ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի՝ հատկապես տնտեսական եւ դատաիրավական ոլորտներում վերջին վեց տարիներին տիրող խայտառակ վիճակից դատելով՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե երկիրը կառավարող պաշտոնյաների մեծ մասն անկարող է, քանի որ ոչինչ չեն անում իրենց վստահված ոլորտում իրավիճակը դեպի լավը շտկելու համար:

Արդյոք պետական պաշտոնյաները չեն տեսնում այն վիճակը, որն առկա է տնտեսության եւ դատաիրավական ոլորտներում: Եթե տեսնում են, ապա ինչու նրանցից յուրաքանչյուրը միջոցներ չի ձեռնարկում՝ իրեն վստահված ոլորտներում վիճակը բարելավելու համար: Ինչպե՞ս կարող է տարիներ շարունակ վիճակը գնալով ավելի վատթարանալ, եւ ոչ ոք չկարողանա այդ ընթացքը կանգնեցնել: Այս հարցի պատասխանն ինքնըստինքյան ստացվում է, երբ ՀՀ կառավարման համակարգն, այսպես ասած, ներսից ենք դիտարկում: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից օրերս «Ժողովուրդ»-ը մասնավոր զրույցի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պաշտոնյան սկսեց թվարկել Հայաստանում առկա խնդիրները, եւ եթե մի պահ մոռանայինք, թե ում հետ ենք զրուցում, ապա կարելի էր կարծել, որ խոսողն արմատական ընդդիմության ներկայացուցիչներից է: Այդ դեպքում ինչու չեն փորձում իրավիճակը շտկել: Այս հարցին մեր զրուցակիցը անկեղծ պատասխանեց. «Ինչպե՞ս, ով քեզ թույլ կտա ինչ-որ ինքնուրույն բան անել»:
Բանն այն է, որ արդեն բավականին երկար ժամանակ է Հայաստանի կառավարման համակարգում բոլոր որոշումները մեկ վայրում են կայացվում` նախագահական նստավայրում: Այսինքն՝ վարչության պետերը, ստորաբաժինների ղեկավարները նախարարները սկզբունքային որոշումներ կայացնելու իրավունք չունեն: Նրանք ընդամենը կատարողներ են: Նույնիսկ վարչապետը առանցքային եւ մարտավարական որոշումներ կայացնելու իրավասություն չունի: Իհարկե, վարչապետի հարցում ոչ ոք նրան չի ասում, թե դու իրավունք չունես, պարզապես ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակով կառավարման համակարգի խաղացողները հասկացել են, թե ինչ է լինում այն գործչի հետ, որը սկսում է իր «գլխից վերեւ թռչել»: Իշխանական քարոզչությունը տվյալ պաշտոնյային թողնում է «անտեր» վիճակում եւ վերջինս կարճ ժամանակում քննադատության այնպիսի ալիքի տակ է ընկնում, որ հրաժարական տալը դառնում է նրա կյանքի միակ երազանքը: Այսինքն՝ եթե պաշտոնյան խելոք պաշտոնավարում է, ապա նրան ոչինչ չի սպառնում: Նման հնազանդ պաշտոնյաների հասցեին ընդդիմադիր մի քանի լրատվամիջոցների քննադատություններն էլ ոչինչ են, համընդհանուր խայտառակվելու վտանգի համեմատ, որը նրան սպառնում է իշխանական քարոզչության հովանավորությունը կորցնելու դեպքում:
Արդյունքում, բոլորը համակերպվել են այն մտքի հետ, որ իրենք կատարողներ են եւ աշխատում են նախաձեռնողականությամբ աչքի չընկնել: Իհարկե, այդ նույն պաշտոնյաներին արգելված չէ սեփական քարոզչությամբ զբաղվել: Նրանք կարող են ինչ-որ տեղեր այցելել, լուրջ դեմքով նկարվել եւ տարածել՝ ձեւանալով, թե իբր գործ են անում, բայց ոչ ավելին: Ըստ մեր զրուցակից պաշտոնյայի՝ հանրության աչքերում սոցիալ-տնտեսական իրավիճակի համար հիմնական պատասխանատուն, վարչապետը եւ նախարարներն են, սակայն, իրականում նրանցից ոչինչ կախված չէ, եւ համակարգը այնքան միակենտրոն է դարձել, որ շունը տիրոջը չի ճանաչում, իսկ խնդիրներն էլ միեւնույն է՝ վերջնարդյունքում չեն լուծվում, ու վիճակն էլ չի բարելավվում: Բոլորը հասկանում են, որ երբ քաղաքականությունը մշակում են այն մարդիկ, ովքեր դրա իրագործման համար անմիջական պատասխանատվություն չեն կրում, ապա ցանկացած ծրագիր դատապարտված է ձախողման: Ավելին՝ ձախողվելու դեպքում էլ իրագործողը դրա համար պատասխանատվություն չի կրում, քանի որ նրանից հաշվետվություն պահանջողը շատ լավ գիտի, որ նա ընդամենը կատարող է եղել:
Իհարկե, բնական հարց է ծագում, իսկ ինչու է իշխանական համակարգն այդպիսին, ինչու են բոլոր որոշումները միայն նախագահականում կայացվում, ի վերջո, կարելի էր վարչապետին եւ նախարարներին որոշակի ինքնուրույնություն տալ: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ դեպքում տվյալ պաշտոնյաները կարող էին համակարգի որոշակի կրողներ դառնալ, եւ նրանց գործոնն ընդհանուր կառավարման համակարգում կկարեւորվեր: Այդ դեպքում ամեն մի պաշտոնանկության դեպքում իշխանական համակարգը որոշակի «կորուստներ» կարող է ունենալ: Իսկ ստեղծված կառուցվածքի հմայքն այն է, որ եթե անգամ ողջ Կառավարությունն էլ փոխվի, ապա կառավարման համակարգի, կամ նույնն է թե՝ իշխանական բուրգի վրա այն որեւէ կերպ չի ազդի, քանի որ բոլորը գիտեն, որ մի քանի օրից հաջորդ կատարողները կնշանակվեն: Այլ կերպ ասած՝ Հայաստանի կառավարման համակարգն այսօր գտնվում է կոլեկտիվ անպատասխանատվության վիճակում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԿՈՒՂԱՐԿԵՆ ԱԺ
Երեկ ՀՀ Կառավարության նիստում հայտարարվեց, որ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծն առաջիկա օրերին կուղարկվի խորհրդրան: 2016թ. պետական բյուջեի նախագծը Կառավարությունն արդեն իսկ հաստատել է: Ըստ այդմ, նախատեսվում է, որ համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով 1 տրիլիոն 183 մլրդ դրամ, ծախսերի գծով 1 տրիլիոն 373,7 մլրդ դրամ, պակասուրդը կկազմի 190,7 մլրդ դրամ: Նշենք, որ ընթացիկ 2015 թվականի համախմբված պետբյուջեն կազմում է 1 տրիլիոն 228,3 միլիարդ դրամ: Այսինքն՝ ՀՀ Կառավարությունն արդեն իսկ ելնում է այն իրողությունից, որ պետբյուջեի մուտքերը եկող տարի եւս քիչ են լինելու: Սա իր հերթին նշանակում է, որ այս տարվա պետբյուջեի պլանի թերակատարումն անխուսափելի է: Մենք նախկինում այս խնդրին մի քանի անգամ անդրադարձել ենք: Մոտավոր հաշվարկներով այս տարվա պետբյուջեն կթերակատարվի 80-ից 100 միլիարդ դրամի չափով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պետբյուջեի նախագիծը նախատեսվում է խորհրդարանում շրջանառության մեջ դնել նոր Սահմանադրության նախագծի քվեարկությունից հետո:

 

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ կհրավիրի: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները քննարկելու են երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգի, մասնավորապես նոր Սահմանադրության նախագծի քվեարկության հարցը: ՀՀԿ-ականների առջեւ խնդիր է դրված, որ ամեն գնով կարողանան հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում իրենց խմբակցության անդամների հարյուր տոկոսանոց ներկայություն ապահովեն: ՀՀԿ-ականների խոսքերով՝ ԳՄ նիստում քննարկվելու է նաեւ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի գլխավոր 70-րդ նստաշրջանում: Իհարկե, այս դեպքում «քննարկում» բառը մի փոքր չափազանցված է, քանի որ այս դեպքում հանրապետական վերնախավի ներկայացուցիչները, յուրաքանչյուրն ըստ իր լեզվի ճարտարության, գովերգելու են իրենց առաջնորդին, նրա հասցեին ձոներ են հյուսելու:

 

ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է Հայաստանի 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամսյա ծրագրի նախագիծը, որտեղ հիմնական զեկուցողը ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանն է: Նախագծով սահմանվում են 2016-2018 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները՝ ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական բնագավառների: Իհարկե, գործնականում ԱՎԾ-ն առանց ծրագրի էլ իր գործը՝ թվանկարչությունը, կատարում է, քայքայվող տնտեսության պարագայում տնտեսական աճ է գրում, ուրիշ էլ ինչ կարող են անել: Բայց, դե, ձեւն է այդպես, ԱԺ-ն պետք է հաստատի պաշտոնական վիճակագիրների ծրագիր: Ի դեպ, ԱԺ պետա-իրավական մշտական հանձնաժողովը եւս այսօր նիստ կգումարի, որի օրակարգում մոտ մեկ տասնյակ նախագծեր են ընդգրկված:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑԻՆ
Կառավարության նիստում երեկ հավանության է արժանացել ««Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Փոփոխությունները ներկայացրած արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել եւ կանոնակարգել քրեակատարողական ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաեւ հատկացված զենքը պահելու եւ կրելու կարգն ու պայմանները:

 

ՄԻԱՅՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՈՒՄ
Հրապարակվել է 2015 թվականի համաշխարհային մրցունակության զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության, ինչպես նաեւ՝ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների գծով: Հայաստանն իր ցուցանիշով աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 88-րդ տեղը եւ գերազանցում է տարածաշրջանի մյուս պետություններին: Վրաստանը ցանկում զբաղեցնում է 116-րդ, իսկ Ադրբեջանը՝ 113-րդ հորիզոնականը:

 

ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով «Դելոիտ ընդ Տուշ» ընկերության եզրակացությանը, ըստ որի՝ էլէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր է, երեկ ասել է. «Ես արդեն կասկածի չէի ենթարկի, որովհետեւ այս ընկերությունը աշխարհի 4 այն ընկերություններից է, որոնք մասնագիտորեն են մոտենում հարցին: Խորհուրդ կտայի հավատալ, որովհետեւ բարձր որակի կարողություններ ունեն»:

 

ԻՆՉՈՒ ԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հստակ հայտարարություն են արել, որում կողմերին կոչ են անում համաձայնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի, ինչպես նաեւ Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը»,- «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ ՀՀ-ն համաձայն է քննարկել այդ մեխանիզմի ստեղծման մանրամասները, մինչդեռ Ադրբեջանը` ոչ: «Իրականությունն այն է, որ նման մեխանիզմ ստեղծելուց հրաժարվելով՝ Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնում սահմանային միջադեպերի եւ հրադադարի խախտման դեպքերի համար»,-ընդգծել է Նալբանդյանը:

 

ՑԱՎԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Տեր-Մերկերյանների ընտանիքին՝ հանրահայտ ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ:

 

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ
Սեպտեմբերի 30-ին Վարշավայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-ների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լեհականը` Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կոնրադ Պավլիկը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ քաղաքական երկխոսության խորացումը եւ միջխորհրդարանական կապերի աշխուժացումը:




Լրահոս