Ոտքի Հայաստան»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ը կամ ՀԱԿ-ը հայտարարում են, թե սահմանային լարվածությունը չի կարող եւ չպետք է ազդի հանուն իշխանափոխության իրենց պայքարի վրա եւ որ այս սահմանային լարվածությունը ձեռնտու է հենց Սերժ Սարգսյանի ռեժիմին:
Իրականում ամեն ինչ շատ ավելի լուրջ է, սակայն մեր քաղաքական դաշտը` Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունից սկսած, կարծես թե ի զորու չէ դա ընկալել: Հակառակ դեպքում հենց Հանրապետական կուսակցությունը պետք է հանդես գա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու առաջարկությամբ: Առավել եւս, որ ՀՀԿ խոսնակը հավաստիացնում էր, թե սահմանադրության փոփոխությունն իրենց համար գերխնդիր չէ, որ կան ավելի կարեւոր հարցեր, ինչպես երկրի տնտեսության եւ անվտանգության հետ կապված հիմնախնդիրները: Արդ` հիմա առկա է մեր երկրի անվտանգության ապահովման շատ լուրջ առաջնախնդիր, եւ եթե Սերժ Սարգսյանի վերարտադրությունը չէ ՀՀԿ-ի գերնպատակը, ապա այն պետք է ապացուցի իր խոսնակի խոսքերի ճշմարտացիությունը:
Իր հերթին ընդդիմությունը պետք է սահմանադրական հանրաքվեն հետաձգելու պահանջ առաջադրի իշխանությանը` այդ պարագայում խոստանալով առժամանակ կասեցնել իր պայքարը: Ի վերջո, եթե, Աստված մի արասցե, պատերազմական գործողությունները վերսկսվեն, այդ դեպքում հաստատ Սերժ Սարգսյանի իշխանությունը կերկարաձգվի անհայտ ժամկետով: