ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, մեղադրական դատավճիռ է կայացրել՝ Վանաձորի երեք բնակչի դատապարտելով ազատազրկման 12-ական տարի ժամկետով:
Խոսքը Սամվել Դիլոյանի ու Արտակ և Արեն Վերանյանների մասին է, ովքեր մեղադրվում են փաստաբան Սամվել Շարբաթյանին սպանելու և դրան զուգահեռ խուլիգանություն կատարելու մեջ:
Դատարանը հաստատված է համարել, որ Վանաձորի բնակիչներ Արտակ Վերանյանը, Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը 2012թ. նոյեմբերի 17-ին ծանոթացել են Երևանի բնակիչ Սամվել Շարբաթյանի հետ: Վերջինս՝ տեղյակ լինելով, որ Արտակ Վերանյանը համակրում է իր քրոջ դստերը, ցանկություն է հայտնել ծանոթանալու նրա հետ:
Ռեստորանում մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում նրանք եկել են պայմանավորվածության, որ Արտակ Վերանյանը չի անհանգստացնելու աղջկան՝ մինչև որ նրա հայրը դեկտեմբեր ամսվա վերջերին՝ Նոր տարվա կապակցությամբ Հայաստան չվերադառնա:
Հաջորդ օրը կրկին նրանք անձինք հանդիպել են և մի քանի ժամ միասին ճաշել ռեստորանում՝ կրկին Սամվել Շարբաթյանի նախաձեռնությամբ:
Արեն Վերանյանը կարճ ժամանակ նստելով նրանց հետ՝ հեռացել է իր անձնական գործերով:
Armlur.am-ը դատավճիռց տեղեկանում է, որ դատարանը հաստատված է համարել, որ երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում, երբ ճաշկերույթը գրեթե մոտեցել էր ավարտին, տուժողը կրկին անդրադառնալով իրենց նախորդ օրվա պայմանավորվածությանը՝ ասել է, որ կպատժի պայմանը խախտողին և հայհոյել է այդ անձին: Այս առիթով Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը հանդիմանել են փաստաբանին: Խոսակցությունն աստիճանաբար վերածվել է վիճաբանության: Արտակ Վերանյանը, Սամվել Դիլոյանը և Սամվել Շարբաթյանը վիճաբանելով դուրս են եկել ռեստորանի բակ: Վիճաբանության ընթացքում Սամվել Շարբաթյանը ձեռքով հարվածել է Սամվել Դիլոյանի դեմքին ու հայհոյել:
Վերջինս ի պատասխան հարվածել է Սամվել Շարբաթյանի դեմքին ու հայհոյել: Միջամտել է Արտակ Վերանյանը: Սամվել Շարբաթյանը ձեռքով հարվածել է նաև Արտակ Վերանյանի դեմքին ու սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Դիլոյանի ու Վերանյանի հասցեին, այդ թվում՝ նրանց «մայր» է հայհոյել: Վիճաբանությունը վերածվել է փոխադարձ քաշքշուկի ու կռվի:
Դատավճռում ասվում է նաև, որ Սամվել Շարբաթյանի կողմից դրսևորած հակաբարոյական վարքագծի հետևանքով նրանց միջև կռվի ընթացքում հանկարծակի ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ, ամբաստանյալները պահանջել են հայհոյանքները դադարեցնել, սակայն Սամվել Շարբաթյանը շարունակել է հայհոյել, նաև նրանց ծնողների հասցեին, նրան լռեցնելու նպատակով Արտակ Վերանյանը և Սամվել Դիլոյանը շարունակել են հարվածներ հասցնել Սամվել Շարբաթյանի մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում Սամվել Շարբաթյանի դիմադրությունն ի վերջո կոտրվել է, ու նա տապալվել է գետնին:
Ըստ դատարանի՝ կռվի ընթացքում Արտակ Վերանյանը Սամվել Շարբաթյանի ձեռքից խլելով օդամղիչ ատրճանակը՝ վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շեշտակի հարվածել է նրա գլխի:
Օգնության հասած ականատես վկան՝ դուրս գալով ռեստորանի բակ և տեսնելով, որ Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցնում գետնին ընկած Ս. Շարբաթյանին, մոտեցել է կռվողներին, մի կողմ է քաշել Սամվել Դիլոյանին ու տեսել, որ Արտակ Վերանյանն ընկած է Ս. Շարբաթյանի վրա:
