«ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՔՎԵՑԻՆ ՈՒ ՍԿՍԵՑԻՆ ԳՈՌԱԼ` ԱԶԻ՜Զ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով այժմ խաղում է նաեւ «Խոպանի տեսություն» սիթքոմում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ լավ է, երբ հանդիսատեսը, սերիալից ճանաչելով, սիրելով դերասանին, գնում է նաեւ թատրոն` նրա խաղը դիտելու: Անահիտը խոսել է իր կերպարի մասին` անդրադառնալով նաեւ քննադատություններին: Նա պատմել է ընտանիքի մասին` նշելով, որ խիտ գրաֆիկ ունենալով հանդերձ` հասցնում է տան անդամներին ժամանակ հատկացնել:

-Անահի՛տ, վերջին շրջանում Հայաստանում սերիալները կարծես սկսել են իրենց տեղը զիջել սիթքոմներին: Ստացվո՞ւմ է մարդկանց կտրել առօրյա հոգսերից:
-Եթե համեմատենք 3-4 տարի առաջվա հետ, ապա այսօր այո, մեզ մոտ սիթքոմի ժանրը սկսել է ակտիվ կերպով զարգացում ապրել: Կարծում եմ` մեր առօրյայում ծիծաղը շատ կօգնի մարդկանց, եթե մենք կարողանում ենք նրանց հանգստյան օրերը լցնել թեթեւությամբ, դա միայն լավ է:
-«Խոպանի տեսություն»-ում մի քիչ հիմարիկ աղջկա կերպարն, ըստ Ձեզ, ինչո՞վ է գրավում հեռուստադիտողներին:
-«Բանակում» սերիալից հետո երբեւէ չէի պատկերացնում, որ Հայարփիի կերպարն այսքան կարող է տպավորվել մարդկանց մոտ: Հիմա, երբ թատրոնում բեմ եմ բարձրանում, երեխաները միաձայն ասում են` վա՜յ, Հայարփին, այսինքն` նախորդ կերպարներիս «տակ չեմ մնացել»: Ի դեպ, ես չէի ասի, թե Հայարփին հիմարիկ է, վերջերս բացահայտվել են նաեւ նրա խորամանկ կողմերը: Ես կասեի` նա միամիտ է, իսկ միամտությունը միշտ էլ գրավում է մարդկանց: Հիշենք Միստր Բինի կերպարը, որն անընդհատ ընկնում է հիմար իրավիճակների մեջ եւ իր միամտության համար տուժում է: Բայց նա նաեւ սիրվում է, մարդկանց ուրախություն է պարգեւում: Անձամբ ես շատ նամակներ եմ ստանում հեռուստադիտողներից, հատկապես սփյուռքի մեր հայրենակիցներից: Մարդիկ նշում են, որ հաճույքով են հետեւում իմ խաղին:
-Թատրոնի դերասանին հաճախ հիշում են սերիալային կերպարներից. սա լա՞վ է, թե՞ վատ:
-Թատրոնի պատմության մեջ միշտ եղել են դերասաններ, հանուն որոնց հանդիսատեսը եկել է ներկայացում դիտելու եւ հետո նոր միայն սիրահարվել է ներկայացմանը: Այսինքն` եթե դերասանը նպաստում է, որ մարդիկ գան թատրոն, դա միայն լավ է:
-Կա կարծիք, որ լոռեցի աղջկա դերը մի փոքր չափազանցված, երբեմն նաեւ` արհեստական եք խաղում…
-Դա չափազանցություն է. մի խնդիր, որ դրված է իմ առջեւ: Սիթքոմի բոլոր կերպարներն էլ իրականությունից մի փոքր դուրս են, մի քիչ թատրոնային են, սիթքոմում առկա են գրոտեսկային դրվագներ, որոնք ստեղծվել են մարդկանց մոտ ծիծաղ առաջացնելու համար: Որոշ կերպարներ, իհարկե, վերցված են կյանքից, սակայն դրանց նոր գույներ են հաղորդվել: Ամեն դեպքում, ես փորձում եմ շտկել թերություններս, ցանկացած կերպար պետք է որոշակի ճանապարհ անցնի, որպեսզի կարողանա կոփվել:
-Երեխաները, անգամ մեծահասակները, սկսել են Ձեր կերպարի բարբառով խոսել…
-Ես Աբովյան քաղաքում եմ ապրում, մի օր խանութ գնալիս հանդիպեցի 10-15 երեխայի, բոլորը հավաքվեցին, սկսեցին միաձայն գոռալ` ազի՜զ, նրանք եկել, փաթաթվել էին ինձ, այնքան հաճելի էր այդ ամենը: Օրերս էլ մեկը այգում մոտեցավ ինձ, ասաց` մենք ԱՄՆ-ից ենք եկել, երեխաս շոկի մեջ է, չէր պատկերացնում, որ Հայաստան գալով` կհանդիպի Հայարփինն (ծիծաղում է): Իսկ ով ինձ տեսնում է իրական կյանքում, ասում է` Աստված իմ, դու շատ տարբեր ես քո կերպարից, ես էլ ասում եմ, որ դա ընդամենը դեր է, որը ես խաղում եմ…
-Իսկ տանը լոռեցու բարբառով խոսո՞ւմ եք:
-Երբ տուն եմ գալիս, ամուսինս ասում է` մոռացե՞լ ես, որ արդեն տանն ես: Բանն այն է, որ կերպարիս մեջ մտնել-դուրս գալուց հետո խոսակցականում որոշ ելեւէջներ էլի պահպանվում են: Քանի որ «Առավոտը Շանթում» հաղորդման շրջանակներում ուղիղ եթերում եմ լինում, ինձ վրա աշխատում եմ, որ հանկարծ եթերում այդ ելեւէջները չզգացվեն, բայց, իհարկե, կերպարը կերտելուց հետո որոշ շեշտադրություններ էլի մնում են:
-Ձեր երեխաները իրենց մայրիկին էկրանից այն կողմ հետեւո՞ւմ են:
-Տղաս սիթքոմի երգը շատ է սիրում, լավ գիտի, հենց լսում է, ուրախանում է, դե, աղջիկներս էլ մեծ են, բնականաբար, նայում են սիթքոմը` ոչ միայն ինձ տեսնելու համար: Բայց նրանք, առհասարակ, իմ մասին քիչ են արտահայտվում…
-Թատրոն, սերիալ, առավոտյան հաղորդում… Այդքան զբաղված առօրյայում ընտանիքի համար ժամանակ մնո՞ւմ է, տանը Ձեզ ո՞վ է օգնում:
-Իհարկե, ժամանակ մնում է: Չնայած ես միշտ զբաղված եմ, բայց ունեմ ազատ ժամեր եւ այդ ժամերն այնպես եմ բաշխում, որ հասցնում եմ ճաշ էլ եփել, արդուկ էլ անել (ծիծաղում է): Միշտ փորձում եմ լինել երեխաներիս հետ, ի դեպ, դուստրերս արդեն մեծ են ու շատ են օգում ինձ առօրյայում, հատկապես իրենց փոքր եղբորը խնամելու հարցում… Այնպես որ, այդ առումով բախտս շատ է բերել…

 

 

 

 

«ԼԱՎ ՏՂԱ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ԵՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԵԹԵՐՈՒՄ ՉԵՄ»

Հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը, որին հեռուստադիտողները կհիշեն «Երաժշտական խաչմերուկ», «Փողադրամիջոց», «Առավոտ լուսո» եւ այլ հաղորդումներից, նաեւ «Աննա» հեռուստասերիալից, տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հազիվ թե առաջիկայում հանդես գա սեփական նախագծով, բայց եթե լինի հարմար առաջարկ, ինքը կընդունի:

«Նախ` զբաղվածությունս թույլ չի տալիս, բացի այդ` եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ: Օրինակ` առաջարկում են աշխատել այնպիսի հաղորդումների շրջանակներում, որոնց նման նախագծերում նախկինում` պատանի հասակում, հաջողությամբ հանդես եմ եկել, իսկ ես պատասխանում եմ, որ այդ տարիքից վաղուց դուրս եմ եկել: Լինում են նաեւ գովազդային հոլովակներում նկարահանվելու առաջարկներ, որոնք մերժում եմ. նախ` ինձ դրանցում չեմ պատկերացնում, եւ երկրորդ` ինձ համար շատ կարեւոր է տվյալ ապրանքի որակը»,-ասաց նա:
Նշենք, որ Սուրենն ունի կողմնակի աշխատանք. նա իրականացնում է տեխնիկական հսկողություն շինարարության ոլորտում, բացի այդ` վարում է շոուներ. «Այդպիսով պահում եմ կապը իմ եւ հանդիսատեսի միջեւ»:
Խոսելով հայկական հեռուստաեթերի ներկայիս վիճակի մասին` հաղորդավարն անկեղծորեն նշեց, որ կան մի շարք երեւույթներ, որոնք իրեն վիրավորում են եւ ցավ պատճառում: «Երկար տարիներ հեռուստատեսությունում աշխատած մարդ ես, մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ այդ ոլորտում էլ է մոնոպոլիա տիրում: Օրինակ` մի հոգի դառնում է նույն սերիալի ե՛ւ սցենարիստը, ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ գլխավոր դերակատարը: Հաղորդավարին, դերասանին եթե նախկինում վճարում էին, օրինակ` մեկ միլիոն, հիմա տալիս են 100-300 հազար դրամ: Վարկանիշային սիթքոմներ ես նայում օպերատորական ու ռեժիսորական աշխատանքի լուրջ բացթողումներով, եթերում տեսնում ես «վառած կադրեր», որոնք պարզապես չպետք է հեռարձակվեն»:
Սուրենը, սակայն, հույս հայտնեց, որ դաշտը վաղ թե ուշ մաղվելու է.
«Հիմա նայում ես` ինչքան համասեռամոլ կա, եթերում է: Ես լավ տղա հաղորդավար եմ, դրա համար հիմա եթերում չեմ… Ունենք «հեծանիվ դեմքեր», որոնք ձրի են, որքան ուզում են` վարում են… Դե, թող աշխատեն…»,-եզրափակեց Սուրենը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 
ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հովանու ներքո փարիզյան «Ֆոլի¬Բերժեր» հայտնի սրահում կանցկացվի Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հատուկ համերգ: Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 12-ին անցկացվելիք միջոցառումը կրում է «Դու՝ իմ եղբայր» խորագիրը: Իրադարձությանը կմասնակցեն լեգենդար կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը, դաշնակահար, երգիչ Ժիլբեր Մոնտանյը, շանսոնյե Էնրիկո Մասիասը, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր Անդրե Մանուկյանը, դուդուկահար Լեւոն Մինասյանը եւ այլք: Ֆրանսիացի արտիստները կոչ կանեն չմոռանալ այդ ցավալի դեպքերը եւ թույլ չտալ, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա:

 

ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ` ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Անկարայում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Հովհաննես Այվազովսկու «կենդանացած» կտավների ցուցահանդեսի շնորհանդեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Աշխարհահռչակ ծովանկարչի շուրջ 400 կտավներ «կենդանացվել» են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ, որոնք մոդելավորված են ալեբախության ձայներով, ճայերի ճիչերով եւ ուղեկցվում են երաժշտությամբ: Նախագծի նախաձեռնողն ու հովանավորն է դարձել Այվազովսկու ստեղծագործության մեծ երկրպագու, Թուրքիայի խոշորագույն հրատարակչական տներից մեկի՝ Boyut Publishing¬ի տնօրեն Բյուլենթ Օզյուքանը, իսկ ղեկավարը հայտնի կոմպոզիտոր եւ դաշնակահարուհի Անժելիկա Աքբարն է, որը խորհրդային երաժշտական դպրոցի սան Է: Նա ծնվել Է Ղազախստանում, երաժշտական կրթությունը ստացել Է Տաշքենդի կոնսերվատորիայում, այժմ ապրում եւ աշխատում Է Ստամբուլում:
Ցուցահանդեսի շնորհանդեսը տեղի կունենա նաեւ նկարչի հայրենիքում՝ Թեոդոսիայում (հոկտեմբերի 8¬ին), Նյու Յորքում (հոկտեմբերի 15¬ին), Երեւանում (հոկտեմբերի 24¬ին): 2016 թվականի հունվարի 8-ից ցուցահանդեսը վեց ամսով կհանգրվանի Ստամբուլի ծովային թանգարանում: 2017 թվականին, հովանավորչական աջակցության դեպքում, այս ցուցահանդեսը պլանավորվում Է անցկացնել նաեւ Սանկտ Պետերբուրգում:

 

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ` «ՏԱՐՎԱ ԿԻՆ»
Լեդի Գագան Billboard-ի կողմից ճանաչվել է տարվա կին։ Հայտնի երգչուհին պարգեւատրվելու է Women in Music մրցանակաբաշխության ժամանակ՝ 2015-ի դեկտեմբերի 11-ին։ Տարածված մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Գագան յուրօրինակ արտիստ է, որին բնորոշ է քաջությունը, կամքի ուժն ու հոգու կորովը։
Գագան իր ուրախությամբ կիսվել է նաեւ Twitter-ում: Նա գրել է. «Չեմ հավատում, որ Billboard-ը ինձ համարել է «Տարվա կին»։ Ես անչափ շնորհակալ եմ»։




Լրահոս