Վիճաբանություն Սահմանադրական դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանն այսօր ՍԴ-ում, ներկայացնելով իրենց դիմումը և փետրվարի 18-ին տեղի ունեցած խախտումներն ու կեղծիքները, նշեց, որ ԿԸՀ-ն ընտրություններին արձանագրել է 71.1 տոկոս մասնակցություն, որն անհավանական թիվ է. “Սրանով ակնհայտ է, որ տեղի է ունեցել լցոնում”:
Կարեն Մեջլումյանը հայտարարեց նաև, որ նախագահի ընտրությունների արդյունքներն այսպիսով արժանահավատ չեն, սակայն դա դեռ ամենը չէ: Փաստաբանը մոտ մեկ ժամ ներկայացրեց դիմումում ներառված բոլոր խախտումները, իսկ ապա՝ բարձրագույն դատարանից խնդրեց բավարարել իրենց դիմումը:
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը բազմաթիվ հարցեր ուղղեց պարոն Մեջլումյանին: Երբ Գագիկ Հարությունյանը նկատեց այդ, պարոն Թոխյանը պատճառաբանեց. “Ես ուզում եմ հասկանալ, թե ինչով ենք զբաղվում այստեղ, քանի որ լիազոր ներկայացուցչի վկայակոչած Վարչական դատարանը իրենց հուզող բոլոր հարցերի պատասխան տվել է, իսկ մենք այդ հարցերը չենք քննարկում: ՍԴ-ն չի քննում Վարչական դատարանի որոշումների սահմանադրականությունը”:
ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանի հարցը Կարեն Մեջլումյանին վերաբերում էր նրան, թե ինչպես է պարոն Հովհաննիսյանը գնահատում իր 1009 վստահված անձանց արդյունավետությունը փետրվարի 18-ին: ” Նորմալ, տարբեր իրավիճակներ են եղել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ճնշումներ են եղել: Որտեղ հնարավորություն է եղել, արդյունքները երևում են, որոնք վկայում են, որ պարոն Հովհաննիսյանը հաղթել է”,- հայտարարեց Կարեն Մեջլումյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր մյուս ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն հայտարարեց, որ որևիցե արդյունավետ մեխանիզմ չի գործել իրենց կողմից փաստարկված բողոքների վերաբերյալ. “Անվավեր ճանաչելու մասին մեր դիմումները մի շարք ընտրատարածքներ չէին ցանկանում անգամ վերցնել, մենք հետագայում քննարկելու ենք նաև ԿԸՀ անգործությունը: Բազմաթիվ դիտորդական առաքելություններ ևս դիմումներ են ներկայացրել, որոնցից որևիցե մեկին պատշաճ ձևով ընթացք չի տրվել: Դրա համար ուղղակի ծիծաղելի անընդհատ մեջբերել վստահված անձանց՝ այդ համատարած բռնությունների պարագայում”:
Տիկին Փոստանջյանը նաև նշեց, որ իրենց թեկնածուն չի կարող լինել միաժամանակ իրավապահ մարմնի ներկայացուցիչ, և նաև մասշտաբային դիմումներ ներկայացնել բոլոր ընտրատարածքների համար, բացի այդ՝ միաժամանակ գնար Կապան, միևնույն ժամանակ լինել Գորիսում և Երևանում ու ներկայացներ անվավերության մասին դիմումներ: Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող ունենալ 1988 փաստաբան՝ նման հարցերով զբաղվելու համար, նա Սերժ Սարգսյանը չէ, որ ունենա վարչական բոլոր լծակներըե:
Զարուհի Փոստանջյանի արձագանքը վերաբերում էր ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի այն հարցին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք իրենք չեն զբաղվել տեղում արձանագրված խախտումներով: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կոչ արեց տիկին Փոստանջյանին չշեղվել բուն թեմայից: Սա բարկացրեց Ֆելիքս Թոխյանին և փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցը Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչներին վերաբերում էր նրանց վկայակոչած Սերժ Սարգսյանի՝ նախկին թեկնածու լինելու հանգամանքին. “ՍԴ կանոնակարգով բարձրագույն դատարան կարող են դիմել ներկա, այլ ոչ թե նախկին թեկնածուները, այդ դեպքում ինչու եք եկել այստեղ ու քննում դիմում, քանի որ թե Սերժ Սարգսյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը նախկին թեկնածուներ են”: Տիգրան Մուկուչյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչների միջև վիճաբանություն եղավ: Այս մասին հայտնում է a1plus-ը:




Լրահոս