Այդ ժամանակ անգամ Սամվել Դիլոյանը ոչ միայն չի հորդորել Արտակ Վերանյանին դադարեցնել կռիվը, այլ գոռացել է. «Խփեք դրան, սատկացրեք»: Ի վերջո հիշյալ վկայի միջամտությամբ կռիվը դադարել է, Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը թողնելով արդեն իսկ անգիտակից վիճակում գետնին ընկած Ս. Շարբաթյանին՝ նստել են ռեստորան վերադարձած Արեն Վերանյանի վարած ավտոմեքենան և հեռացել: Նրանց հեռանալուց հետո անգիտակից վիճակում գտնվող Ս. Շարբաթյանին տեղափոխել են ռեստորանի սենյակներից մեկը, շտապօգնություն կանչել, սակայն Սամվել Շարբաթյանն այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Արտակ Վերանյանի պատճառաբանությունն այն մասին, թե իրենից բացի որևէ մեկը Սամվել Շարբաթյանի հետ չի կռվել, նրան չի հարվածել, իրականությանը չի համապատասխանում:
Հիմնավոր չէ նաև Արտակ Վերանյանի պատճառաբանությունն այն մասին, թե ինքը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությա՛մբ չի հարվածել Ս. Շարբաթյանի գլխին: Դրա մասին է վկայում Արտակ Վերանյանի կողմից Սամվել Շարբաթյանի գլխին՝ մասնավորապես քթարմատի շրջանում հասցված շեշտակի հարվածի տեղակայումը, հարվածի ուժգնությունը: Արտակ Վերանյանը պարտավոր էր և կարող էր գիտակցել իր գործողությունների, իր կողմից հասցված հարվածի հնարավոր հետևանքը՝ Սամվել Շարբաթյանի մահվան առաջացումը, գիտակցելով դա՝ թույլ է տվել դրա առաջացումը:
Գործով հաստատվել է, որ բուն կռիվը սկսվել է այն ժամանակ, երբ Ս. Շարբաթյանը առանց հիմնավոր պատճառի ձեռքով հարվածել է Դիլոյանի դեմքին ու հայհոյել:
Արտակ Վերանյանի, Արեն Վերանյանի և Սամվել Դիլոյանի ցուցմունքներն այն մասին, թե երբ իրենք հեռանում էին ռեստորանից, Ս. Շարբաթյանը դեռևս ոտքի վրա էր ու շարունակում էր հայհոյանքներ տալ, իրականությանը չի համապատասխանում:
Դատարանը որպես Արտակ Վերանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել նրա կողմից կատարածի համար զղջալը, մեղայականով ներկայանալը, մասնակի խոստովանական ցուցմունքներ տալը, դատված չլինելը, հանցանքի կատարումը տուժողի հակաօրինական և հակաբարոյական վարքագծով պայմանավորված լինելը:
Սամվել Դիլոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է այն, որ նա նախկինում դատված չի եղել, հանցանքի կատարումը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական և հակաբարոյական վարքագծով:
Երկու ամբաստանյալների դեպքում էլ դատարանը որպես նրանց պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Ի դեպ, մինչ դատաքննության ավարտը՝ 28.07.2015թ. դատական նիստում մեղադրողներ Արթուր Երիցյանը և Պետրոս Մարտիրոսյանը հրաժարվել են Արեն Վերանյանին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, Արտակ Վերանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն, Սամվել Դիլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից:
Ուստի ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. հուլիսի 27-ի դատավճռով Արեն Վերանյանը ճանաչվել և հռչակվել է անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է , և Արեն Վերանյանը անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում:
Արտակ Վերանյանը ճանաչվել և հռչակվել է անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Սամվել Դիլոյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով և մեղադրանքի այդ մասով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Գործի քննությունը Արտակ Վերանյանի և Սամվել Դիլոյանի մասով շարունակվել է, նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: