ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստում ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի «Կրոնի ազատությունն ու կողք կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում» զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շատ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: Անդրադառնալով Հուսեյնովի զեկույցին՝ Զոհրաբյանը հայտարարել է, որ հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության, ինչպես նաեւ մշակութային վանդալիզմի` հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող, համաշխարհային մշակութային արժեք հանդիսացող հազարավոր խաչքարերի ոչնչացման համար:
Ն. Զոհրաբյանի ելույթը ադրբեջանցիներին հանել է հունից, եւ վերջիններս սկսել են հարձակումներ գործել հայ պատվիրակների վրա: ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Սայիբա Գաֆարովան կոչ է արել հայ պատվիրակներին չստել: Ռաֆայել Հուսեյնովն էլ հայտարարել է, թե ամբողջությամբ ժխտում է Նաիրա Զոհրաբյանի ելույթը` այն որակելով որպես «Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ իրականացվող ագրեսիայի շարունակություն»:
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում մեկնարկած աշնանային նստաշրջանն առաջին իսկ երեք օրերի ընթացքում աչքի ընկավ Ադրբեջանին ուղղված սուր քննադատություններով՝ մարդու իրավունքների աղաղակող խախտումների, հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումների եւ բռնաճնշումների կիրառման դեպքերի արձանագրումներով: Նիստի առաջին օրը ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերն իր մամուլի ասուլիսում խստագույնս քննադատեց Ադրբեջանին՝ կրկնելով, որ այս երկրում մարդու իրավունքների վիճակը երկու տարվա ընթացքում շարունակաբար վատթարանում է:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է հայկական պատվիրակությունը լքել նիստերի դահլիճը:
-Տիկի՛ն Զոհրաբյան, նախօրեին ԵԽԽՎ նիստում Ձեր ելույթից հետո ադրբեջանցի պատվիրակները ելույթ են ունեցել ու Ձեզ մեղադրել են Ադրբեջանի մասին միջազգային բարձր հարթակից սուտ տեղեկություն տարածելու մեջ՝ նշելով, թե Դուք որեւէ ամբիոն բաց չեք թողնում՝ Ադրբեջանի բարի համբավը արատավորելու համար: Իսկ Ռաֆայել Հուսեյնովն էլ Ձեր վերջին ելույթը որակել է որպես Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ իրականացվող ագրեսիայի շարունակություն: Որն էր ադրբեջանական այս հերթական հիսթերիայի առիթը:
-Գիտեք, պատասխանը պարզ է, ճշմարտությունը միշտ էլ ցավոտ է, եթե այն չի բխում Ադրբեջանի շահերից: Իսկ իմ կողմից մշտապես բոլոր հարթակներից ասվել է ու ասվում է ճշմարտությունը Ադրբեջանի մասին: Դա արձանագրել են ե՛ւ ԵԽԽՎ-ն, ե՛ւ միջազգային տասնյակ կազմակերպություններ: Ի վերջո, փաստ է` հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող, համաշխարհային մշակութային արժեք հանդիսացող հազարավոր խաչքարեր ոչնչացվել են: Ի դեպ, հենց ադրբեջանցի լրագրող Իդրակ Աբասովին եմ ցիտել իմ ելույթի ժամանակ, ով 2006 թվականին, այցելելով Ջուղա, հայտարարել է, որ ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Ջուղայի գերեզմանոցը: Ես խոսել եմ բացարձակապես փաստերով, ես ներկայացրել եմ ԵԽԽՎ որոշումը ու ներկայացրել եմ այն իրողությունը, որ Ադրբեջանը ոչ մի կերպ թույլ չտվեց ԵԽԽՎ պատգամավորներին այցելել Ջուղա եւ տեսնել ադրբեջանական վանդալիզմի հետքերը: Ես խոսել եմ Բաքու կատարած իմ այցի մասին, որպես Եվրանէսթի պատգամավոր: Երբ Ռաֆայել Հուսեյնովն այս ամբիոնից լալահառաչ խոսում էր կրոնական հանդուրժողականության մասին, իրեն ասել եմ, որ նման պատմություններ պատմելուց առաջ դուք այստեղ ներողություն պիտի խնդրեք ձեր հայատյաց, ագրեսիվ քաղաքականության համար: Ու ներկայացրել եմ, որ ինչպես կարող է կրոնական հանդուրժողականությունից խոսել մի երկրի ներկայացուցիչ, երբ ես անձամբ Բաքվում տեսա, որ հայկական եկեղեցու խաչը հանված էր, բացառիկ գրքերը ոչնչացված էին, իսկ գրադարանը վերածվել էր Հեյդար Ալիեւի անվան գրադարանի: Արդյո՞ք այդքանից հետո Հուսեյնովը իրավունք ունի խոսել ընդհանրապես կրոնի ազատության, հանդուրժողականության մասին, առավել եւս` զեկույց գրել: Միայն այն դեպքում, եթե բոլորիցս ներողություն խնդրեն Ադրբեջանի վանդալիզմի, հայատյաց քաղաքականության համար, այդ ժամանակ ես կհավատամ, որ նա անկեղծ է:
-ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Սայիբա Գաֆարովան էլ հայտարարել է, որ ինքը չի կարող արձագանքել հայկական պատվիրակությանը, քանի որ Դուք լքել եք դահլիճը: Ինչո՞ւ էիք որոշել հեռանալ դահլիճից:
-Այո՛, լքել եմ, որովհետեւ ես չեմ սիրում թատերականացված շոուներ, ինչ-որ թեմայի վերաբերյալ զեկույց գրելու բարոյական իրավունքը պետք է վաստակել: Եթե դու մի երկրի ներկայացուցիչ ես, որտեղ ժողովրդավարության մասին խոսելը ամենամեծ զավեշտը կլինի, որտեղ առ այս պահը բանտերը լցված են լրագրողներով, իրավապաշտպաններով, երկիր, որը վարում է հայատյաց, անհանդուրժողական քաղաքականություն, որտեղ սերունդը մեծացվում է հայերի հանդեպ գենետիկ ատելությամբ, այդ երկրի ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի դառնալու կրոնական ազատության զեկույցի հեղինակ: Դա զավեշտ է, ես նման կրկեսի չեմ ուզում մասնակցել:
928 ՄԼՆ ԴՐԱՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ
Երեկ Կառավարության հերթական նիստում հաստատվեց «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի եւ անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016թ. պետբյուջեով կհատկացվի 928 մլն դրամ:
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությանը: Ըստ գործադիր մարմնի՝ առաջիկա երեք տարիներին ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին եւ միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է, ինչպես նաեւ Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման համար հիմնական կարեւոր սկզբունքների ներկայացումը, փոքր եւ միջին բիզնեսի գործունեության համար մրցունակ միջավայր ապահովելը: Կառավարությունը հաստատեց նաեւ անմաքս առեւտրի խանութ ապրանքների մուտքագրման եւ դրանց իրացման հաշվառման, ինչպես նաեւ մաքսային մարմիններին այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Կառավարությանը ներկայացրեց «Կարուսել Իսթաբլիշմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան 1 հասցեում (ք.Երեւան) գտնվող անշարժ գույքի փոխանակման հարցը ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սարգսյան 3 հասցեում (ք.Երեւան) գտնվող անշարժ գույքի հետ: ՀՀ վարչապետը Սահակյանի խոսքից հետո հայտարարեց, թե հողը տարիներ շարունակ եղել է մեր հայրենակից, բարերար Վաչե Մանուկյանի սեփականությունը, եւ այնտեղ որեւէ կառուցման աշխատանք չի իրականացվել:
Հովիկ Աբրահամյանը հավելեց, թե օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 60 մլն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ: Արդյունքում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր, որի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:
Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ համագործակցության շրջանակում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը: Գործադիրն ընդունեց համապատասխան որոշում:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆՎԱԶՈՒՄՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում կոնյակի եւ գարեջրի արտադրությունը շարունակում է նվազել: Կոնյակի արտադրության ծավալները այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10.7 տոկոսով, իսկ գարեջրինը՝ 12.4 տոկոսով: Ըստ տնտեսագետների՝ կոնյակի եւ գարեջրի արտադրության ծավալների նվազումն ուղղակի կապված է այդ ապրանքների՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ անկման հետ: Բանն այն է, որ այս տարվա սկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքներ գրեթե չի արտահանվում, ինչի հիմնական պատճառը ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումների հետեւանքով ՌԴ շուկայում ստեղծված անկայունությունն է:
ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ
«Թալգրիգ» ՍՊԸ-ն երկար տարիներ զբաղվել է հրուշակեղենի եւ ալյուրի արտադրությամբ ու ներմուծմամբ: Այս ընկերությունը համարվել է «Գրանդ քենդի» ընկերության լուրջ մրցակիցներից մեկը: Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ «Թալգրիգը» հարկային եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով սնանկացել է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ղեկավարությունը որոշել է հօգուտ պետբյուջեի ընկերությունից գանձել 1 մլն 499 հազար դրամ: Բանն այն է, որ ընկերությունը դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարագրել է ալյուրի լցման եւ փաթեթավորման մեքենա, որի մաքսային արժեքը կազմել է 7 մլն 495 հազար դրամ, իսկ ԱԱՀ-ն՝ 1 մլն 499 հազար դրամ: ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է մեկ տարով, ժամկետը լրացել է, եւ այժմ մաքսայինը եւս ավելացել է ընկերության պարտատերերի ցանկին:
ՎԵՐԵԼԱԿ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ»-ը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներից պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ քաղաքապետարանի 9 հարկանի շենքում վերելակը գործում է մինչեւ 3-րդ հարկ, ճիշտ այն հարկ, որտեղ գտնվում է նորանշանակ քաղաքապետ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի աշխատասենյակը: Նշենք, որ 9 հարկանի շենքից քաղաքապետարանն իր կարիքների համար օգտագործում է միայն վեց հարկերը: Սակայն վերելակը նույնիսկ մինչեւ այդ 6-րդ հարկը չի բարձրանում: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց համայնքի ավագանու անդամ Հերմոն Ավետիսյանի հետ, ով վերելակի չգործելու փաստը հետեւյալ կերպ ներկայացրեց. «Նախկինում սոցիալական ծառայությունը գտնվում էր քաղաքապետարանի 5-րդ հարկում, եւ տարեցները միշտ գնում էին այդ հարկ: Հիմա ամեն բան փոխվել է. 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հարկում քաղաքապետարանի այլ բաժիններն են գործում, որտեղ տարեց մարդիկ դիմելու կարիք չեն ունենում: Իսկ տարեցները գալիս են հիմնականում քաղաքապետի մոտ՝ ընդունելության»: