“Ժառանգություն” կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հերքում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը և ափսոսանք հայտնում, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը իր խոսքով՝ “ապատեղեկատվութուն է տարածում”:
Tert .am-ի հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանը մանրամասնեց. “Առաջարկ իրոք եղել է՝ միջնորդավորված, գործող նախագահի աշխատակազմի ղեկավարի միջոցով: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել այդ առաջարկը, այլ ընդամենը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ազատության հրապարակում, ուր հացադուլի մեջ է գտնվում երեկոյան 18. 30-ից հետո”:
Հիշեցնենք, որ Panorama .am-ի հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն ասել էր, որ “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է հանդիպելու և հետընտրական գործընթացները քննարկելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջարկը, և մանրամասնել. “Գիտե՞ք, երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը”:
Հովսեփ Խուրշուդյանից ճշգրտեցինք նաև, թե առաջարկը եղել է հարահավաքից առա՞ջ, թե հետո, պատասխանեց, որ հետո:
Նա հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև երեկվա իր հացադուլ սկսելու հայտարարությունը ասում էր, որ պատրաստ է ցանկացած վայրում հանիպել Սերժ Սարգսյանի հետ և լսել նրա հակընդդեմ առաջարկները՝ քաղաքական ճգնաժամի լուծման ուղղությամբ, սակայն նման առաջարկ մինչև հացադուլի իր հայտարարությունը չէր եղել: